Սերժ Սարգսյանը շարժվում է Սադամի և Քադաֆիի ճանապարհով

Ընդհանրապես պետության զարգացման առաջնային գրավականներից մեկը իշխանության անցնցում փոխանցման ինստիտուտի առկայությունն է: Ահա սա է ԱՄՆ-ի հարյուրամյակներ շարունակ սրընթաց, անխափան վերելքի ու զարգացման առաջնային պատճառներից մեկը:

Իշխանության անցնցում փոփոխության խնդիրը մարդկության պատմության ողջ ընթացքում պետությունների և դրանցից առաջ գոյություն ունեցող հասարակական միավորումների առջև ծառացած թերևս ամենաանլուծելի մարտահրավերներից մեկն է եղել: Ի դեպ, ներկայումս նույնպես այդ խնդիրը շատ քիչ պետությունների է հաջողվել կարգավորել: Ժամանակակից աշխարհում դիկտատուրայի, ավտորիտար համակարգի ձևավորման պատճառներից մեկը թաքնված է հենց այդ խնդրի մեջ: Նման պետությունները որպես կանոն հեշտ խոցելի են և ամեն պահ կարող են պայթել:

Պատմական փորձը իշխանության փոխանցման զանազան տարակերպեր է առաջարկում՝ ժառանգական, դինաստիական իշխանությունից մինչև էլիատաների կողմից իշխանության ձևավորման պրակտիկա: Նշված և չնշված տարբերակները կենսունակ չեն, և դա փաստում է համաշխարհային պատմությունը:

Իվան Ահեղի մահվանից հետո սպառվեց նաև Րյուրիկովիչների արքայատոհմը: Իշխանությունը իր ձեռքը վերցրեց Բորիս Գոդունովը: Որքան էլ որ Գոդունովը հզոր անհատականություն լիներ, բայց նրա իշխանությունը լեգիտիմ չէր: Արդյունքում պետությունը ներքաշվեց ցնցումների երկարատև շրջափուլի մեջ: Ի դեպ, իշխանության փոխանցման խնդիրը Ռուսաստանի պատմության անբաժան ուղեկիցն է, մարտահրավերն այդ մշտապես ծառացած է եղել նաև Խորհրդային միության և ներկայիս Ռուսաստանի Դաշնության առջև:

Մուհամմադ մարգարեի մահվանից հետո առաջնային խնդիր դարձավ խալիֆի ընտրության հարցը: Մինչ օրս այդ բանավեճը շարունակվում է սուննիների և շիաների միջև, թե ով ի վերջո պետք է դառնար խալիֆ՝ Ումմայի կողմից ընտրված Աբու Բաքրը, թե մարգարեի հետ արյունակցական կապ ունեցող Ալին: Աբու Բաքրից հետո սպանվեցին երկրորդ և երրորդ խալիֆները՝ Օմարն ու Օսմանը, չորրորդ խալիֆ Ալին ահաբեկչության զոհ դարձավ, վերջինիս որդիներից Հուսեյնը եղերական վախճան ունեցավ, իսկ Հասանը զրկվեց իշխանությունից: Ի վերջո Մուավիան զենքի ճնշման ներքո Մադինայի ավագներին ստիպեց ճանաչել իր խալիֆ ընտրվելը և Օմայանների ժառանգական իշխանությունը: Ինչպես տեսանք, դա նույնպես խնդրի լուծում չէր:

Մեկ օրինակ էլ հայոց պատմությունից՝ Արտաշեսյանների արքայատոհմի անկումից հետո Հռոմի և Պարթևստանի կողմից առաջադրված արքայի թեկնածուները, որոնց մեծ մասը Արտաշեսյանների շառավիցներն էին՝ հիմնականում մայրական գծով, ժողովրդի և ավագանու կողմից չէին ընդունվում ոչ միայն այն պատճառով, որ նշանակվում էին օտարների կողմից, այլ նաև հանրության պատկերացումներում Արտաշեսյանները արդեն իրենց սպառել էին:

Օրինակները բազմաթիվ են՝ միջնադարյան Եվրոպայից մինչև Մոնղոլական տերություն, շարքը անվերջ է՝ ընդհուպ մեր օրեր, ինչու չէ նաև Հայաստանի Հանրապետություն: Այսքան երկար գրառումից և պատմական էքսկուրսից հետո պետք է, որ պարզ լինի բուն ասելիքը. մինչ օրս մարդկությանը հայտնի ամենակենսունակ իշխանության ձևավորման տարակերպը ազատ և թափանցիկ ընտրություններն են, բայց գործընթացն այդ հենց այդպես օդից չի ընկնում: Դրա համար պետք է պայքարել, դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է նպաստավոր պայմանների առկայություն:

Հայաստանում շատերն առանձնակի հիացմունքով են խոսում Սադամ Հուսեյնի մասին` պատճառահետևանքային կապով միջազգային տեռորիզմի ակտիվացումը կապելով նաև ժամանակին նրա չեզոքացման հետ: Այսպիսի քարոզչական մոտեցումը կարող է ունենալ միայն մեկ առաքելություն. Մարդկանց համոզել, թե իբր բնականոն զարգացում և խաղաղ գոյակցություն հնարավոր է ապահովել միայն ուժեղ ձեռքի` դիկտատորի առկայությամբ: Որպես կանոն նմանատիպ մեկնաբանությունները ավարտվում են անուղղակի զգուշացմամբ, թե տեսեք Սադամին, Քադաֆիին հեռացնելուց հետո ինչ տեղի ունեցավ Իրաքում, Լիբիայում, հանկարծ չփորձեք նմանատիպ քայլեր ձեռնարկել Հայաստանում: Նմանատիպ մեկնաբանությունները թյուրընկալման կամ էլ ընդգծված քարոզչության արդյունք են. Սադամի կամ Քադաֆիի ստեղծած հավասարակշռությունը խաբկանք էր, ցնորք` նախատեսված միայն մի քանի տասնամյակների համար: Որքան էլ որ կատարյալ չթվա հայր Ասադի կառավարման շրջանը, բայց փաստացի նա նույնպես չէր կարողացել ստեղծել համակեցական մի միջավայր, որը կարող է շարունակական տրամաբանությամբ վերարտադրվել: Ուժեղ ձեռքի (ոչ դիկտատորի) առկայություն միշտ էլ անհրաժեշտ է, բայց դա չի նշանակում, թե ամբողջ համակարգը իր ինստիտուտներով հանդերձ կարելի է կառուցել մեկ անհատի վրա:

Այսինքն՝ Հայաստանում ոչ միայն չի կայացել իշխանությունների անցնցում փոփոխության ինստիտուտը, այլ նաև Հայաստանը ընթանում է Իրաքի և Լիբիայի ճանապարհով։ Սերժ Սարգսյանը Քադաֆիի և Սադամի օրինակով հավերժացնում է իր իշխանությունը։ Իսկ ի՞նչ է լինելու պետության հետ, միգուցե 10-15 տարի հնարավոր լինի միահեծան կերպով կառավարել երկիրը, բայց չէ՞ որ ինչ-որ մի օր իրավիճակն այդ պայթելու է, ինչպես՝ Լիբիայում, Եգիպտոսում, Թունիսում և այլուր։

Մեկնաբանություն
X