Ուսանողները պայքարում են հանուն իրենց իրավունքների

Ձևավորվել է մի նոր ուսանողական-քաղաքացիական-նախաձեռնություն՝ «ԵՊՀ Ռեստարտ»։ Ուսանողական շարժումն արդեն իսկ հասցրել է մի քանի ակցիաներ իրականացնել, իսկ երեկ էլ արդեն հրապարակել է պայքարի իր մանիֆեստը, որտեղ նշված են առաջնային թիրախներն ու գաղափարները։

Հայաստանի կրթական համակարգը նման է հիվանդ մարդու, իսկ համալսարանները վերածվել են հետադիմության որջերի։ Ուսանողները որակյալ կրթություն չեն ստանում, ավելին՝ նրանց իրավունքները ոտնահարվում են ամեն օր և ամեն պարագայում։ Այս տեսանկյունից առաջնային պլան պետք է մղվի ուսանողության սուբյեկտ դառնալու հրամայականը, այսինքն՝ ջահելները պետք է դուրս գան անդեմ ու վերահսկելի, կառավարելի զանգվածի կարգավիճակից՝ վերածվելով պահանջատեր քաղաքացիների։ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը կարծես թե հենց այս թիրախավորումն ու ուղղվածությունն ունի։

Եվ սին են բոլոր այն պնդումները, թե ուսանողները պայքարում են զուտ զուգարանի թղթի համար, ընդհակառակը՝ նրանք կռվում են հանուն իրենց իրավունքների՝ ըմբոստություն արտահայտելով անորակ կրթական համակարգի և ուսանողների իրավունքների ոտնահարման արատավոր պրակտիկայի դեմ։ Ի դեպ զուգարանի թղթի և առհասարակ այլ հիգիենիկ պարագաների բացակայության խնդրի բարձրաձայնմանը պետք չէ անլուրջ վերաբերվել, քանի որ այդ ամենի համար միլիոնավոր դրամներ են նախատեսվում, բայց, չգիտես ինչու, այդ պարագաները մշտապես բացակայում են։ Անշուշտ ուսանողական շարժումը կանգ չի առնելու միայն այդ խնդրի շուրջ, այլ պայքարի թիրախ են դառնալու կրթական համակարգի և ուսանողության կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող տարատեսակ խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ առկա են եղել, բայց որևէ կերպ չեն լուծվել։ Հավատացնում եմ, նմանատիպ խնդիրները չափազանց շատ են, ԵՊՀ-ն ու մյուս կրթական հաստատություններն իսկապես խորը ճահճի մեջ են։

«ԵՊՀ Ռեստարտ»-ի նախաձեռնած պայքարի համատեքստում աստիճանաբար կարգավորվում է մեկ այլ կարևորագույն խնդիր ևս։ Բանն այն է, որ համալսարաններում մշտապես եղել է ուսանողական մեկ ներկայացուցչական մարմին, որն է՝ ուսանողական խորհուրդը։ Դա անթույլատրելի է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ կառույցն այդ ավելի քան վերահսկելի է ու կառավարելի։ Չի կարելի ուսանողական ակտիվ զանգվածներին գերկենտրոնացնել մեկ տիրույթում, դա հանգեցրել է ռեսուրսների մոնոպոլիզացիայի: Պետք է ի հայտ գան այլընտրանքային ուսանողական հանրույթներ՝ նույնիսկ ընդհատակյա, որպեսզի մրցակցություն լինի և դրա արդյունքում նաև որակի արտահանում: «ԵՊՀ Ռեստարտը» կարծես թե փորձում է լուծել այդ խնդիրը։

Ընդհանրապես պետության զարգացման հեռանկարները էապես կապված են ուսանողների և երիտասարդների որակի հետ, քանզի նրանք են առաջընթացի ու արժեքային հեղափոխության առաջամարտիկները։ Եվրոպական զարգացած հասարակությունների ձևավորման և կայացման գործում չափազանց մեծ դեր են խաղացել նաև ըմբոստ ու պայթունավտանգ ուսանողական խմբերը։ Դեռևս միջնադարից սկսած եվրոպական համալսարանները վերածվել էին տաք կաթսայի, որտեղ անհանգիստ երիտասարդները քաղաքական բանավեճեր ու թեժ քննարկումներ էին հրահրում։ Եվրոպայում տեղի ունեցած գրեթե բոլոր հեղափոխությունները էապես կապված են անհանգիստ երիտասարդության թվաքանակի աճի հետ։ Այսինքն՝ զարգացման ու արդիականացման ցանկացած գործընթացի մեջ ուսանողները վճռական ու առաջնորդող դեր են խաղացել։ Դա օրինաչափություն է, որը անփոփոխ կերպով գործում է նաև մեր օրերում։ Հաճախ կարող ենք տեսնել, թե ինչպես են ուսանողները Ֆրանսիայում կամ որևէ այլ երկրում բողոքի ակցիաներ կազմակերպում, բախվում ոստիկանների հետ, ավտոմեքենաներ այրում և այսպես շարունակ։ Չնայած ոստիկանների և ուսանողների բախումները հաճախ ողբերգական արդյունքներով են ավարտվում, բայց գրեթե բոլորն էլ հասկանում են, որ դա տրամաբանական ընթացք է, եթե երիտասարդները այլևս ըմբոստություն չգործեն, ապա հասարակական միտքը կքարանա ու կդեֆորմացվի։ Հայաստանը նույնպես այդ տեսանկյունից բացառություն չէ։

Մեր երկիրը երբևէ չի կարող ապագա ունենալ, եթե ուսանողները ապրեն անտարբերության, կոմֆորմիզմի և հանգստության պայմաններում։ Երկիրը երկիր կարող են դարձնել միայն ջահելները, իսկ վերջիններս այդ գործը կարող են նախաձեռնել, երբ հասկանան, թե ինչ է բունտը, քարը, Մոլոտովի կոկտեյլը և այսպես շարունակ: Երկիրը երկիր կդառնա, երբ համալսարանները, գարեջրատներն ու եկեղեցիները վերածվեն քաղաքական որջերի: Թե չէ ստացվել է այնպես, որ ջահելների մի զգալի մասը այս տարիների ընթացքում վերածվել էր կարիերիստների ինչ-որ գորշ զանգվածի, որոնք թքած ունեին իրականության ու իրենց շրջապատող աշխարհի վրա:

Իհարկե լռությունն ու տոտալ անտարբերությունը երկար շարունակվել չէին կարող, ինչ-որ մի օր ծխացող թմբիրը պետք է պայթեր և ահա ուսանողները դուրս են եկել պայքարի, նրանք պայքարում են հանուն իրենց իրավունքների, քաղաքական տեսակետ են արտահայտում և դիմում ըմբոստության։ Սա չափազանց կարևոր երևույթ է, ավագ սերունդը պետք է ամեն կերպ ազատություն տա ջահելներին, որպեսզի նրանք դուրս գան կարծրատիպերից և հաղթանակի հասնեն։ Հաղթանակի դեպքում պայքարը շարունակական բնույթ կկրի, և ուսանողությունը կվերագտնի իր բուն էությունն ու սուբյեկտայնությունը, վերստին կստանձնի հանրության առաջամարտիկի իր կարգավիճակը՝ պետությունը առաջնորդելով դեպի արժեքային հեղափոխություն։

Ուսանողական պայքարը փտած կրթական համակարգի թթվածինն է։

Մեկնաբանություն
X