Ամեն ինչ ավելի վատ է լինելու

Արժեքային այսպիսի ճգնաժամի պայմաններում ո՛չ այս պետությունը ապագա ունի և ո՛չ էլ առավել ևս այս հասարակությունը, քանզի չկան օրենքներ, սկզբունքներ և համոզմունքներ:

Մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ պետությունները չեն կարող որևէ կամայական ռազմաքաղաքական էքսպանսիայի արդյունքում անհետանալ քաղաքական քարտեզի վրայից, ոչ էլ դրա անհրաժեշտությունը կա: Այլ խոսքով ասած Հայաստանը երբեք չի կորցնելու անկախությունը, բայց շարունակելու է գոյատևել կամ քարշ գալ երրորդ աշխարհի ավտորիտար երկրների կարգավիճակով՝ թաղված հետադիմության տիղմի մեջ:

Թերևս յուրօրինակ ընթանցք, բայց ոչ երբեք առաջընթաց այլ տրամաբանական ու անկասելի հետընթաց, քանզի արժեքային կապիտալը անվերադարձ փոշիացվեց, իսկ փոշիացրեցին ընդամենը երկու-երեք տասնյակ ընտանիքներ, իսկ մարդ կոչվածը հիմարի ժպիտով ծամեց իր բաժին խոտը՝ ականջ դնելով այն ազգայնամոլական գորտերին, որոնք դուրս պրծան հազարամյա տիղմի միջից ու խլացրեցին մարդկանց իրենց գենետիկ բացառիկությամբ:

Այստեղ կարող էր լինել որևէ հայրենասիրական գրառում, բայց ոչ հայրենիք կա և ոչ էլ սեր, ի՞նչ հայրենասիրություն, հայրենիքը աշխարհագրական տարածքը չէ, այլ նախնական տեսքով մի դատարկ տարածություն, որը ժամանակի ընթացքում լցվում է անվերջանալի գաղափարներով ու արժեքներով ու անպայման էվոլյուցիոն սկզբունքով, բայց՝ հեղափոխական կանգառներով: Փոխհարաբերվելու առաջնային միջոցները շարունակելու են մնալ կաշառքը, ադաթը և կրիմինալը, ովքեր կդիմանան այս կանոններին ուրեմն կդիմանան, իսկ ովքեր էլ ոչ, ապա լուռ կհեռանան: Խնդիրն այն է, որ գրեթե դիմանալու խնդիր էլ չկա. այստեղ վճարել են օսմանյան սուլթանին, ռուսաց կայսրին, Կենտկոմի քարտուղարներին, ապա ի՞նչն է խանգարում, կվճարեն նաև իրենց կողմից չընտրված, բայց միևնույն ժամանակ իրենց կողմից ընտրված վարչապետին:

Խառնակ ժամանակներում ենք ապրում, երբ առաջին պլան են մղվել օպտիմիստ ապուշները, որոնք հիշում են ամեն ինչ, բայց չեն սովորում ոչինչ, մեզ էլ առաջնորդում են դեպի ինքնախաբեության հերթական փոթորիկը:

Մի՞թե այդ հազարների մեջ գոնե մեկը Պլատոն չի կարդացել, ո՛չ, հիմա Նժդեհի աֆորիզմներն են նորաձև: Ամեն ինչ ավելի վատ է լինելու։

Մեկնաբանություն
X