Սահյանն անճանաչելի էր, երբ իմացավ Սեւակի մահվան մասին․ չէր ուտում, հայհոյում էր, լաց էր լինում (լուսանկարներ)

>

Մեր ընթերցողներին սիրով ներկայացնում ենք մեծանուն հայ բանաստեղծ Համո Սահյանի որդու՝ «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրի Սահյանի հուշերը, որոնք այսօր արդեն բացառիկ են իրենց նշանակությամբ ու արժեքով։

(Մաս 1-ին)

Երբ 60թ․-ին տեղափոխվեցինք Կասյան փողոցի վրայի բնակարան, դա երեւի թե պապայի ամենաեռուն ստեղծագործական շրջանն էր։ Իր ամենահասուն բանաստեղծությունները հենց այդ տանն է գրել։ Առանձնասենյակ ուներ, հենց մտնում էր աշխատելու, ձայն չպետք է հանեինք: Բայց քանի որ ամաչկոտ մարդ էր, ամաչում էր մեզ մի բան ասել: Ասում էր՝ Մանուշակ, երեխաներին ասա չաղմկեն, որովհետեւ միտքս որ գնում է, հետո էլ չեմ կարողանում բռնել։ Իսկ դա նշանակում էր, որ պետք է լռենք ու իրեն ծխախոտ հասցնենք, որովհետեւ ծխում էր մեկը մյուսի հետեւից։ Այդ ընթացքում հասցնում էինք միայն դուռը կամաց բացել, ուտելու մի բան դնել եւ հեռանալ։ Լինում էր, որ 10-12 օրով դուրս չէր գալիս սենյակից, բայց երբ դուրս էր գալիս՝ բաց, պարզ, պայծառ ճակատով, պարտքը տված մարդու դեմքով ու բանաստեղծությունների մի շարքով, որ թերթերում միանգամից մեծ արձագանք էր ստանում։ Երբ տատիկս՝ մամայիս մաման գալիս էր, ջղայնանում էր, թե՝ էսպես չի կարելի, էս մարդուն փակել եք, կալանավորել, մի բան տվեք ուտի։ Մաման ասում էր՝ մի խանգարի, իր համար ամենակարեւորը դա է, բայց մեկ է՝ տատիկս զոռով հաց, կաթ էր տանում, ու պապան արդեն իրեն չէր կարողանում մերժել։

Հետո պապան հետաքրքիր աշխատաոճ ուներ, ոտքի վրա էր գրում, մի տողը գալիս էր, կրկնում էր, հետո՝ երկրորդը, երրորդը, ու երբ արդեն բանաստեղծությունը պատրաստ էր, հանձնում էր թղթին։ Արխիվ չի պահել, մաման ինչ սեղանից փախցրել է, կարողացել ենք պահել, եթե՝ չէ, պատռում գցում էր։ Չէր սիրում այն մարդկանց, ովքեր իրենց մասին փաստաթղթեր էին հավաքում, հուշեր գրում, որպեսզի մնա իրենցից հետո։ Իր դեպքում այլ էր՝ բանաստեղծությունը գրվեց, տպագրվեց, ձեռագիրն արդեն էլ չկար։ Իր համար կարեւորն այն էր, որ տվեց ժողովրդին։ Միշտ ասում էր՝ իմ բանաստեղծություններն իմ երեխաների նման են, որովհետեւ իմ զգացմունքն է, իմ սրտից եկած, իմ տառապանքից ծնված, բայց երբ փոխանցում եմ՝ էլ իմը չի։ Ու միշտ ասում էր՝ թեկուզ մեկին էլ դա պետք լինի, ինչ-որ մեկն այդտեղ մի բան գտնի, ուրեմն ես ժամանակ չեմ կորցրել։ Նա իսկապես ապրել է իր ժողովրդի համար, սա ոչ թե պաթոսով խոսակցություն է, այլ իրականություն, իր համար գերագույն պարտքը արվեստն էր։ Միշտ ասում էր՝ ես ուզում եմ պարտքս տված գնամ, բնությունն ինչ որ ինձ տվել է, վերադարձնեմ ու գնամ, որ հանկարծ պարտք չմնամ։

Շատ համեստ, ամաչկոտ մարդ էր, երբեք ինքն իր մասին չէր սիրում խոսել։ Բայց Աստված չանի, որ անարդար կպնում էին իր ընկերներին։ Ես տեսել եմ պապայի պայթելը, երբ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատունը» չէին տպագրում։ Հիմնականում պապան արեց, որ տպագրվեց, ու սկսած Կենտկոմի առաջին քարտուղարներից, երբ ընկել էին Պարույրի հետեւից, պապան սարի պես կանգնած էր։

70-ականներին, երբ պապան «Գրական թերթի» խմբագիրն էր, ինչ-որ մարդիկ ադրբեջանական մի թերթ են բերում, որտեղ տպագրված է լինում իբրեւ թե հին Ադրբեջանի քարտեզը, ուր Հայաստանը ներկայացված է լինում Ադրբեջանի կազմում։ Պապան, առանց ոչ մեկի ասելու, «Գրական թերթում» տպագրում է հին Հայաստանի ծովից ծով քարտեզը, ու դա՝ Սովետի ժամանակ։ ԿԳԲ-ն ու Կենտկոմը դա իմանում են այն ժամանակ, երբ տպաքանակի կեսն արդեն լույս էր տեսել։ Պապան, հասկանալով, թե իրեն ինչ է սպասվում, մեզ ասում է՝ հեռախոսի մոտ ինձ չկանչեք, մարդ էլ որ գա, դուռը չբացեք, թող թերթն ամբողջ տպաքանակով դուրս գա, նոր ինձ բռնեն։ Թերթը տպագրվում է, ու հաջորդ օրը նրան կանչում են Կենտկոմ։ Տնից դուրս գալուց իր հետ վերցնում է անձնագիրը, գրողների միության վկայականը, կուստոմսը ու մամային ասում, որ եթե չգամ, երեխաներին կհանգստացնես, ինչ որ է, ես գիտեմ ինչի համար եմ գնում։ Ի վերջո, պապան գնում է, մտնում առաջին քարտուղարի մոտ, սա որ ուզում է ձայնը բարձրացնի, պապան ասում է՝ չհամարձակվես, գրպանից հանում է այդ փաստաթղթերն ու ասում՝ սա այն ամենն է, որ ինձ տվել եք, վերադարձնում եմ ձեզ։ Նա էլ, թե՝ Համո ջան, էս ի՞նչ ես բերում մեր գլխին, էս ի՞նչ ես տպել։ Պապան սեղանին է դնում քարտեզն ու ասում՝ սա մերն է, սա էլ՝ իրենցը, ո՞րն է ճիշտ։ Ասում է՝ ապշած նայեց ադրբեջանցիների տպագրածին ու ասեց՝ «իդիոտի», վերջում ասել է՝ գնա, բայց կասես, որ ջղայնացել եմ վրադ։

Մի անգամ էլ իրեն այդպիսի վիճակում տեսա, երբ լսեցինք Սեւակի ողբերգական մահվան մասին։ Այդ ժամանակ պապան անճանաչելի էր, եւ, չգիտես ինչու, մեր տուն եկան Կարեն Դեմիրճյանը, ԿԳԲ-ի շեֆը, Կենտկոմից մարդիկ, բոլորը լցվեցին մեր տուն։ Մամայի հետ առանձնացանք, ասեցի՝ մեր տուն ինչի՞ են եկել, ասեց՝ հորիցդ վախենում են, որ հանկարծ որեւէ բան չանի։ Ու դրա համար նրա կողքին էին, հանգստացնում էին, տնային կալանք չէր, բայց չէին թողնում, որ տնից դուրս գար, որովհետեւ խոսում էին, որ սարքած է եղել։ Հիշում եմ՝ պապան անճանաչելի փոխված մարդ էր՝ չէր ուտում, հայհոյում էր, առանձնանում՝ լաց էր լինում, գալիս էր աչքերը կարմրած։

Միշտ հիշում եմ պապայի ու Սեւակի զրույցները, որովհետեւ բղավելով էին խոսում, ես էլ գիշերները զարթնում էի, քունս չէր տանում, նստում-լսում էի, թե ինչպես են խոսում, բանավիճում հայ պոեզիայից։ Պապան Պարույրին ասում էր՝ դու պոետ չես, դու փիլիսոփա ես, դու հրաշք խելոք ես, բայց պոետ չես։ Պարույրն էլ ասում էր՝ պոետ չեմ, բա ի՞նչ եմ։ Պարույրին շատ էր սիրում, գնահատում, ասում էր՝ դու իմ գիժն ես, խելագար ես (լավ իմաստով), բայց դա մենակ ես պիտի իմանամ, ժողովուրդը մեղք չունի, որ դու կամ ես գիժ ենք, ժողովրդին մեր գժությունը չպետք է հասնի։ Պարույրն էլ ասում էր՝ դե որ գիժ եմ, թող բոլորն էլ իմանան։ Իրանք իրար ուղղակի պաշտում էին, նոր գրածներով առաջինն իրար հետ էին կիսվում, պապան հենց նոր բան էր ունենում, անպայման մեկի հետ պետք է կիսվեր։ Մի անգամ Մահարուն էր զանգել ու իր նոր բանաստեղծությունն էր կարդում, պապան կարդում է, ձայն չկա, այդպես մի քանի րոպե, պապան ասեց՝ Գուրգեն խա՞ն, մեկ էլ հեռախոսի այն կողմից լսեց Մահարու ձայնը՝ դե թող, լաց լինեմ, էլի՜։ Սեւակին էր զանգում նաեւ, նա էլ այնտեղից ասում էր՝ այ մարդ, կթողնե՞ս հանգիստ իմ կյանքով ապրեմ, լրիվ իրար խառնեցիր։ Նույն հախուռն ձեւով էլ պապան էր արձագանքում, երբ Սեւակն էր զանգում ու իր գործերից ընթերցում։

Կասյան 3-ը գրողների շենքն էր, ու երեւի այլեւս նման բան չկրկնվի։ Մեծ հարգանք կար իրար նկատմամբ, դռները չէինք փակում։ Մի անգամ՝ Նոր տարի էր կարծեմ, պապան ասեց՝ տես Քրիստափոր Թափալցյանենք տա՞նն են, բարձրացա, տեսա դռները բաց են, բայց իրենք չկան, պապան ասեց՝ դե յորղան-դոշակները բեր, հավաքեցի բոլորը ծանր-ծանր ու բերեցի մեր տուն։ Մեկ էլ քիչ անց ամբողջ շենքով աղմուկ լսեցինք՝ էս ո՞վ է տարել տեղաշորը։ Պապան ասեց՝ Քրիստ, ի՞նչ է եղել, նա էլ, թե՝ այ մարդ, ոչ մի բան չեն տարել, մենակ տեղաշորն են տարել, ես էլ ուզում եմ քնեմ։ Պապան ասեց՝ ես քեզ քնելու տեղ կտամ, արի։ Եկավ, նստեցին, մի բաժակ խմեցին, դրանից հետո պապան ասեց՝ Նաիրի, էդ անկողինները տուր Քրիստ ձյաձյային, ես որ սկսեցի բերել, Քրիստափոր Թափալցյանի ծիծաղը շենքով մեկ զրնգում էր։ Հաճախ այդպիսի բաներ էլ էին լինում։ Մենք գնում՝ իրենց տանն էինք հաց ուտում, իրենք՝ մեր տանը։ Մարդիկ այդպես բաց էին իրար առաջ, ինչը հիմա, ցավոք, կորել է։

Պապային ծանր վիճակում տեսա մեկ էլ վերջում, երբ Ղարաբաղից տխուր լուրեր եկան․ խելագարվեց, ասեց՝ տղերքին սպանում են, շատ ծանր տարավ։ Այդ ժամանակ էլ ինքն Աղայանի վրա էր ապրում առանձին, վառելափայտ չուներ, գնում էինք շենքերի կտուրներից փայտեր էինք սղոցում բերում, ընկերներից մեկը վառարան ճարեց բերեց, բայց ինքը Ղարաբաղով էր ապրում, հետը խոսել չէր լինում։ Չգիտեմ՝ ով էր իրեն տվել զինվորական հաստ տուլուպներից, հիշում եմ՝ մի օր գնացի, տեսա դա էր հագել, մի հատ բրդե գլխարկ էր դրել ու ձեռագրերն էր վառում․ դա այն ժամանակ էր, որ այդ փայտն էլ չկար։ Բայց դա նաեւ այն ժամանակ էր, երբ լիքը մարդ լույս ուներ, ում ուզում, տալիս էին, հիշում եմ՝ տեղ կար, որ 24 ժամ լույս կար, իսկ հայրիկս՝ Համո Սահյանը, չուներ։ Այդ ժամանակներից, երբ փոխվեց ամեն ինչ, եկան մարդիկ, ովքեր իրենց ավելի բարձր դասեցին, քան մեր ազգի մեծերին։

Անգամ վերջում, երբ նա հիվանդանոցում էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը չեկավ։ Ինքը չէր էլ ուզում, հարցը դա չէ, բայց նա պետք է գար... Ու ոչ թե իմ հոր մոտ չի եկել, այլ՝ Համո Սահյանի։ Իսկ երբ մահացավ, գնացի մորգ ու տեսա, թե ինչ դագաղ են բերել նրա համար՝ խելագարվեցի։ Ամենահասարակը, որ կարող էր լինել։ Շատ ծանր տարա, եղբայրս էլ նոր էր եկել Ամերիկայից, պարտք արեցինք ու նորմալ դագաղ պատվիրեցինք։ Հետո՝ չէին ուզում նաեւ պանթեոնում թաղել, ավելի ճիշտ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր ուզում, որովհետեւ մի ժամանակ, երբ նրա գրածներից բերում ներկայացնում են պապային, ասում է՝ էս ի՞նչ ա..., իսկ նա դա չէր մոռացել։ Այսինքն՝ այդ ժամանակից եկան մարդիկ, որոնց էգոն կերավ այս հանրապետությունը եւ ազգը։ Մնացած ժամանակ, որ Սովետին անուն են դնում, գնահատված էին բոլորը, պապան որ վատանում էր, կոնսիլյումով մտնում էին հանրապետության մեծամեծերը։ Ցավը նրանում է, որ խոսքը միայն Համո Սահյանի մասին չէ։ Ընդհանրապես այդ վերաբերմունքը ես այդ պահից զգացի ու հասկացա, որ մենք տառապելու ենք, ինչ ունենք, գնալու է, ոչ թե գալու, այդպես էլ եղավ՝ շատ բան կորցրեցինք։

Պատրաստեց Սոնա ԱԴԱՄՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրեց Նաիրի ՍԱՀՅԱՆԸ

Մեկնաբանություն
X