Միջատի նշանակություն ունենք իրենց արժեհամակարգում

Վարչապետ Կարեն Կարապետյանն օրեր առաջ այցելել է մշակույթի նախարարություն եւ ծանոթացել 2017 թ. կատարված եւ 2018 թ. կատարվելիք անելիքներին: Կարապետյանը նախարարության առջեւ խնդիր է դրել՝ հստակ ձեւակերպել Հայաստանի մշակութային քաղաքականության նպատակները։ «Չափազանց կարեւոր է, որ իմանանք մեր մշակույթը եւ ինքնությունը: Չափազանց կարեւոր է նաեւ մեր մշակույթն այլ երկրներում տարածելը եւ մեր քաղաքացիներին այլ մշակույթներին ծանոթացնելը, որպեսզի հանդուրժողականությունը, որը բնորոշ է մեր ազգին՝ այլ երկրում ապրելու դեպքում, սեղմվի այստեղ: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ես չափազանց շահագրգռված եմ, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները հնարավորություն ունենան գնալ կինո, թատրոն, իրենց պատմությունը ճանաչեն: Այս ամեն ինչը պետք է ձեւակերպել խնդիրների, նպատակների տեսքով: Եթե չենք կարողանում ձեւակերպել, խնդիրը չի լուծվում»,- նշել է նա հանդիպման ընթացքում:

Երաժիշտ, երգահան Արտավազդ Բայաթյանի համար մի փոքր անհասկանալի է, թե ինչ է նշանակում «մեր ինքնությունը ճանաչել»-ը։ «Երբ մենք ինքնության մասին ենք խոսում, շատ կարեւոր է իմանալ, թե ինչ չափանիշների մասին է խոսքը, որովհետեւ կարող են շատ ցածր չափանիշներ լինել, որի վկայությունն է այս վաստակավորների շարքը, որ հրամցնում են մարդկանց, կամ շատ միջին կարգի գեղարվեստական գործեր։ Դա կարող են լինել ե՛ւ ֆիլմեր, ե՛ւ ներկայացումներ, որը մեզ հրամցնում են որպես ազգային ինքնության եսիմինչ դրսեւորում։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ չափանիշների մասին է խոսքը, այդ սանդղակը պետք է պարզ երեւար։ Ես չգիտեմ, թե նա ինչ չափանիշ է ցույց տվել, թե չէ՝ ինքնությունն ամեն մեկը յուրովի է հասկանում, ռաբիզներն իմանում են, որ դա իրենց ինքնությունն է, նա էլ, ով դասական արվեստի մեջ է խորացել, ասում է՝ սա մեր ինքնությունն է»։

Ինչ վերաբերում է տոլերանտ լինելուն, որին պետք է հասնենք մեր քաղաքացիներին այլ մշակույթների հետ ծանոթացնելով, ապա, Բայաթյանի կարծիքով, մենք պետք է հաղորդակից լինենք աշխարհում կատարվող արվեստի բոլոր նորույթներին․ «Դա անհրաժեշտ բան է, եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ իր բնագավառում ուզում է անպայման իմանալ, թե աշխարհում ինչ է կատարվում։ Ես, որպես երաժիշտ, օրինակ՝ կուզեի, որ մենք մեր բեմահարթակները ոչ թե անընդհատ տրամադրեինք ռուսական պապսային, որ իրենց շանսոններով գալիս են ու մեզ խեղդում, այլ ավելի լավ կլիներ, որ տարին մեկ անգամ մի լավ բան բերեին, ու դա մեզ համար կլիներ նաեւ ուսուցողական, հասկանայինք, որ աշխարհում գոյություն ունեն նման բարձր կարգի բաներ, որին մենք հաղորդակից չենք։ Դա շատ կարեւոր բան է, ու միայն երաժշտության մասին չէ խոսքը, մենք չենք կարող մեզ աշխարհից կտրել, ուրիշ բան, որ մենք էլ մեր տեսակով ենք ուզում ներկայանալ աշխարհին, ինչը նույնպես շատ կարեւոր խնդիր է»։

Այն, որ ամբողջ հարցը խնդիրների, նպատակների ձեւակերպված չլինելու մեջ է, ու երբ դրանք ձեւակերպվեն, բոլոր հարցերն էլ կլուծվեն, Բայաթյանը համաձայն է վարչապետի այս դիտարկման հետ. «Այո, բոլոր խնդիրները պետք է լավ ձեւակերպված լինեն, իսկ դրա համար մենք պետք է իմանանք պահանջների, սահմանված չափանիշների, սանդղակների մասին, եթե, օրինակ, մարդուն ինչ-որ մի մրցանակ, տիտղոս են տալիս, մենք պետք է հասկանանք, թե ինչի համար դա տրվեց, ու դա էլ իր հերթին շատ բարձր քաշ ու գին պետք է ունենա, որ մարդիկ ձգտեն դրան»։

Այլ բան է, երբ խնդիրները թղթի վրա ձեւակերպվում են, ինչը տարիներ շարունակ արվում է, մեկ այլ բան, երբ դրանք կիրառվում են իրականության մեջ, ինչը, նրա կարծիքով, նույնպես տեղ ունի մեզանում․ «Դա արդեն ուրիշ բան է, եւ պետք է հասկանանք, որ ամեն ինչ չէ, որ հարթ է լինում, նույնիսկ ձեւակերպված մակարդակում, հիմա մենք ունենք օրենսգիրք, բայց ամեն ինչ չէ, որ ըստ օրենսգրքի է կատարվում, եւ ամեն մի դատավարություն չէ, որ կատարվում է ըստ պատշաճի։ Նույն բանը՝ նաեւ մշակույթի ոլորտում։ Այստեղ շատ կարեւոր է մեր բարի կամքը, եւ պետք է մենք մեզնից շատ բարձր պահանջներ ունենանք․ դա էլ ավելի շատ մարդու ներքին մշակույթի հետ է կապված։ Մարդիկ միշտ կոմպրոմիսների են գնում, բայց եթե մենք ուզում ենք լավ բան ստանանք, պետք է շատ արդար, ազնիվ լինենք, արդար լինելը ցանկացած պետության հիմքում ամենագլխավոր եւ ամենակարեւոր բանն է, որը մեր առաջընթացն ապահովում է, հակառակ դեպքում դոփում ենք տեղում կամ հետ ենք գնում։ Մեր արդարամտությունն այստեղ շատ բան է որոշում, պետությունը, պետական այրերը պետք է ապահովեն այդ ընթացքը, որ մարդկանց մատչելի դառնա այն, ինչն ապահովում է մեր առաջընթացը»։

Թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ խնդիրները վաղուց ձեւակերպված են, պարզապես պատկան մարմնի պաշտոնյաները չեն կամենում տեսնել ու լսել դրանք, բնականաբար՝ նաեւ դրանց լուծում տալ. «Օրինակ՝ մշակույթի, մասնավորապես՝ թատերարվեստի կարեւոր խնդիրներից մեկն այն իրողությունն է, որ Հայաստանում առայսօր չկա մեր թատրոնի մասնագիտական բազմակողմանի գնահատականը տալուն կոչված հարթակը: Էլեկտրոնային թատերագիտական ամսագիր ասվածը, որը պետք է նաեւ տեղի թատերական կյանքը մասնագիտական տեսանկյունից ներկայացնի այլ երկրների: Լինի թատերագետների աշխատանքային դաշտը՝ նպաստելով թե՛ կրթական, թե՛ գիտական ոլորտների եւ թե՛ հասարակության էսթետիկական ճաշակի զարգացմանը»:

Մարտիրոսյանը նկատում է՝ պաշտոնատար անձինք հաճախ ամեն առիթով միջազգային փորձն են մատնացույց անում, օրինակ՝ մերձբալթյան երկրներից մեկում օպերային թատրոնն անգամ իր գործունեությունը մեկնաբանող-լուսաբանող տպագիր ամսագիր ունի․ «Իսկ մենք՝ չակերտյալ գերզարգացածներս, դրա ստեղծման եւ պահպանման ծախսերն աննպատակահարմար ենք համարում: Թեպետ այս երկրում անօթեւան շների պահպանման եւ ստերջացման համար եռակի ավել գումար են հատկացնում, քան թատերագիտական կայքի ստեղծմանն է անհրաժեշտ: Այսինքն՝ ստացվում է, որ ներկայիս ղեկավարության համար թատերական եւ հատկապես թատերագիտական համայնքը՝ իբրեւ կենդանի արարածների միավորում, կարեւորության աստիճանակարգի սանդղակում երեք անգամ ավելի ցածր տեղ է զբաղեցնում, քան մեր չորքոտանի բարեկամները: Մոտավորապես միջատի նշանակություն ունենք իրենց արժեհամակարգում, ուրեմն՝ նաեւ մեր մասնագիտական գործառույթի հասցեատեր թատերական դիմանկարը: Այս է պատճառը, որ թատերական միջազգային փառատոների ընթացքում արտերկրից եկած գործընկերների հետ փոխհարաբերվելիս ենթակառուցվածքային տեսանկյունից մեզ իբրեւ ամենահետին գավառական աուլի ներկայացուցիչներ ենք զգում»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X