ONE way թու Берлин

Առաջին դեմքից. Արտակ Գեւորգյան

Խնդիրը մենակ Գերմանիա գնալը չէր, փոփոխություն էր պետք: Ինչու Բեռլին որովհետեւ էն, ինչով հետաքրքրվել եմ՝ սթրիթ արթ, երաժշտություն, մշակութային բոլոր ազդեցիկ միջավայրերը, սկզբնավորվել են Բեռլինից։

Գնացի դեսպանատուն, վիզան ստացա, բայց ԱԱԾ-ն ձերբակալեց սահմանին, հարցնում եմ՝ ինչի՞, բացատրում են, որ ԱԱԾ-ի հետ կապված դատական գործի պատճառով: Ասում եմ՝ ես կրել եմ էդ դատը, դատավորի որոշումն էլ՝ մոտս, բայց հետ են ուղարկում ու տենց մի քանի անգամ։

Չորրորդ անգամ եմ գնում, գիտեմ, որ չեմ անցնելու, բայց գնում եմ, նորից ասում են՝ համակարգը չի թողնում, որ անցնես: Մի խոսքով՝ դեբոշ եմ անում ու պատահական անցնում: Վրաստանով եմ գնում, որ ավելի էժան լինի, ավտոստոպով՝ Քութաիսի, էնտեղից էլ սամալյոտով՝ Բեռլին:

Իջել եմ արդեն, բայց դեռ դուրս չեմ գալիս օդանավակայանից, հեռախոսս եմ զարյադկայի դնում, ինձ համար կոմֆորտ եմ սարքում, որ դուրս գամ տեսնեմ՝ ո՞ւր եմ եկել, խի՞ եմ ինձ էդքան ճղել, մեծ հաշվով, որ չգայի, կյանքս չէր սահմանափակվի: Կանգնել մտածում եմ՝ հիմա ո՞ւր պետք ա գնամ, ի՞նչ պետք ա անեմ, ոչ մի բանից տեղյակ չեմ, «գուգլ» չեմ արել, որ Բեռլինի հետ ծանոթանամ: Չգիտեմ ինչ անեմ, դաժը չգիտեմ որտեղ հաց ուտեմ, որ էֆեկտիվ անցնի:

Մի աղջկանից հարցնում եմ՝ մետրոյով ո՞նց գնամ, անգլերեն բացատրում ա, ծանոթացանք մետրոյի մեջ, հարցրեց՝ ի՞նչ ես անում, ես էլ սահմանի պատմությունը պատմեցի ու իմ մասին, փաստորեն՝ ինքն էլ ինձ ճանաչեց, ասեց՝ տանկի նյութը տեսել ա։

Ման էի գալիս կլուբներով, փողոցներով, իսկ գալերեաները, գրախանութները հետաքրքիր չէին: Ինձ ընդեղի առօրյա մշակույթն էր հետաքրքիր, քաղաքի արվեստը՝ միջավայրը։ «Home-ի» նման տեղ էի գտել, վատացնում էր, Բեռլինի տարածքում տենց տեղ չկար, ընդեղ ոչ մի տեղ չէին ծխում, դա միակ տեղն էր:

Ինձ Բեռլինի կենտրոնը հետաքրքիր չէր, այլ Բեռլինի Բանգլադեշը, մարդիկ: Կենտրոնը բուրժուական էր, ծայրամասերը՝ ֆեմինիստական, անարխիստական, ձախեր։ Բեռլինցիք հանդուրժող են, ոչ մեկի տանձին չես։ Տկլոր էլ դուրս գաս՝ չես զարմացնի։ Հիմնականում թուրքերի ուտելիքներն էին դզում։ Թուրքը հարցնում էր՝ որտեղի՞ց ես, ասում էի՝ Հայաստանից, ուրախանում էին։

Բեռլինում սթրիթ արթն ամեն քայլափոխի, սանտիմետրի, բուրժուական ամեն ինչի վրա կա, լեգալ, ոչ լեգալ, խանութների, մետրոների, շենքերի վրա։ Հելել են, գալերեաները չեն ընդունել, բունտ են արել, դուրսն են նկարել (իմ ենթադրությունն ա), հասարակության մի մասն էլ ասել ա՝ խի՞ եք գարլախել մեր քաղաքը, կեսն ասում ա՝ դզում ա, կեսն ասում ա՝ մեր քաղաքը մի փչացրեք։ Իշխանությունն էլ երկու քարի արանքում ա։ Մի քիչ երկար մնայի, կանեի մի բան։ Դա իմ մոտ գործիք ա, որով ստացվում ա իշխանություններին քֆրտել, ինքնանպատակ չի։

Երևանն ու Բեռլինը շատ նման են, ուղղակի ընդեղ որ շատ են, ամեն ինչ ավելի շատ ա։ Մեր մոտ եթե մի բանի համար տասը հոգի ա հավաքվում, էնտեղ՝ հազար։

Սահմանին հարցնում էին՝ ինչի՞ ես գնում, ասում էի՝ գնում եմ ֆռամ։ Իմաստ չկա գնալ մնալու։ Եթե Երևանում խնդիրներ կան, էդ նույն խնդիրներն ընդեղ էլ կան։ Թեկուզ շատ ստանամ, մեկ ա՝ ընդեղ ավելի շատ խնդիրներ կան, նույն հոգեբանական ծանր վիճակները։ Ընդեղի ջահելները քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, հիմա ես էլ սկսել եմ չհետաքրքրվել, ինձ պետք չի, ավելորդ ինֆո ա։

Արևելյան Բեռլին էի գնացել, ոնց որ լրիվ ռուսական մշակույթ լիներ, հիմնականում ռուսներն էին ապրում, զլոյ նացիստ տպեր էին։ Բեռլինում տենց ա, անարխիստը նացիոնալիստին ատում ա։ Ես դա չեմ ընդունում։ Հանդուրժող պետք ա լինես՝ կրոնի, սեռական կողմնորոշման հանդեպ էլ։

Մի պապիի հետ էի շփվում, մոստի տակ պալատկա էր խփել՝ անձրևից պաշտպանվելու համար, սիգարետ ուզեց, փաթաթեցի տվեցի, ասեց՝ քոնը տուր, էլ մի չարչարվի։ Ասում եմ՝ թույն երկրում ես ապրում, կարաս գնաս քաղաքապետարանին, իշխանություններին ասես ինձ գործ ա պետք, տուն։ Ասեց, որ կամավոր ա հրաժարվել էդ ամեն ինչից, ինքը հաստատ կարա դիմի ու ամեն ինչ ունենա, բայց սենց լավ ա՝ ազատ, անկախ, հեռացել ա քաղքենի աշխարհից, մի հատ բաժակ ա դրել, ասում ա՝ փող չեմ ուզում, ով ուզում ա, թող գցի, ես գիրք եմ կարդում։ Որ սոված ա լինում, մեկին խնդրում ա մի հատ սենդվիչ առնեն, սիգարետ բերեն։ Այ, անարխիզմն էդ էր։ Հալալ ա, իրան ոչ ոք չի կարա բոմժ ասի, իրավունք չունի, ուղղակի ապրելակերպ ա, ինքը տենց ա ուզում ապրի։

Ջահելները մարիխուանա էդքան էլ չեն ծխում։ Դեֆակտո կա, ոստիկանությունը հաշտվել ա դրա հետ, թեթև օգտագործելու համար բան չեն ասի, մենակ առնել֊ծախելու համար։ Եթե ուզենաս, հինգ րոպեում կարաս գտնես ծխես, բայց լուրջ եմ ասում՝ ո՛չ պլանն էր ինքնանպատակ, ո՛չ էլ սեքսը, ամեն քայլափոխի կար, ոնց Երևանում, ինձ էդ տարածքներն էին հետաքրքիր։

Իսկ Հոլոքոստի հուշարձանում ոչ մի հետաքրքիր բան չկար, քառակուսի քարեր էին, ուղղանկյուն, ոչ մի առանձնահատուկ բան։

Հյուրանոց անիմաստ էի համարում գնալ, ստեղ֊ընդեղ քայլում էի, մնալու խնդիր չկար։ Փողին էլ ուշադրություն չէի դարձնում, շոփինգի չեմ գնացել, ոչ էլ կայֆավատ լինելու։ 500 եվրո ունեի, մեծ մասը հետ բերեցի։ Որ Հայաստանում մոտս էդքան լիներ, հո չէի՞ ցբխելո՜ւ։

Ինձ ավելի շատ կլուբային վիճակներն էին դուր գալիս, էլեկտրոնային երաժշտության կլուբները։ Շատ էին։ Նույնի ու տարբերի հարց չկա Երևանի հետ, կա շատի ու քչի այլընտրանք։ Տեղացիներն ավելի շատ գաղափարական տեղ են ման գալիս, որ լռվեն։ Օրինակ՝ պիտերցի ընգերս գժվում ա Երևանի համար, ասում ա՝ միակ տեղն ա, որ փաբ ես մտնում՝ է՛լ կապիտալիստ, է՛լ ԼԳԲՏ, ֆեմինիստ, նացիոնալիստ, անարխիստ, մարքսիստ իրար հետ խմում են, սաղ շաբաթ իրար միս եք ուտում, ուրբաթ օրերը գալիս՝ իրար հետ խմում եք։ Գերմանիայում տենց չէր, ամեն գաղափարական հոսանք իրա լռվցնելու տեղն ունի։

Որ եկա Երևան, տեսա, որ ամեն ինչ նույնն էր, նմանատիպ ճարտարապետություն, խանութների դասավորվածություն, նույն կապիտալիստական միջավայրը։ Քյարթու դիզայներից բողոքում են հա՛մ Երևանում, հա՛մ ընդեղ։

Հերոսների նկար անելն էլ ա սթրիթ արթ։ Ես դեմ չեմ լյուբոյ բանի։ Պետք ա քննադատվի, թող ջնջի իմ արածն ու իրա հերոսի նկարը նկարի, ես ոչ ոքի նկարը չեմ ջնջում, կարևոր չի՝ իմ գաղափարներին դեմ ա, թե ոչ։ Էդ ամեն ինչը պետք ա լինի՝ սիրուն, գեշ, անիմաստ, իմաստով, բազմազանությունը թույն բան ա։ Եթե Հայաստանում տենց մշակութային պայթյուն լինի, մի տասը տարուց ամեն ինչ կփոխվի։ Միշտ այլընտրանքներ պետք ա լինեն, որ ինադու ստանդարտից դուրս գաս։ Պետք ա ձևաչափերը ջարդես։ Ես չեմ կարա մեկին գնամ ասեմ՝ քո արածն արվեստ չի, իմ արածն արվեստ ա, շատ դեպքերում իմ արածն էլ արվեստ չեմ համարում։ Իսկ Բեռլինում արդեն դրա վրա թքած ունեն, էնքան շատ ա դա, որ վիճակ ա, միջավայր, զա կայֆ։

Էնպես չի, որ կուզեի Բեռլինում մնամ, բայց չեմ էլ ուզում Երևանում մնամ՝ հերոս դառնամ, իբր սթրիթ արթ, էլեկտրոնային երաժշտություն զարգացնեմ, չէ, ոնց կա, թող տենց գնա։ Մի հատ ֆունդամենտալ բում լիներ, ամեն ինչով խառներ, տեսնեինք ինչ կլինի։ Ինձ իշխանություն կոչվածը ցանկացած դեպքում չի դզում, ով էլ լինի իշխանության։

Հեղափոխություն թող երբ ուզում է, լինի, մեկ ա՝ ստեղ եմ լինելու, իսկ եթե Իրանում հեղափոխության համար «պադձերշկի» կարիք լինի՝ կգնամ։

Բեռլինի իշխանությունները ջահելներին տվել են էն ամենը, ինչ պետք ա՝ պլան, արվեստ, փողոցային արվեստ, թեկուզ իրանց դեմ, գալերեաներ, արվեստանոց, թոշակ, ինչ ուզում ես, արա, բայց մի խառնվի։ Սոցիալական ապահովություն կա, ու ուղեղներն անջատած ապրում են, ճիշտ ա՝ նույնիսկ էս ամենի հետ չհաշտվող մարդիկ կան, որ պայքարում են ավելիի համար։

Բեռլինում ոչ մի բան չեմ գտել, փորձել եմ համեմատել, հիմնական հարցադրումն էդ էր, չկար մի բան, որ ընդեղ կար, ստեղ չկա։ Իմ մոտ զուտ տարածքի փոփոխությունն ա, ընդեղ էլ եմ աշխատելու, ընդեղ էլ եմ բողոքելու, ընդեղից էլ եմ հոգնելու ու գնամ ուրիշ տեղ։

Վերադարձա Երևան, ոչ մի արտառոց զգացողություն չկար, Վրաստանից ավտոստոպով եկա, սահմանին ճանաչեցին, զարմացան, ասեցին՝ յա, էս հե՞տ ես եկել։

Սահմաններ չպետք ա լինեն, որ մարդիկ ազատ գնան-գան, որովհետեւ, երբ շարժ ա լինում, էդ շարժի հետ միասին արժեքներ էլ են գալիս։

Պատրաստեց Կարպիս Փաշոյանը

Հրապարակ մշակութային հավելված

Մեկնաբանություն
X