Արմեն Սարգսյանն իրեն միայն եւրոպամետ գործիչ չի համարում (ֆոտո)

Երեկ ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահության անդամների հետ։ Կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանից տեղեկացանք, որ հանդիպմանը մասնակցել է իրենց կուսակցության նախագահության 25 անդամ։ Արմեն Սարգսյանը մենակ է եկել հանդիպման եւ մոտ 2 ժամ զրուցել է «առաջադեմ կոմունիստների» հետ։ Բոլոր ներկաները հարցեր են ուղղել, թեկնածուն պատասխանել է դրանց։

Հիմնականում խոսել են Հայաստանի զարգացման ուղիների մասին։ Արմեն Սարգսյանը չի համաձայնել միայն այն մտքի հետ, որ ինքը եւրոպամետ գործիչ է, ի տարբերություն Սերժ Սարգսյանի եւ կկարողանա հակակշռել Հայաստանի ռուսամետ դիրքորոշմանը։ Նա առարկել է, որ ինքն էլ ռուսական իրականության եւ ԵԱՏՄ անդամ երկրների հետ սերտ կապեր ունի։ Նա խոսել է նաեւ Հայաստանի կյանքին սփյուռքի առավել ներգրավվածության անհրաժեշտության մասին։

Իսկ վերջում ինքը՝ Արմեն Սարգսյանն է հարցրել՝ բա չենք նկարվո՞ւմ։ Վազգեն Սաֆարյանը պայմանավորվածություն է ձեռք բերել թեկնածուի հետ հանդիպում կազմակերպել նաեւ Հայրենական ապրանքարտադրողների միության հետ, որի նախագահը նույնպես ինքն է։

Մեկնաբանություն
X