Տեառնընդառաջը և՛ քրիստոնեական է, և ո՛չ քրիստոնեական

Ազգային-եկեղեցական տոներն որպես կանոն մշտապես սուր բանավեճերի պատճառ են դառնում: Տեառնընդառաջը նույնպես այդ տեսանկյունից բացառություն չէ, եթե չասենք, որ ամենից շատ հենց այդ տոնն է հանրային տիրույթում դիտարկվում որպես քննարկման թիրախ՝ իհարկե Վարդավառն էլ ներառյալ: Տոնի հետ կապված կան բազմաթիվ հարցադրումներ: Առանձնացնենք երկուսը:

  1. Քրիստոնեական ֆունդամենտալիստները մերժում են Տեառնընդառաջի քրիստոնեական բովանդակության հետ միահյուսված նախաքրիստոնեական, դիցաբանական տարրերը՝ դրանք դիտարկելով որպես հեթանոսական արատավոր դրսևորումներ:
  2. Հակաքրիստոնեական տարրերը ( այս ձևակերպման մեջ չեն մտնում անհավատները, այլ՝ իրենց քրիստոնեական քաղաքակրթական-մշակութային միջավայրից դուրս դնողները), Տեառնընդառաջը դիտարկում են բացառապես որպես նախաքրիստոնեական տոն և մերժում են քրիստոնեական ավանդույթը:

Երկու մոտեցումներն էլ չափազանց ծայրահեղական են, հակագիտական և սխալ: Այսինքն պայծառ գլուխները կարող են պնդել, որ Քրիստոնեությունը հայերի համար օտար է, կապ չունի հայկականության հետ, քանի որ ստեղծվել ու ձևավորվել է Պաղեստինում՝ ինչ-որ Պողոս առաքյալի կողմից: Լավ ենթադրենք այդպես է և այդ նույն տրամաբանությամբ Բուդդայականությունը կապ չունի Չինաստանի հետ, օտար է Տիբեթում ապրող մարդկանց համար և թյուրիմացաբար ներթափանցել է Ճապոնիա: Պատկերացնու՞մ եք, ինչ-որ մեկը ինչ-որ ամբիոնից վերցնի ու հայտարարի, թե Բուդդայականությունը Տիբեթի համար օտար տարր է, որովհետև այն ձևավորվել է Հնդկաստանում: Այդ ինչ-որ մեկի վրա հաստատապես լոլիկներ կթափվեն:

Լավ, եթե սկսել ենք տափակություններ ասել, ապա շարունակենք: Իսլամը կապ չունի Արաբական աշխարհի հետ: Ճիշտ է այն ստեղծվել է Արաբական թերակղզում՝ Հիջազում, բայց չէ՞ որ այդ կրոնական համակարգի առանցքային սյուները օտար հիմքերի վրա են կառուցված: Շարունակենք: Ռուսական կայսրությունը կապ չունի ռուսների հետ, որովհետև այն ստեղծվել է Բյուզանդիայի և Ոսկե Հորդայի մշակութային հիմքի վրա, Արտաշես 1-ի ստեղծած պետությունը հայերի համար օտար էր, որովհետև այն հելլենիստական էր: Ի՞նչքան տափակություն ասեցի չէ՞:

Անցնենք բուն թեմային, որն էդքան էլ տափակ չի: Եթե ուշադրություն դարձնենք վերոհիշյալ բոլոր օրինակների վրա, ապա կտեսնեք, որ բոլոր դեպքերում գործ ունենք կոնկրետ քաղաքակրթական-մշակութային համակարգերի հետ, որոնց օրգանական կապերը տեղի ժողովուրդների հետ հնարավոր չէ կասկածի տակ դնել: Բայց նաև նկատեցիք, որ բոլոր դեպքերում էլ մշակութային համակարգերը ունեն օտար հիմքեր, այսինքն տվյալ միջավայր ներթափանցել են պատմական ինչ-որ շրջափուլում: Այսինքն սա հիմք է տալիս պնդելու, որ որպես արժեք կամ ազգային արժեք չի կարելի դիտարկել բացառապես լոկալ աշխարհագրական տարածքում ստեղծված ու ձևավորված համակարգերը: Մշակութային համակարգերը կարող են ունենալ և՛ ներքին ստեղծարար աղբյուր և՛ օտար ստեղծարար աղբյուր: Ու հնարավոր չէ նշել, թե, որ տարբերակն է առավել կենսունակ և արժեքավոր: Այդպիսի համեմատություններով զբաղվելը շատ տափակ զբաղմունք կլինի: Պատկերացրեք, եթե սկսենք որպես ազգային արժեք դիտարկել միայն Հայկական լեռնաշխարհում ձևավորված համակարգերը, ի՞նչ կլինի, տակը բան չի մնա: Այսինքն պատմական ինչ-որ փուլում հայերը Քրիստոնեությունը դիտարկել և օգտագործել են որպես օտար ստեղծարար աղբյուր, դրա հիման վրա կառուցել են սեփական մշակութային -քաղաքակրթական միջավայրը: Քրիստոնեությունը Հայաստանում տեղայնացրել են, հայացրել, այնուհետև ազգայնացրել, ինչպես որ նույնը կատարվել է Բուդդայականության պարագայում Տիբեթում, Չինաստանում, Ճապոնիայում, Իսլամի պարագայում՝ Իրանում, Միջին Ասիայում, Ինդոնեզիայում: Տեսեք Ճապոնական Բուդդայականությունը տարբերվում է չինականից, սա էլ իր հերթին տարվերբում է Տիբեթի Լամայականությունից: Ինդոնեզական Իսլամը տարբերվում է Սև Աֆրիկայի Իսլամից, դա էլ իր հերթին Արաբական թերակղզու Իսլամից: Ինչ-որ գյուտ չեմ անում, սրանք պարզագույն ճշմարտություններ են, որոնք ցանկալի է, որ մարդիկ հասկանան:

Եվ մի բան էլ: Շատերը պնդում են, թե Տրնդեզը հին հայկական տոն է՝ ի տարբերություն օտար Քրիստոնեական տոների: Այդ մարդկանց կարելի է տալ հետևյալ հարցը, կարո՞ղ եք արդյոք ճշգրիտ կերպով քարտեզագրել նախաքրիստոնեական ծիսակարգերի ձևավորման ճշգրիտ վայրերը: Իհարկե, եթե ինչ-որ մեկը փորձի այդ հարցին պատասխանել, ինձ կթվա, որ նա տեղյակ չէ Հին աշխարհի պատմությունից և չգիտի, թե ի՞նչ է իրենից ներկայացնում դիցաբանությունը, չի պատկերացնում, թե տարատեսակ տոնա-ծիսակարգային դրսևորումներն իրենց ունիվերսալ ընդգրկմամբ ինչպիսի լայն տարածքներ են զբաղեցրել։

Քրիստոնեական ֆունդամենտալիստներին անիմաստ է անրադառնալ: Օգուտ չի տա, միևնույնն է նրանք իրենց մոլագար ուղղադավանությամբ Աստվածաշնչից անգիր մեխանիկական հատվածներ են մեջբերելու՝ պնդելով ազգային-եկեղեցական սովորույթների «հեթանոսական» լինելու անհեթեթ թեզը:

Այսպիսով Տեառնընդառաջը ազգային-եկեղեցական խոշորագույն տոն է: Նախաքրիստոնեական շրջանում դրա ազդեցությունն ու ներգործությունն այնքան զորեղ են եղել, որ նույնիսկ Քրիստոնեական շրջանում տոնի մնացուկները պահպանվել են, մոռացության չեն մատնվել և միահյուսվել են քրիստոնեական ավանդույթի մեջ: Այսինքն տեղի է ունեցել մշակութային փոխներթափանցման աստիճանական գործընթաց, որը սխալվելու չնչին հավանականությամբ հանգեցրել է սինկրետիզմի, այսինքն նախաքրիստոնեական ավանդույթները ներթափանցել են արդեն քրիստոնեական միջավայր: Վերոհիշյալը օրինաչափ գործընթաց է, քանզի Քրիստոնեությունը ունիվերսալ համակարգ է՝ օժտված տեղայնացվելու և այլ մշակույթների հետ միախառնվելու մեխանիզմներով:

Տեառնընդառաջն իր բացառիկ դրսևորումներով բավականին նորաձև է արդի Հայաստանում՝ հատկապես գյուղերում: Հետաքրքրական է, տոնն այնքան գրավիչ է, որ դրանով տարվում են նույնիսկ Հայաստանում գտնվող զբոսաշրջիկները: Հաշվի առնելով դրա գրավչությունն ու նախաքրիստոնեական, ինչպես նաև քրիստոնեական արժեքային շերտերի զորեղ ներկայությունը, տոնն այդ պետք է դիտարկվի որպես Հայաստանի մշակութային բռենդ՝ իհարկե մյուս ազգային տոների հետ միասին: Հատկապես որ ներկայումս քաղաքի գժական ջահելները էս հարուստ ծիսակարգային տոնին ինչ-որ պոստմոդերնիստական իմաստավորում են տալիս: Ինքն էն աստիճան եզակի տոնա, որ արժի էքսպորտ անել հարևան երկրներ, իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանը չի կարող արժեքներ արտահանել: Թերևս այսքանը: Կարծում եմ ինչ-որ հարցերի ամեն դեպքում փորձեցի պատասխանել:

Մեկնաբանություն
X