Ասք կոյուղու մասին

Իզուր չէ ասված, որ ընտրությունն իշխանություն ձեւավորելու լավագույն ձեւն է: Այդ կապակցությամբ Հայաստանում նույնիսկ այսպիսի արտահայտություն կա` «մեռնեմ ընտրության արդյունքներին»: Ամեն անգամ իշխանությունները դեմ են տալիս այդ արդյունքները, ու էլ բան չի մնում ասելու: Կեղծել են- չեն կեղծել, լցրել են-չեն լցրել, կաշառել են-չեն կաշառել` այս խոսակցությունները միանգամից լռում են, երբ պարզվում է, որ իշխող ուժը մի ուրիշ տեսակ տոկոս է խփել: Ի՞նչ ասեմ, գնացեք ԿԸՀ եւ բացեք Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները Նուբարաշենում: Այդ ընտրություններն անհիշելի ժամանակներում չեն եղել, այլ ընդամենը 2017 թվականին, եւ արդյունքներն էլ թարմ են` մեկ տարին դեռ չի բոլորել:

Հիմա մեզ ասում են, որ նուբարաշենցիները տարիներով, չգիտեմ, երեւի Տարոն Մարգարյանի քաղաքապետության նախկին շրջանից սկսած, գարշահոտություն են շնչում: Սա նշանակում է, որ նուբարաշենցիները 2017 թվականին Երեւանի ավագանու ընտրությունների են գնացել այն գարշահոտության ու կեղտաջրի միջով, որը «Երկիր ծիրանին» բերել էր քաղաքապետարան, որպեսզի Տարոն Մարգարյանը շնչի: Ես ներողություն եմ խնդրում բոլոր նուբարաշենցիներից, բայց գիտե՞ք ինչ կա, սիրելի նուբարաշենցիներ, պետք չէր ընտրել, պետք չէր ձայն տալ մի ցուցակի, որ գլխավորում էր տարիներ շարունակ այդ հոտը ձեզ հրամցրած Տարոն Մարգարյանը։ Բարդ բան չեմ ասում, չէ՞: Ասում եմ` էն, որ հագած-կապած գնում էիք ընտրությունների, պետք չէր քթածակերը բամբակ դնել, աչքերին` ակնոց, ու այդպես գնալ ընտրությունների: Այդ օրը, հավանաբար, ձեզ թվացել է, թե Դիլիջանի անտառներում եք ապրում` մեռնեմ Տարոնի ջանին, Տարոնիս եմ ձայն տալու, բա էլ ո՞ւմ, եթե ոչ Տարոնին: Հիմա ինչի՞ց եք բողոքում: Հա՛, հոտից, կեղտաջրից, որ տարիներով անհաղթահարելի են մնում…

Շատ գեղեցիկ էր ամեն ինչ կազմակերպված: Նուբարաշենցիները ճարահատ, ընդգծեմ այս բառը` ճարահատ, ճանապարհ են փակում, Զարուհի Փոստանջյանը, թե ինչպես է պատահում, Շամշյանից շուտ է տեղ հասնում, հենց տեղում հասկանում է` ով ում բարեկամն է, բանկաները կեղտաջրով լցնում ու գալիս է քաղաքապետարան` Տարոն Մարգարյանին այդ հոտը «շնչեցնելու»: Ասում է` հանճարեղ միտքը միշտ ամենապարզ միտքն է: Բայց սցենարը սրանով չէր կարող ավարտվել, եւ ուժեղ ֆինալ էր պետք: Երեւանի ՀՀԿ-ական ավագանու որակը նկատի ունենալով` գրեթե անհնարին է որեւէ հետաքրքիր բան մտածել նման իրավիճակների համար: Եվ քաղաքապետարանում, իսկապես, որեւէ անակնկալ տեղի չունեցավ, եթե չհաշվենք, որ ականատես եղանք բռնցքամարտի կանանց եւ տղամարդկանց խառը մենամարտերի: Դե, Գոռ Վարդանյանն ընդհանրապես առանց կանոնների էր «կռվում» ու այնքան կռվեց, մինչեւ նրան «կասկածեցին» բռնաբարության փորձի մեջ: Ու թեեւ այս ամենի մեջ նորություն չկար, հայկական Ֆեյսբուքը տեղից պոկվեց, պոկվեց ու գնա՛ա՛ա՛ց: Մի քննարկում, մի իրարանցում, էլ կնոջ ու տղամարդու հավասարություն, էլ ֆլան, ֆստան, մինչեւ բանը հասավ իրավապաշտպաններին, ու սրանցից մեկը, թե` բա չե՞ք ասի, Երեւանի ավագանու հանրապետականներն այդպիսով ոչ թե «Երկիր ծիրանիին» են ծեծել, այլ նուբարաշենցիներին: Դե եկ, Տարոն Մարգարյան, ու սրա տակից դուրս արի: Էլ չեմ ասում, որ այս միջադեպին դեռ անդրադարձ կլինի նաեւ ՀՀԿ ԳՄ նիստին, ու Սերժ Սարգսյանը կարող է այդքան մարդու մոտ կրկնել իր հանրահայտ ֆրազը` Տարոն ջան, սիրուն չի…

Իսկապես «սիրուն չի», երբ քո ընտրողի շահերն ընդդիմությունն է պաշտպանում: Դա նաեւ ցավալի հետեւանքներով ու վատ վիճակի մեջ ընկնելու հավանականությամբ է հղի: Վստահաբար, այսքան բանից հետո քաղաքապետարանը պետք է վազ տա Նուբարաշենի կոյուղին սարքելու, բայց մարդիկ, միեւնույն է, արդեն ասելու են, որ դա ոչ թե Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ-ի, այլ Զարուհու շնորհքն էր: Իսկապես սիրուն չի լինի:

Կարեւորը, իհարկե, այն է, որ հարցը լուծվի: Այլապես նույնիսկ նոր Սահմանադրության եւ կառավարման խորհրդարանական համակարգի հակառակորդներն են գլուխ բարձրացնում, թե «ք…աջրի» այդ ողջ պատմությունը նոր Սահմանադրության, կառավարման նոր համակարգի անցնելու հետեւանք է: Եվ չեն էլ համբերում, որ նոր Սահմանադրությունը մտնի ուժի մեջ, որ տեսնեն, թե դրա ինչն է նոր, ու ինչպես կարող է այդ նորը պատճառ դառնալ այնպիսի սանձարձակութան, ինչպիսին տեսանք մեր աչքով: Կարելի է մտածել` նոր Սահմանադրության մեջ ասված է, որ կարելի է կոյուղաջուրը տանել ու լցնել ուրիշի տղամարդկանց վրա: Ի դեպ, դեռ պետք է պարզել, «Ծիրանները» ճանապարհին չէի՞ն հասցրել «սեփական օրգանիզմի արտադրության» կոյուղային նյութերով հարստացնել Նուբարաշենից վերցված նմուշները: Իրենց հարգող մարդիկ, թերեւս, այդ նմուշները ոչ թե «բանկեքի» մեջ` խորհրդային ժամանակների անալիզի տեսքով կբերեին քաղաքապետարան, այլ լաբորատորիայի հատուկ սրվակներով եւ եզրակացությամբ: Այդ ժամանակ մենք գուցե ականատես չլինեինք այդ տեսարաններին, որոնք սկսվեցին, երբ փորձ արվեց կեղտաջուրը բանկայով դնել քաղաքապետի սեղանին:

Նույն բանը, ինչ որ վերեւում նուբարաշենցիներին ասացի, պետք է ասեմ նաեւ «Ծիրաններին»: Հիշո՞ւմ եք` «մեռնեմ ընտրության զորությանը»: Հարգելի Զարուհի Փոստանջյան, բոլորս էլ լավ ենք հիշում, թե ինչպես ընդունեցիք Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները եւ մտաք քաղաքապետարան: Հիմա ի՞նչ է պատահել, որ չեք կարողանում նույն քաղաքակիրթ պահվածքով գնալ առաջ: Ընդհուպ մոռանում եք, որ, ի վերջո, Հայաստանում եք ապրում, որտեղ կինը, այո, մի քանի գլուխ բարձր իրավունքներ ունի, քան տղամարդը, բայց, որպեսզի կարողանա իր այդ բացառիկ, թերեւս միայն հայեցի իրավունքները վայելել, պետք է նախեւառաջ մնա կին: Կարող եք դատի տալ ինձ, բայց իմացեք՝ այն, ինչ արեցիք դուք, ավելի սիրուն չէր, քան ՀՀԿ-ական ավագանու անդամների արածը: Մեկդ մյուսիդ արժեք, ու մնացած վեճուքննարկումն ավելորդ է: Ասենք` փողոցային ծեծկռտուքի ի՞նչը քննարկես, թեկուզեւ այն տեղի է ունեցել քաղաքապետարանում: Ի՞նչ անենք, որ կռվողներին իրենց տանն ավագանի են ասում:

ՀԳ. Մի փոքր համեմունք․ ասում ա` Գոռ Վարդանյանն ընդդիմադիր կնոջը գրկեց ու տարավ դեպի «Ելքը»…

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X