Կրկես ու բռնություն

Ֆիզիկական, հոգեկան բռնության թեման նոր չէ մեր իրականության մեջ։ Ամեն օր բռնության են ենթարկվում մանկահասակ երեխաները՝ իրենց ծնողների ու դաստիարակների կողմից։ Բռնություն կիրառվում է նաեւ դեռահասների շրջանում՝ հատկապես արական սեռի։ Բռնություն կա ընտանիքներում։ Առհասարակ՝ մեր հասարակության մեջ ուժեղը բռնություն է գործադրում թույլի նկատմամբ, տարեցը՝ երիտասարդի, ծնողը՝ զավակի, տղամարդը՝ կնոջ, իշխանավորը՝ շարքային քաղաքացու։

Բայց բռնությունը միշտ չէ, որ ֆիզիկական ուժի կիրառմամբ է զուգակցվում, երբեմն դա բարոյահոգեբանական մակարդակում է՝ շատ ավելի խորն ու ցավալի։ Մարդը մեր հասարակությունում ազատ չէ, ազատ ու պաշտպանված չէ նաեւ բռնությունից, որն ամեն քայլափոխի է։ Սակայն, երբ դա ժողովրդի ընտրյալների կողմից է իրականացվում եւ ողջ հանրության աչքի առաջ, շոկն անխուսափելի է։

Այս պարագայում մարդիկ անգամ չեն ուզում խորանալ՝ որն է բռնության պատճառը, եւ ինչ մեղք է գործել զոհը։ Եթե չլիներ բռնություն, կկարողանայինք սթափ գնահատել՝ ինչ է արել «Երկիր ծիրանիի» ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը։ Գուցե քննադատեինք ու ծաղրեինք այդ արարքը եւ ընդդիմությանը հիշեցնեինք, որ ավագանին կրկես չէ, ոչ էլ գարշահոտություն տարածելով՝ կարելի է հարցեր լուծել։ Ոչինչ չէր խանգարում ավագանու անդամներին, որ հարցը բարձրացնեին եւ հասնեին դրա լուծմանը։ Ի վերջո, Նուբարաշենի կոյուղաջրերի խնդիրը Հանրապետականին իշխանությունից հեռացնելու հարցը չէ, որ հնարավոր չլինի լուծել։ Այդ պարագայում այս շոուն, կրքեր շիկացնելն ու պրովոկացիոն ակցիաներ կազմակերպելն ի՞նչ իմաստ ունի, եթե ոչ անհարկի աղմուկ բարձրացնելու, քաշքշուկ հրահրելու, զոհի կարգավիճակ ձեռք բերելու։ Իսկ բռնություն գործադրողների մասին խոսքերն ավելորդ են։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X