2017-ի տնտեսական աճի էֆեկտը կզգացվի հաջորդ տարիներին

Կառավարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականը մենք փակել ենք 7.7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցնաիշով, ինչը դրական են գնահատում նախորդ տարիների ֆոնին։ Ամենայն հավանականությամբ՝ մարտի կեսերին կամփոփվի ու կներկայացվի նաև բուն տնտեսական աճի ցուցանիշը՝ ՀՆԱ-ի մակարդակով։ Ֆինանսաների նախարար Վարդան Արամյանի կանխատեսմամբ՝ 2017 թվականի տնտեսական աճի ցուցնաիշը կկազմի միջինը 7 տոկոս։ Արամյանն ասաց, որ եղել են տարիներ, երբ տնտեսական աճն ու տնտեսական ակտիվությունն իրար շատ մոտ են եղել, տարիներ են եղել, որ մեկ տոկոսային կետի տարբերություն է տվել։ «Այս տարի տարբեր ինֆորմացիաներ, որ համադրում ենք, այդ տիրույթը 6.7-7.4 տոկոսում է»-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Արամյանը։

Այսպիսի աճին, առաջինը, որ նպաստել է, արդյունաբերության ոլորտում գրանցած աճն է, երկրորդը ծառայությունների ոլորտն է, որտեղ գրանցվել է շուրջ 14 տոկոսանոց աճ։ Երրորդ ոլորտը, ըստ նախարարի, առևտուրն է, հատկապես մեծածախ, որտեղ շուրջ 25 տոկոս աճ է գրանցվել։ Արամյանը, սակայն, դժվարացավ գնահատել, թե այս աճի մեջ ինչ ազդեցություն է ունեցել հարկային մարմինների կողմից նոր վարչարարության կիրառումը, քանի որ ՊԵԿ-ը այդ մասին անցած տարի շատ էր խոսում։

«Մենք տարին փակել ենք 1 տրիլիոն 150 միլիարդ դրամ բյուջեով, այն դեպքում, երբ 2016-ին 2017-ի բյուջեի մասին օրենքում հարկային եկամուտների մասով նախատեսել էին 1 տրիլիոն 136 միլիարդ դրամ»,-ասաց նա։ Սա, ըստ Արամյանի, վերջին 8-9 տարիների կտրվածքով երևի թե միակ տարին է, որ բյուջեի ցուցանիշները գերակատարել են․ «Ծախսերի մասով մենք դրել էինք բյուջեում 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ, համադրելին եղել է 1 տրիլիոն 461 միլիարդ։ Այսինքն՝ օրենքի հետ համադրելի մեր ծախսերը 100 միլիարդով շատ ենք կատարել։ Դիֆիցիտը եղել է 266 միլիարդ»,-ասաց Արամյանը։

Արամյանից հետաքրքրվեցինք, թե միջինը 7 տոկոս տնտեսական աճը ի՞նչ ազդակներ կունենա 2018-ին։ Բնակչությունը դա ինչպե՞ս պետք է զգա իր վրա։

«2017 թվականին մենք արդեն լավ ցուցանիշներ ունենք։ Ինչպե՞ս է ազդում տնտեսական աճը հանրության վրա, դա զբաղվածության միջոցով է լինում և աշխատավարձերի աճի մասով, թե մարդկանց եկամուտներն ինչպես աճեցին»,-ասաց Արամյանը։ Նկատենք, որ խոսքը մասնավոր հատվածի մասին է, քանի որ թոշակների ու պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացում 2017-ին 2018-ի բյուջեով չեն նախատեսել։

Հարցրինք՝ կարո՞ղ ենք համարել, որ 2018 թվականը միջանկյալ, «տրամպլինային» տարի է լինելու առաջիկա տարիներին ավելի բարձր արդյունք գրանցելու համար։ «Կարծում եմ՝ այո։ Տեսեք՝ ինչ է լինելու։ Մենք արդեն պետք է ուշադրություն դարձնենք տնտեսական աճի որակական մասին, թե ինքը ինչքան զբաղվածություն է ապահովելու և ինչքան եկամուտ է աճեցնելու։ Եթե դու մոտենում ես պոտենցիալին, հաջորդ տարիներին՝ 2018-ից հետո, 2019-20 թթ․, մենք արդեն պետք է ականատես լինենք, որ զբաղվածությունն ավելի արագ տեմպերով է աճում, և գործազրկությունը ավելի արագ տեմպերով է նվազում»,-ասաց Արամյանը՝ նշելով, որ 2017-ի տնտեսական աճի էֆեկտը զգալու ենք մի փոքր ուշ՝ հաջորդ տարիներին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X