Չարենցն ասեց՝ գյադեք, բա որ ասում էի՝ սարերից է գալու (լուսանկարներ)

>

ՄԱՍ 1-ԻՆ

ՄԱՍ 2-ՐԴ

Մեր ընթերցողներին սիրով շարունակում ենք ներկայացնել մեծանուն հայ բանաստեղծ Համո Սահյանի որդու՝ «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրի Սահյանի հուշերը, որոնք այսօր արդեն բացառիկ են իրենց նշանակությամբ ու արժեքով։

Պապան պատերազմից հետո վերադարձել՝ մամային է հանդիպել։ Այդ ժամանակ Բաքվում երիտասարդ գրողների հանդիպում է եղել, Չարենցն էլ է եղել, ու երբ պապան կարդացել է իր բանաստեղծությունը, Չարենցն առանձին ասել է՝ բերեք իմ մոտ, հետո շուռ է եկել դեպի ներկաներն ու ասել՝ գյադեք, բա որ ասում էի՝ սարերից է գալու... Սա է կանաչ ճանապարհը։

Սահյանի բանաստեղծությունների տողատակերում ավելի շատ բան կա, քան թվում է առաջին հայացքից։ Պիտի անպայման տողատակը նայես, առանց դրա անհնար է․ ասենք՝ մասուրի մասին է գրում, բայց դա մարդն է, մասուրը չի։ Դա մեր ժողովուրդն է, մեր պատմությունը, ճակատագրերը։ Ցավոք, սա բոլորին հասանելի չէ, որովհետեւ ամեն մեկին հասնում է իր հոգեւոր զարգացվածության աստիճանի չափով։ Ասենք՝ բարդին է հիշել իրենց գյուղի ճանապարհին, ու բարդին դառնում է արդեն հայրենիքը ու ոչ միայն իր, այլ բոլորի հայրենիքը։ Մի բանաստեղծություն ունի, որ կածանը դառնում է քո պապերի ճանապարհը, նրանց ոտնահետքերը։ Ամեն մի քար դա եկեղեցի է Սահյանի պոեզիայում, ամեն մի բանաստեղծություն՝ աղոթք։ Չնայած ինքը շատ հասանելի է գրում, բայց նրա պոեզիայի գնահատականը դեռ հասունացած չէ։ Եվ ինչ գնահատական էլ տրվել է մինչ այս, դեռ ավելին է լինելու։

Պապայի ընտրանին որ կազմեցի, շատ հայտնի բանաստեղծությունները չներառեցի, որովհետեւ մարդիկ դրանք արդեն գիտեն, ընկալում են, իսկ ես ուզում էի ցույց տալ, որ դրանցից բացի այսպիսի Սահյան էլ կա, սա էլ կարդացեք, հասկացեք։ Ես էլ երբեմն կարդում, անցնում եմ, մեկ էլ, որ չեմ վերադառնում նորից կարդում, խելագարվում եմ, ասում եմ՝ էս մարդն էս ինչ է արել, ու զգում եմ՝ երեւի արդեն հասունացել եմ, որ այդ բանաստեղծությունն ինձ լիովին հասնի։

Իր բանաստեղծությունները միշտ կարդում էր մամայիս համար, երբեմն էլ՝ մեզ համար։ Բայց ամենից լավ ինքն էր կարդում՝ ձայնագրությունները կան։ Դա պետք է լսեիր, այդ էներգիան, աուրան խելագարվելու բան էր, պետք է նաեւ դրան դիմանայիր։ Իսկ ես շատ չէի դիմանում, մեկ-երկու հատ, ու արդեն ուզում էի դուրս գալ, խելագարվում էի, ի վերջո՝ դա այդքան հաճելի չէր, չէիր դիմանում։ Անգամ իր սենյակն առանձնահատուկ աուրա ուներ, մտնում էի՝ քունս տանում էր։ Ես երբեք ոչ մի տեղ այդքան հանգիստ չեմ քնել, որքան պապայի սենյակում։ Իր ներկայությունը միշտ այդտեղ կար, եթե անգամ բացակա էր։

Դժվար մանկություն է ունեցել, 13 տարեկանում հայրը կանչել է իրեն ու ասել՝ արդեն մեծ ես, գնա քեզ պահի։ Բան չունեին ուտելու, պիտի փոքրերին պահեին։ Պապիկիս եղբայրը Բաքվում էր ապրում, ու պապան ճանապարհ է ընկել դեպի Բաքու։ Մայրը ճանապարհել է որդուն՝ հետը մի կտոր հաց, պանիր դրել։ Ասում է՝ երբ ոտքով հասա գյուղի ծայրը, մորս գոռոցն ու լացը լսեցի։ Իսկ Բաքվում ի՞նչ պիտի աներ՝ չարքաշ բանվորի աշխատանք։ Այդ ժամանակ ջահել տղա է եղել, քաղաքի տղերքն ասել են՝ արի նակոլկա անենք, ու պապայի աջ ձեռքին «Վիկտորիա» բառն են «ծեծել», բայց «Վիկտորիան» գրել են ռուսերենով ու սխալ՝ առանց ի-ի։ Չգիտեմ ինչի հենց «Վիկտորիա», բայց դա ամբողջ կյանքում այդպես էլ մնաց։ Ասում էր՝ լավ, այդ հիմարները հետքը թողեցին, բայց գոնե ճիշտ գրեին։

2 անգամ է ինձ ապտակել։ Հիշում եմ՝ մի անգամ, երբ փոքր երեխա էի, գյուղում էշի հետ այնպես էի վերաբերվում, ոնց որ մեքենա լիներ տակս, խփում էի, ուզում էի արագ վազեր։ Պապան այդ պահը տեսավ, որ փայտով խփեցի էշին, կանգնացրեց ինձ ու ապտակեց։ Ծանր ձեռք ուներ, միանգամից ընկա, վախեցած ասեցի՝ պապ, ինչի՞ խփեցիր, ասեց՝ բա դու էշին ինչի՞ խփեցիր, ասեցի՝ դե էշ է, ասեց՝ էշը դու ես, նա աշխատող կենդանի է, առանց էս կենդանիների մարդը չի կարող ապրի, մենք սրանցով ենք ապրել։

Շատ զուսպ մարդ էր, որ ասեմ՝ մեզ հետ ընկեր է եղել՝ չէ, հայր էր։ Իր աշխարհը միայն իր աշխարհն էր, այդտեղ մտնելը շատ դժվար էր, չգիտեմ ով պիտի լինեիր, որ արժանանայիր դրան։ Լռում էր, բայց դա մեզ համար այնքա՜ն թանկ էր։

Բնությունը Սահյանի համար ամեն ինչ էր, կարեւորը քաղաքից, Երեւանից մի քիչ հեռու լիներ, որտեղ մենակ ինքը լիներ։ Հիշում եմ՝ մի անգամ եկա տեսա մի տեսակ է, ասեցի՝ պապ, ի՞նչ է եղել, ասեց՝ խեղդվում եմ։ Հագնվեցինք, գնացինք Միսխանա, անտառի մոտ իջանք, նայեց ասեց՝ էս ինչ են արել էս խեղճ անտառը, փոշու մեջ խեղդվում է։ Զգացի, որ վատացավ։ Տարա Գեղարդ, եկեղեցի չհասած՝ մեքենան կանգնեցրի, իջանք ձորը, հրաշք տեսարան, մի հատ նայեց վերեւ, այդ քերծերին, մեկ էլ տեսա՝ դեմքը փոխվեց, երիտասարդացավ, ասեց՝ էն մասրենին տեսնո՞ւմ ես, որ քարից բռնված՝ ներքեւ է աճել, արմատները՝ վերեւ, մարդ կա՝ այդպես է ապրում, կյանքից կառչած՝ այդ մասրենու նման։ Բնության մեջ միշտ փոխվում էր, ուրիշ մարդ էր դառնում։ Եթե տանն էր, էլի մտքով այնտեղ էր՝ իր հայրենի եզերքներում։ Մի անգամ մտա, բան էի ուզում հարցնել, ասեցի՝ պապ, հո վատ չե՞ս, ասեց՝ չէ, ուղղակի այստեղ չէի։ Մեկ-մեկ նեղանում էի, ասում էի՝ իր որդին եմ, բայց հետս չի խոսում, արհամարհում է։ Մի օր բացատրեց, ասեց՝ մարմինս այստեղ է, բայց ես այստեղ չեմ, մի նեղացեք։ Այդ օրվանից արդեն գիտեինք իր լռության պատճառը։

Չար երեխա էի, անընդհատ ծնող էին կանչում, ինքն էլ չէր գալիս դպրոց, մաման ասում էր՝ ամաչում եմ, Համո, մի օր դու գնա, որ սրա խելքը գա գլուխը։ «ԿինոԵրեւանի» մոտ էինք ապրում, մի օր էլի ծնող էին կանչել, մաման նորից պապային խնդրեց, թե՝ Համո ջան, լավ, էլի, գնա, պապան համաձայնվեց, հագնվեցինք, ձեռքս բռնեց, ու գնացինք։ Այդ ժամանակ «Ռոսիայի» տեղը կոլխոզշուկան էր, որտեղ համբալներն էին կանգնում՝ փայտե սայլերով։ Նրանց մեջ Յուսուպ անունով մի հսկա եզդի կար, պապան ասեց՝ Յուսուպ, որ մի մեծ պահարան տամ, դնես մեջքիդ ու տանես մինչեւ կայարան, ինչքա՞ն կուզես, ասեց՝ ուստա ջան, 10 մանեթ, պապան ասեց՝ առ քեզ 10 մանեթ, էս երեխու ձեռքից բռնի ու գնա իր դպրոց, իսկ քո փալանը տուր՝ ես կպահեմ։ Ինչ կասեն՝ կլսես, մի հատ սրա վրա կգոռաս, կջղայնանաս, վեր կկենաս կգաս, էլի փող կտամ։ Եկանք դպրոց։ Հենց ասեցի պապան է, դասատուները հարձակվեցին՝ է՛լ ապակին եմ ջարդել, է՛լ գնդակով խփել եմ Գագիկի գլխին, է՛լ թանաքը թափել եմ սրա վրա։ Յուսուպը զարմացած լսեց, հետո ինձ հարցրեց՝ սենց բան արե՞լ ես, արա, ասեցի՝ դե, պապ ջան…, մեկ էլ որ չապտակեց, դրանից հետո էլ բան չեմ հիշում։ Աչքերս բացեցի՝ տեսա սպիտակ խալաթներով ինչ-որ մարդիկ են, շտապօգնություն է եկել, ինձ օգնություն են ցուցաբերում, Յուսուպն էլ, տեսնեմ, դպրոցի տնօրենին է ծեծում։ Ի վերջո, պապան իմացավ կատարվածի մասին ու արդեն ինքը եկավ դպրոց, ասել էին՝ էդ վայրենին ո՞վ էր, պապան էլ ցույց էր տվել, թե տեղյակ չէ։

Մի օր էլ Հակոբ Հակոբյանի բանաստեղծությունը չէի սովորել, դասատուն փոխանակ երկուս դներ, սկսեց բղավել, թե դու գոնե պետք է սովորես, դու իրավունք չունես, գնա ծնողիդ կանչի։ Իսկ կանչում էին, որ պապայի հետ շփվեն, եկա պապային ասեցի, ասեց՝ ո՞րն էր, ասեցի՝ Հակոբ Հակոբյան, ասեց՝ լավ ես արել։ Վերջը վեր կացանք գնացինք, պապան ասեց՝ ամոթ չե՞ս անում, իմ երեխուն ստիպում ես Հակոբ Հակոբյան սովորի։

Մի առիթով հյուր էինք Հրաչյա Ներսիսյանի տանը, ես մինչեւ հիմա հիշում եմ նրա աչքերն ու խելագարվում։ Սեղանի շուրջ Ներսիսյանն ասեց՝ քանի՞ երանգով կարելի է ասել «какое чудо», մեկն ասեց՝ 3, մյուսը՝ 5, բայց ինքը 12 երանգով ասեց դա, ու ամեն ասելու հետ դեմքը փոխվում էր։ Սրանք այն մարդիկ են, որոնց մատով կպնելով՝ դու էլ ես սրբանում։ Մարդիկ կան, գալիս ասում են՝ բարեւ ձեզ, պարոն Սահյան կարելի՞ է, ասում եմ՝ ինչո՞վ կարող եմ օգնել, ասում են՝ ուղղակի Ձեզ հետ ուզում եմ շփվեմ ու գնամ։ Կարմրում եմ։ Շփվում է, որովհետեւ Համո Սահյանի որդին եմ։ Ժողովուրդներ կան, որոնց տրված չեն նման մեծություններ, բայց ստեղծում են, հնարում, որ ունենան, խոնարհվեն, պաշտեն։ Մենք ունեցածը ջարդուխուրդ ենք անում, գցում ենք մի կողմ ու արժեզրկում։ Չի կարելի այդպես։

Պատրաստեց Սոնա ԱԴԱՄՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրեց Նաիրի ՍԱՀՅԱՆԸ

Մեկնաբանություն
X