«ԵՊՀ Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության մանիֆեստը

«ԵՊՀ Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը մանիֆեստ է հրապարակել, որտեղ նշվում են շարժման առաջնային սկզբունքներն ու գործունեության էությունը:

«ԵՊՀ Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը՝ կամավորության սկզբունքով, սույն հռչակագրով սահմանված արժեքները և սկզբունքները կիսող, ստորև շարադրված խնդիրների լուծման նպատակով, անհատների հասարակական միավորում է: Մենք առերևույթ ճշմարտություն ենք համարում հետևյալը.

• Յուրաքանչյուր ոք ունի արժանապատիվ պայմաններում որակյալ կրթություն ստանալու սահմանադրական իրավունք:

• Յուրաքանչյուր ոք ունի կրթության գործընթացի, դրա պայմանների և իրեն ուղղակիորեն կամ անուղղակի կերպով առնչվող հարցերի շուրջ միավորումներ կազմելու և դրանց միջոցով իր շահերը լավագույնս ներկայացնելու իրավունք։

• Համալսարանները կրթության ոլորտում վճարովի հիմունքներով ծառայություններ մատուցող կազմակերպություններ են, որոնք կոչված են՝ իրենց ողջ գույքով, գիտատեխնիկական հնարավորություններով, պրոֆեսորադասախոսական կազմով և վարչական ապարատով ծառայելու իրենց ծառայություններից օգտվող շահառուներին և հանրության մտավոր ներուժի զարգացման գերակա շահին, ինչպես նաև այդ նպատակով ապահովելու համապատասխան պայմաններ և միջավայր։

Մենք առանցքային խնդիրներ ենք համարում.

  • Կրթության ոլորտի թերֆինանսավորումը՝ դրանից բխող բացասական հետևանքներով (դրամաշնորհների սղություն, բնակչության եկամտի հետ համեմատած անհամաչափ բարձր վճար, դասախոսական կազմի ցածր աշխատավարձ, տեխնիկական թերհագեցվածություն և այլն)։
  • ԲՈՒՀ-երի վարչական ապարատի և ուսանողական խորհուրդների կուսակցականացվածությունը։
  • Անմիջականորեն իրենց վերաբերվող հարցերով որոշումներ կայացնելու գործում, ուսանողների ձևական ներգրավվածությունը, որոշումների կայացման մեջ որոշիչ ձայն չունենալը։
  • Ազատ կամարտահայտման դեպքում ուսանողների նկատմամբ կիրառվող վարչական ճնշումները։
  • Իրավական կամայականությունները։
  • Հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթություն ստանալու հավասար հնարավորությունների բացակայությունը։
  • ԲՈւՀ-ական կոռուպցիան։
  • Դասախոսական կազմի մեթոդական ոչ արդիական լինելը, ուսումնական նյութերի անբավարարությունն ու անհասանելիությունը և, որպես հետևանք, կրթության ցածր որակը։
  • Կոմունալ արժանապատիվ պայմանների բացակայությունը։

Վերոհիշյալ իրավունքների լավագույնս իրացման և խնդիրների լուծման նպատակով մենք կազմավորում ենք՝ «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը և մեր գործունեության համար հռչակում հետևյալ սկզբունքները.

  1. Նախաձեռնությունը գործում է իր անդամների կամավորության հիման վրա և բաց է նոր անդամների ներգրավման համար:
  2. Նախաձեռնությունը մերժում է ռասսայական, կրոնական, ազգային, սեռային, սոցիալական որևէ խտրականություն:
  3. Նախաձեռնության որոշումները կայացվում են ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին համաձայն՝ առավելագույն մասնակցայնության պայմաններում և յուրաքանչյուր մասնակցի կարծիքը հաշվի առնելով:
  4. Նախաձեռնության անդամների միջև աշխատանքի բաշխումը կատարվում է ըստ ունակությունների՝ հիմքում ունենալով կամավորության և պատասխանատվության սկզբունքը:
  5. Նախաձեռնությունը որևէ կուսակցության չի հարում, չի ներգրավվում կուսակցական գործունեության մեջ:
  6. Նախաձեռնության անունից հայտարարություններ տարածվում են նրա կողմից պաշտոնապես հայտարարված տեղեկատվական հարթակներում (կայք, ֆեյսբուքյան էջ և այլն):
  7. Նախաձեռնությունը բաց է համագործակցության, միևնույն արժեքները կրող և հռչակված սկզբունքներին չհակասող ցանկացած սուբյեկտի աջակցության համար:

#ԵՊՀRestart

Մեկնաբանություն
X