Միշայի վերջին հանգրվանը

Այս օրերին աշխարհի թոփ լուրերում հայտնված Միխեիլ Սահակաշվիլին մտադիր է վերադառնալ Ուկրաինա: Թե ինչպես է նա իրականացնելու այդ խոստումը դժվար է ասել, թեև Սահակաշվիլու համար, ինչպիսին նրան ճանաչում ենք, անհնարին բան պետք է որ չլինի: Ի՞նչ կտա նրա վերադարձը Ուկրաինա: Ի՞նչ կտա իրեն և կամ այն շրջանակներին, որոնք մշակել, ապա Սահակաշվիլուն ներդրել էին այսպես կոչված «նոր Ուկրաինա» ծրագրում:

Հայտնի է, որ Սահակաշվիլին Ուկրաինա է անցել ԱՄՆ-ից, ուր թաքնվում էր սեփական երկրի իշխանությունների հետապնդումներից: Նրա նկատմամբ քրեական գործ էր հասունանում մի քանի մեղադրանքներով, այդ թվում և սպանությունների կազմակերպման և պետական դավաճանության: Այդ գործերով քննությունը շարունակվեց առանց Սահակաշվիլու և հասավ իր տրամաբանական ավարտին՝ Սահակաշվիլուն դատի տվեցին հայրենիքում, որտեղ մի ժամանակ իշխանական «գունավոր» հեղաշրջում էր իրականացրել, ապա` դարձել նախագահ:

Ուկրաինայում Սահակաշվիլին հայտնվել է 2014թ. փետրվարյան հեղաշրջումից հետո, թեև դրանից առաջ էլ հեռուներից ոգեշնչում էր Մայդանի գործողությունները: Ուկրաինայում Սահակաշվիլին, կարելի է ասել, դարձավ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների դեմ Դոնբասում կազմակերպված պաշտպանության գաղափարական առաջնորդներից մեկը և այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն» սկսելու քարոզչության առաջատարը: Այդ գործում մեծ ներդրումների համար Կիևի իշխանությունները լիուլի վարձահատույց եղան Սահակաշվիլուն` խորհրդականի պաշտոնից հասցնելով նրան Օդեսայի նահանգապետի աթոռին: Բայց այդ աթոռի բարձրությունից, արի ու տես, Ուկրաինան և նրա նոր իշխանությունները ավելի լավ էին երևում, կարելի է ասել` բոլոր, այդ թվում և կոռուպցիոն կողմերով: Օդեսայի նահանգապետի աթոռին Սահակաշվիլին մեկ օր անգամ չի դադարել կոռուպցիան վերացնելու անհրաժեշտությունից խոսելուց: Դրա համար նա շատ զրկանքներ է կրել, ընդհուպ մինչև իր դեմքին Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի կողմից ջրով լի բաժակ «ստանալը»:

Անշուշտ Սահակաշվիլու ջանքերի ու քննադատությունների շնորհիվ նաև պաշտոնանկ արվեց հետյանուկովիչյան Ուկրաինայի առաջին վարչապետ Արսենի Յացենյուկը, որին Գերագույն ռադայի ամբիոնից «պոկեցին» հենց ելույթի պահին: Դա շատ հիշեցնում էր Սահակաշվիլու` վարդերով մուտքը Վրաստանի խորհրդարան և Շևարդնաձեին խորհրդարանի դահլիճից փախցնելը: Սահակաշվիլին, հավանաբար, զգաց, որ առանց քաղաքական թիմի և հենարանի չի կարող շարունակել պայքարը Ուկրաինայում ծաղկող կոռուպցիայի դեմ, որի հովանավորչության մեջ նա հասցրել էր մեղադրել նաև գործող կառավարությանն ու նախագահ Պորոշենկոյին: Սահակաշվիլուն հատկապես զայրացնում էր Կիևի իշխանությունների կողմից արևմտյան ահռելի միջոցները փոշիացնելու անգերազանցելի ունակությունը, ինչի մասին նա խոսում էր ազատ ու անկաշկանդ:

Նրա ելույթներին ուշիուշով հետևում էին Արևմուտքում և համապատասխան եզրակացություններ անում Ուկրաինայի` հիմնականում օլիգարխներից կազմված նոր իշխանությունների մասին: Ի վերջո, Օդեսայի նահանգապետի պաշտոնից հեռացվելուց հետո Սահակաշվիլին ստեղծեց «Նոր ուժերի շարժում» ընդդիմադիր կուսակցությունը, ինչն էլ պատճառ դարձավ, որ երկրից բացակայելու օրերին Սահակաշվիլուն զրկեն Ուկրաինայի քաղաքացիությունից: Արևմուտքը, որպեսզի Սահակաշվիլին վերջնականապես չբացահայտվի որպես «ներդրված մարդ», չնետվեց պաշտպանելու նրան այլ շարունակեց համաչափ առաջ տանել Ուկրաինայի եվրոասոցացման գործընթացը` չմոռանալով սահմանափակել ֆինանսական ներարկումները Պորոշենկոյին: Դժվար չէ հասկանալը, որ ժամկետանց անձնագրով ու առանց քաղաքացիության Սահակաշվիլու ներխուժումը Ուկրաինա հնարավոր չէր լինի առանց Արևմուտքի համառ ջանքերի: Ի՞նչ է նշանակում` մարդը օրը ցերեկով միայնակ հայտնվում է սահմանային անցակետում և այնտեղ սպասող իր կողմնակիցների «բանակով» ճեղքում պետության սահմանապահների շղթան: Սահակաշվիլու կյանքում ինչ-որ շատ չե՞ն նման ճեղքումները: Նա ժամանակին այդպես է ճեղքել Աջարիայի սահմանը, հետո` Վրաստանի խորհրդարանի շենքը պահպանող ոստիկանների և անվտանգության ուժերի շղթաները: Այս հանելուկի պատասխանները շատ հեռվում պետք չէ փնտրել, դրանք կան «գունավոր» հեղաշրջումների մասին բոլոր դասագրքերում:

Ուկրաինա վերադառնալուց հետո Սահակաշվիլին իրեն դրսևորեց անպատժելիության սինդրոմով տառապող «տղայի» պես: Իր անձի հանդեպ էպատաժ առաջացնելու համար նա լիուլի օգտագործում էր արտասահմանյան և ուկրաինական լրատվամիջոցները, Ռուսաստանի իշխանությունների հետ համագործակցության մեջ մեղադրում երկրի նախագահից մինչև վերջին պաշտոնյային, չէր ենթարկվում իրավապահների պահանջներին, իսկ մի անգամ էլ շենքի տանիք էր բարձրացել և սպառնացել նետվել այնտեղից: Բնականաբար այս ամենը ազդում էր նման բաներ չտեսած հետխորհրդային ուկրաինացիների վրա: Փետրվարի 13-ին Սահակաշվիլուն արտաքսեցին Ուկրաինայից ինչպես վերջին հանցագործի: Սոցցանցերում տարածված (նաև Սահակաշվիլու միջոցով) կադրերում երևում է, թե ինչպես են նրա մազերից բռնած դուրս հանել Կիևի ռեստորանից և, իր խոսքով, «բեռնել» միկրոավտոբուս ու տարել: Ճանապարհին նրան նետել են ավտոբուսի հատակին, փակել աչքերն ու բերանը: Սա նույնպես իմանում ենք Սահակաշվիլու խոսքերից, որ նա հասցրել է փոխանցել իր կողմնակիցներին: Կարծում ենք` սա Ուկրաինայի պատասխանն էր Արևմուտքին, որով Պորոշենկոն փորձեց հասկացնել, որ ինքը խփված խաղաթուղթ չէ և դեռևս ժամանակը չէ իրեն հեռացնելու որպես ձիու մաշված թամբ, որի վրա նստած Արևմուտքը մտավ Ուկրաինա: Պատրա՞ստ է Ուկրաինայի թիվ մեկ օլիգարխ Պորոշենկոն դիմակայելու Արևմուտքի նոր ճնշումներին: Իսկ նոր ճնշումներ, ամենայն հավանականությամբ դեռ կլինեն: Ավելին, եթե նման ճնշում համարենք վրացի դիպուկահարների խոստովանությունն այն մասին, որ Պորոշենկոյի մտերիմ երկու պատգամավորներ անձամբ են հրաման տվել կրակել Մահդանում հավաքված ժողովրդի վրա, ապա կարելի է ասել, որ Պորոշենկոյի համար սկսվում է Արևմուտքի հետսահակաշվիլյան ճնշուների փուլը: Կմեծանա՞ն ճնշումները, թե՞ Պորոշենկոն կհամաձայնի խաղի կանոններին և գորգեր կփռի Սահակաշվիլու առաջ` նրա հերթական գալստյան կապակցությամբ: Սա մոտ ապագայի հարց է: Սահակաշվիլին դիմել է ԵՄ-ին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` միջոցներ ձեռնարկել Պորոշենկոյի դեմ, այլապես Ուկրաինան կփլուզվի:

Ի՞նչը կկանգնեցնի Սահակաշվիլուն: Թվում է` նրան ոչինչ չի կանգնեցնի, քանի դեռ նա միացված կլինի Արևմուտքի սնուցիչ լարերին: Հարցը միայն այն է, թե որտեղ կհայտնվի Սահակաշվիլին այս ողջ աղմուկից հետո: Վերստին Ուկրաինայո՞ւմ, թե՞ մի այլ տեղ, իսկ այն, որ եվրոպական որևէ երկիր, քանի դեռ Սահակաշվիլին գործունակ է, նրան չի արտահանձնի Վրաստանին, դա միանշանակ է: Վրաստանին արտահանձնելը միշտ էլ կմնա որպես Սահակաշվիլուն վերահսկելու լավագույն գործիքը, որը գործի դնելու համար վայրկյաններ կպահանջվեն: Նա հիանալի խաղաց Արևմուտքի դագանակի դերը Ուկրաինայում` ցույց տալով, որ մեր օրերում միանգամայն հնարավոր է «լեգեոներ» ղեկավար դառնալ նաև օտար երկրում:

Սահակաշվիլու հետագա ճակատագրով առանձնապես մտահոգված չենք, բայց և չենք կարող չխոսել այն մասին, որ նրա վիճակում հայտնված մարդու համար լավագույն ընտրությունը կլինի մեղայականով Վրաստանի իշխանություններին հանձնվելը: Ինչ էլ լինի` հայրենիք է, իսկ մարդու ոսկորները հանգիստ են գտնում միայն հայրենի հողում:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X