Քանի դեռ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, պետությունը զարգացման որևէ հեռանկար ունենալ չի կարող

Իսկ դուք գիտե՞ք, որ հայաստանցիների ճնշող մեծամասնությունը Եհովայի գոյությանը ավելի շատ է հավատում, քան՝ Հայաստանի արդարադատությանը: Եհովային ու Յահվեին դնենք մի կողմ, քանի որ պետության իրական ողբերգությունն արդարադատության չգոյության մեջ է:

Անվստահությունն արդարադատության նկատմամբ նշանակում է, որ մարդկանց գիտակցության մեջ պետություն որպես այդպիսին գոյություն չունի կամ էլ դրա վերաբերյալ պատկերացումները չափազանց աղճատված են: Իսկ, երբ գիտակցական տիրույթում պետությունն արժեզրկվում է, ապա վաղ թե ուշ ճանաչողության արդյունքում ի հայտ եկած գնահատականը տեղափոխվում է գործնական տիրույթ և մարդիկ պետության գոյության ճշմարտացիությանը արդեն սկսում են կասկածել իրենց վարքագծով: Կա՛մ հեռանում են կա՛մ էլ բոյկոտում համակեցական կյանքի գրեթե բոլոր կարևոր դրսևորումները, ասում են՝ չենք հավատում, թքած ունենք և դրա համար էլ անտարբեր ենք, ինչ ուզում եք արեք:

Տեսեք, եթե Հայաստանում ապրող որևէ գյուղացու հարցնենք, թե ինչու՞ են Ժիրայր Սեֆիլյանին փորձում դատապարտել 11 տարվա ազատազրկման, ապա կհնչեն մոտավորապես հետևյալ պատասխանները. «արդարություն չկա, ամեն ինչ որոշված ա, մինչև վերջ պետք ա փակեն»: Սրանք պատահական պատասխաններ չեն, համոզված եղեք, որ բնակչության ճնշող մեծամասնությունը կտար հենց այսպիսի գնահատականներ դատական գործընթաց կոչվող այն կրկեսին, որն իրականում ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է:

Այսինքն գյուղացու գիտակցության մեջ արդեն իսկ արմատավորվել է այն ճշմարտությունը, որ քաղաքական հաշվեհարդարն օրինաչափ պրակտիկա է և արդարադատությունը նախատեսված է հենց դրա համար: Փաստորեն անհատն այլևս չի հավատում պետության գոյությանը, իհարկե այդպիսի հայտարարություն չի անում, բայց փիլիսոփայական տեսանկյունից նրա ճանաչողության տիրույթում գաղափարն այդ աստիճանաբար հալվում է ու արժեզրկվում:

Դրա համար մի զարմացեք, երբ Հայաստանի քաղաքացիները տարերայնորեն հանձնվում են եվրոպական ճամբարներ, ավելին՝ գյուղացիների մի զգալի մասը իրենց ավելի շատ ասոցացնում են Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի հետ:

Մարդկանց գիտակցության մեջ պետության գաղափարի արժեզրկումը մեկ կամ երկու օրվա ընթացքում չի լինում և ոչ էլ պետք է դա մեծ բումի դրսևորմամբ պատկերացնել:

Երբեմն հայրենասիրական պոռթկումներ են լինում, քոչարի են պարում, թուրք սպանելու ցանկություն հայտնում, բայց ամենն այս պատրանքի արդյունք է: Հայրենասիրությունն էլ զգացմունքային ինչ-որ ակնթարթային, եթերային ջղաձգում է և՝ ոչ ավելին, օրգազմի պես:

Փաստը մնում է փաստ, որ տարիների ընթացքում արդարադատության, սոցիալական արդարության բացակայության պայմաններում մարդիկ այլևս չեն հավատում Հայաստանի գոյությանը:

Քանի դեռ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, պետությունը զարգացման որևէ հեռանկար ունենալ չի կարող: Ճիշտ է, մարդիկ վարքագծով ներկայումս անտարբեր են այդ փաստի նկատմամբ, բայց դա էական չէ: Միևնույնն է նրանց գիտակցությանը հասնում են քաղաքական հաշվեհարդարի արատավոր ազդակները՝ ենթագիտակցական տիրույթում հուշելով, որ հաջորդը կարող եք դուք լինել, ինչու չէ՝ հենց դու: Վաղը կգան նաև քո ետևից:

Չհավատալ Հայաստանի արդարադատությանը, նշանակում է չհավատալ նաև Հայաստանի անկախությանը, քանի որ արդարադատությունը համակեցության մեխն է, բնականոն կյանքի երաշխավորը: Առանց դրա ո՛չ անկախությունն իմաստ ունի և ո՛չ էլ պետությունը:

Մնացյալ բոլոր դրամատաիկ ձևակերպումները կեղծ են ու արհեստական:

Մեկնաբանություն
X