Ներկայացում` 2 հանճարեղ աճպարարների մասնակցությամբ

Եթե մութ սենյակում սեւ կատու բռնելու ցանկությունն այնքան մեծ է, որ չենք կարողանում հրաժարվել այդ անմիտ զբաղմունքից, ապա եկեք շարունակենք Սերժ Սարգսյանին հակադրել Կարեն Կարապետյանին կամ` հակառակը: Չհոգնեցի՞ք:

Իսկապես, շատ հետաքրքիր է մարդ արարածը, իսկ «յանը տարած» վերլուծաբաններից էլ Աստված հեռու տանի: Իսկապես, ինձ համար անհասկանալի է, թե ով է այդ վերլուծաբաններին եւ հրապարակագիրներին դրդում հատուկ հոդվածներ գրել այն մասին, որ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը հակառակորդներ են, ավելի մեղմ ասած` մրցակիցներ ՀՀ ապագա վարչապետի պաշտոնի համար մրցավազքում: Ու քանի որ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ Կարեն Կարապետյանը անհանգիստ շարժումներ չեն անում, մեր վերլուծաբաններն ընկել են պայծառատեսության գիրկը, թե բա չես ասի` ՀՀԿ-ական այսինչը ոչինչ չասաց Սերժ Սարգսյանի ապագա վարչապետության մասին, իսկ այսինչը գրեթե բացահայտեց, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ: Լավ, հետո՞: Հայաստանում 300 հազար ՀՀԿ-ական կա, բոլորին հարցնե՞նք, թե ինչ է մտադիր անել Սերժ Սարգսյանը, եւ կամ ինչ է անում ՀՀԿ-ն, որ հենց Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ:

Մենք մեզ քամուն տված՝ առաջ ենք ընկել ու չենք էլ նկատում, որ այդ մենք, այո, մենք ենք մեզ համոզում, որ Սերժ Սարգսյանն է դառնալու վարչապետ: Մեզ ոչ ոք չի ստիպել, մենք ընդամենը ենթադրում ենք, բայց այնքան խորը, որ մեզ թվում է, թե ճշմարտության ակունքում ենք:

Մի խայտառակ վերլուծություն կարդացի այն մասին, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի Կարեն Կարապետյանի կառավարությունը, Կարեն Կարապետյանն էլ՝ հետը, խայտառակ լինեն, ու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն այլեւս ոչինչ չխանգարի: Յաաա… Մտածում եմ` այդ երբվանի՞ց կառավարությունը դարձավ Կարեն Կարապետյանինը, ու Սերժ Սարգսյանը չիմացավ այդ մասին, եւ հիմա նոր քնից զարթնել, ՀՀԿ-ին կարգադրել է վատաբանել Կարեն Կարապետյանի կառավարությանը: Ծիծաղելի՞ է: Իհարկե:

Երբ մարդն իր անձնական կարծիքը դնում է փաստերից առաջ, կարելի է լուրջ հետեւություններ անել այդ մարդկանց հոգեկան վիճակի մասին: Օրինակ, ինչպե՞ս կարելի է անտեսել այն փաստը, որ Կարեն Կարապետյանին Հայաստանում վարչապետ նշանակեց, ապա ՀՀԿ շարքերն անցկացրեց Սերժ Սարգսյանը: Բայց հետեւեք այսօրվա վերլուծություններին ու կտեսնեք, որ այս կարճ ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանը լրիվ հակառակ կուրս է վերցրել ու սկսել պայքարը Կարեն Կարապետյանի դեմ: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ երբ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին նշանակում էր ՀՀ վարչապետ, իր գլխի գալիքը դեռ չգիտեր: Երեւի կասեք` Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին այնքան էլ լավ չէր ճանաչում ու վարչապետ նշանակեց, այսպես ասենք, 50-50-ով` կա՛մ կստացվի, կա՛մ չի ստացվի նրան «հաղթել»:

Իսկ ի՞նչ երազանքներով Կարեն Կարապետյանը համաձայնեց ստանձնել վարչապետի պաշտոնը: Երեւի նա էլ գիտեր, որ 1-1.5 տարի հետո ստիպված է լինելու «ճակատամարտ» տալ Սերժ Սարգսյանին ու նրանից «խլել» վարչապետի պաշտոնը: Դա, կներեք, շատ նման է ռազմաճակատի առաջին գիծ գնալուն, ինչը, սովորաբար, կյանքում ամեն ինչի հասած մարդիկ դժկամությամբ են անում կամ չեն անում ընդհանրապես, եթե կամավորության սկզբունքին է թողնվում հարցը:

Հայերին որեւէ բան համոզելն իսկապես դժվար գործ է: Կարեն Կարապետյանն էլ թարսի նման երկու օրով մեկնել է Մոսկվա: Դե եկ ու հանրային խոսքի մեր վարպետներին համոզիր, որ դա էն դեպքը չէ, բայց եթե պնդում եք, որ Մոսկվայից «դաբրո» ստանալն է նպատակը, ապա գոնե բարի եղեք ասել, թե ինչու էիք 24 ժամ առաջ նույն համոզվածությամբ հոդված գրում, որ Սերժ Սարգսյանը լուծել է իր հավերժության հետ կապված բոլոր հարցերը: Ու մեկ էլ հանկարծ չասեք, որ Սերժ Սարգսյանն այդ Մոսկվայի ու մանավանդ այն դռների տեղը չգիտի, որտեղից, սովորաբար, ստացվում են դաբրոները:

Բոլորս էլ հասկանում ենք, որ վերջում լինելու է այն, ինչ լինելու է: Անձամբ ինձ թվում է, որ միակ սցենարը, որը կսկսի խաղարկվել ապրիլի 9-ից հետո, խնամքով թաքցված է մի կողմի վրա, իսկ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն ուղղակի վիրտուոզ խաղ են ցուցադրում, ճիշտ` բեմում հայտնված երկու աճպարարների պես, որոնք անընդհատ քեզ ստիպում են աչքերդ չորս անել ու հաճույք ստանալ խաբվելուց:

Նրանք, ովքեր այս գրությունս կընկալեն որպես ճնշման փորձ կամ իրենց լուրջ կարծիքի վրա բռնություն, կարող են ազատ լինել եւ մինչեւ վերջին օրը փորձել բռնել հայտնի կատվին հայտնի սենյակում: Ի՞նչ կա որ, մեկ էլ տեսար` ստացվեց: Մյուս կողմից էլ՝ բացառված չէ, որ երկու հանճարեղ խաղացողներից մեկի նյարդերն անսպասելի տեղի տան, ու նա սկսի անհանգիստ շարժումներ անել:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X