Թունել

«Կամ ջրհորն էր շատ խորը, կամ նա ընկնում էր շատ դանդաղ,

միայն թե նա բավականին ժամանակ ուներ, որպեսզի ուշքի գար

ու մտածեր, թե ինչ էր լինելու այնուհետեւ»:

Լյուիս Քերոլ. «Ալիսը՝ հրաշքների աշխարհում»

Արթնացավ ցրտից: Ե՞րբ հասցրեց քնել: Պարզապես ննջել է: Սովորության համաձայն, մի աչքը բացեց, որ քունը չփախչի: Կիսամութի մեջ մի քանիսը ծխում էին, մեկը զուսպ տնքում էր: Հիշեց ամեն ինչ: Մտքում դառը ժպտաց. «Ամեն տեղ քիթդ խոթում ես, տեղն է»: Փորձեց արդարանալ. էլ ի՞նչ լրագրող, որ քիթն ամեն տեղ չխոթի: Այո, քիչ հավանական է, որ կփրկվեն, բայց տասնյակ լրագրողներ են, չէ՞, ամեն տարի զոհվում:

Պատկերացրեց իր թաղումը: «Մորիցս բացի է՞լ ով սրտանց լաց կլինի»,- ու աչքերի առջեւ պատկերվեց սեւազգեստ Մանեի տխուր դեմքը, ում չհասցրեց ասել ամենակարեւորը…

  • Եթե լրագրողի մասնագիտություն ես ընտրել,- փորձեց հուսադրել իրեն,- ամեն ինչի պատրաստ եղիր, տղա՛ս:

Դեմքն անսպասելի պայծառացավ.

  • Եթե ողջ մնանք, ի՜նչ ցնցող նյութ է ստացվելու:

Խոնավ, սարսռեցնող ցուրտ էր: Ամենից շատ ուսագլուխներն ու գոտկատեղն էին մրսում: Հասցրել էր երազ էլ տեսնել: Ծանոթ պատկեր. թեթեւ սուրում ու սուրում է մշուշապատ թունելով, իսկ լույսն այդպես էլ չի երեւում…

  • Տղերքին մի բան չպատահի,- մոտիկից լսվեց ծանոթ մի ձայն:

Նա լրագրողին պատկերացավ խորհրդարանի խոսափողի մոտ պատգամավորների հարցերից ճարպկորեն խուսանավելիս:

  • Պինդ տղերք են, կդիմանան,- անվստահ ասաց մի ուրիշը:

Մյուս աչքն էլ բացեց: Քիչ այն կողմ անզոր պառկած էր գյուղնախարարը: Շնչում էր անհամաչափ ու ծանր: Նախկին ինքնագոհ-երեւելի կեցվածքից հետք չէր մնացել: Շինարարության երիտասարդ նախարարը թեքվել էր նրա վրա` իբր ցրտից պաշտպանելու համար:

  • Մենակ թե ջուրը բաց չթողնեն,- ծանր լռության մեջ թնդաց գործարար պատգամավորի առնական ձայնը,- մեր բանը բուրդ կլինի:

Լրագրողը ձեռքը երկարացրեց աղոտ լույս արձակող լապտերի կողմը: Ժամը երեքն էր: Գիշե՞ր էր, թե՞ ցերեկ:

  • Եթե փրկվենք, հրաշալի ակնարկ կգրեմ,- մտածեց տղան,- չէ´, սա լավ պատմվածքի նյութ է, պատմվածք կգրեմ:

  • Վարդանի վիճակը հեչ լավ չի,- հարեւանին ցածրաձայն ասաց մեկը,- ինչ անենք` չգիտենք:

  • Զարկերակը ստուգեք,- ասաց մյուսը,- զարկերակն ամեն ինչ ասում է:

Ակնարկ էր, թե պատմվածք՝ մտքում արդեն գրվում էր.

«Մեր պատվիրակությունը» տեղավորվել էր անիվավոր տրակտորի քարշակում, եւ ուղեւորությունը աղոտ լուսավորված թունելով առավել քան ռոմանտիկ էր ինձ համար: Կատակներին վերջ չկար: Թունելագործի արտահագուստի մեջ բոլորս էլ ծիծաղելի էինք: Վերանորոգման ծավալների մասին կարծիք կազմելու համար մենք պետք է անցնեինք թունելի 48 կիլոմետրանոց հատվածը: Կողքս տեղավորված երեք նախարարներին ավելի շատ տեսել եմ ասուլիսների կամ խորհրդարանական հարց ու պատասխանների ժամանակ: Հիմա նրանք այնպես են պահում իրենց, ասես թունելը կառուցողներն են եղել: Ավելի տպավորիչ է գործարար պատգամավորի կերպարը, որի աշխատողներն էլ պիտի վերանորոգեն թունելը: Մեզ հետ են նաեւ տեղամասի պետը, երկու թունելագործներ եւ մի քանի ինձ անհայտ մարդիկ: Մեր ուսումնասիրությունը կտեւի մոտ երեք ժամ, իսկ հետո, պայմանավորվածության համաձայն, ջուրը բաց կթողնեն, ու մինչ վերանորոգումը սկսելը Արփան կհոսի դեպի Սեւան: Մեքենան ցեխի ու ջրի միջով դանդաղ առաջ էր գնում:

Շինարար պատգամավորը վաղուց մոռացված մի երգ սկսեց` «Ջեյրանի պես սարերով…», ու բոլորս, մեզնից բառեր հորինելով, ձայնակցեցինք: Հրաշալի, անմոռաց պահեր էին: Եվ, հանկարծ, տրակտորի «քիթը» թափով խրվեց ցեխի մեջ, ու մենք խառնիխուռն թափվեցինք իրար վրա:

Սկզբում փորձեցինք կատակել, հետո հասկացանք, որ հայտնվել ենք անելանելի վիճակում:

  • Աբրամի՛չ, քո սոտովին հզոր է, հլա զանգիր վերեւ,- խնդրեց շինարարության երիտասարդ նախարարը:

  • Ա՛յ տղա, մենք 600 մետր գետնի տակ ենք, ի՜նչ սոտովի, ի՜նչ բան,- քամահրանքով ասաց երկրի ամենաազդեցիկ նախարարը, որին լրագրողները պարզապես «սուպեր» էին անվանում:

  • Մի հատ ծխելու բան տվեք,- պահի համար անհեթեթ հանգստությամբ ասաց նա,- իմը թրջվել է:

Բոլորը մի-մի հատ «կպցրին», նույնիսկ` չծխողները:

«Ուշքի գալուց հետո,- մտքում շարունակեց գրել լրագրողը,- որոշեցինք երկու ամրապինդ թունելագործներին ուղարկել` օգնություն կանչելու: Ամենակարեւորը` ասեն, որ ջուրը չթողնեն: Նրանք մեր ունեցած երեք լապտերներից երկուսը վերցրին ու մինչեւ գոտկատեղը խրվելով տիղմի մեջ` քիչ հետո անհետացան թունելի կեռմանում…»:

Թափքի հեռավոր անկյունում մեկը խուլ տնքում էր:

  • Տեսնես տղերքը տեղ կհասնե՞ն,- մտահոգ ասաց պատգամավորը,- նրանց գործն է դժվար:

  • Կարեւորը՝ ջուրը բաց չթողնեն,- ասաց գյուղնախարարը:

Լրագրողը փորձում էր շարունակել իր ակնարկը թե պատմվածքը: Չէր ստացվում: Այժմ նրան ուրիշ բան էր հուզում. «Տեսնես ի՞նչ են մտածում պարոնայք նախարարները: Ո՞վ կկարծեր, որ փողի մեջ լողացող էս մարդիկ մի օր ինձ հետ կհայտնվի ծուղակում: Ասում են` մի գիշերվա մեջ հիսուն միլիոն դոլար է տանուլ տվել ցրտից դողացող այս թշվառականը: Հիսուն միլիո՜ն, իմ…,- մտքի մեջ սկսեց հաշվել,- 40, թե՞ 400… 400 տարվա աշխատավարձն է»:

  • Աբրամի՛չ,- իր համար էլ անսպասելի շշնջաց կողքինի ականջին,- էդ կազինոյի պատմությունը ճի՞շտ էր…

Նախարարը կիսամութի մեջ ալարկոտ ժպտաց:

  • Ու դու քրիստոնյա ես, հա՞…,- դուրս թռավ տղայի բերանից:

«Քիչ հետո ջուրը կգա, բոլորիս կքշի գրողի ծոցը,- մտքում քմծիծաղեց «սուպերը»,- իսկ էս հիմարը ժամանակ է գտել…»:

  • Էդ ի՞նչ եք քչփչում,- շողոքորթ ժպիտով մեջ ընկավ շինարարության երիտասարդ նախարարը:

  • Հե´չ, ասում եմ, որ երկաթ ու ցեմենտ չգողանայինք, վերանորոգման կարիք չէր լինի,- չգիտես ինչու՝ ծիծաղեց «սուպերը»,- ու հիմա մենք էստեղ չէինք հայտնվի:

Երիտասարդ նախարարը, ասելիք չգտնելով, անիմաստ ժպտաց:

  • «Սխալ ենք ապրում, տղե՛րք, սխա՛լ,- ներսում ասաց «սուպերը»,- իսկապես էլ քրիստոնյա չենք, մտքներիս տեղ լիներ` էս երկիրը դրախտ կդարձնեինք: Պարզապես աչքներս մի քիչ կուշտ լիներ…

  • Վարդանն ուշաթափվել է,- հանգիստ ասաց պատգամավորը,- բժշկությունից ո՞վ է բան հասկանում:

Լապտերի լույսն ուղղեցին տեղամասի պետի դեմքին: Նրա աչքերը կիսախուփ էին:

  • Արհեստական շնչառություն տանք,- առաջարկեց մեկը:

  • Ի՞նչ ես խոսում,- սաստեց մեկ ուրիշը,- հագուստը հանենք, որ մարդը կարողանա շնչել:

Մինչ Վարդանին կազատեին թունելագործի ծանր հագուստից, նա դանդաղ բացեց աչքերն ու մեղավոր շշնջաց.

  • Բանի տեղ մի դրեք, մի քիչ ճնշում ունեմ…

Լրագրողը շարունակեց «գրել». «Մթնոլորտային բարձր ճնշմանը չդիմանալով` քիչ առաջ ուշաթափվել էր գյուղնախարարը, հենց նոր ուշքի բերեցինք տեղամասի պետին: Ներքուստ ոչ մեկս էլ հույս չունի, թե կփրկվենք: Բոլորն էլ իրենց արժանապատիվ են պահում: Ուտելիք չկա, եւ այդ մասին չենք ուզում հիշել: Առանձնապես տղամարդավարի է իրեն պահում «սուպերը»: Նա հիմա ծունկը դրել է հիվանդի գլխի տակ ու սրտապնդում է նրան…»:

  • Ապեր ջան,- հիվանդի ականջին մոտ ասաց «սուպերը»,- մենք ըսե՞նց բաների ենք դիմացել, համբերի, ուր-որ է՝ կգա օգնությունը:

Վարդանը թույլ սեղմեց նրա ձեռքը, փորձեց ժպտալ:

«Անիծված լինեմ,- մտքում տնքաց Աբրամիչը,- էս ջահելը հիվանդությունը թաքցրել է, որ աշխատի նման պայմաններում, իսկ դու… կլորիկ գումար պոկելով պատգամավոր ընկերոջիցդ՝ նրան մրցույթում հաղթող սարքեցիր: Է՛ս ես դու, բարեկա՛մ: Աստված էս բաները, ախր, ո՞նց ների…»:

  • Աբրամի՛չ, հեչ հույս չկա՞,- չկարողացավ ձայնի դողը թաքցնել գյուղնախարարը:

«Ընկերոջ նյարդերը տեղի են տալիս,- մտածեց «սուպերը»,- լավ չի,- դեմքը խստացավ,- դո՛ւ, ախր, ո՞նց ընկար մեր ուռկանը: Երկու տարի առաջ թուր էիր ճոճում` չարաշահումների, կոռուպցիայի դեմ պայքա՜ր, փլա՜ն-փստա՜ն, նախարարի պաշտոն ստացար ու…»:

Հայացքը շրջեց մյուս նախարարի կողմը. «Էս ջահելն էլ ժրաջան ասպատակող դուրս եկավ, բայց ներվերիս վրա ազդում է սրա լղոզվելը»:

  • Ոնց որ ջուրը եկավ,- մտորումներից կտրեց լրագրողի տագնապած ձայնը,- ջրի ձայն չե՞ք լսում:

  • Չէ՛, չենք լսում,- կոպտորեն ասաց պատգամավորը:

Երիտասարդ լրագրողը ամոթահար լռեց: «Կարծես թե շատ էլ չեմ վախենում,- մտածեց տղան,- ինչո՞ւ էդ բանն ասացի»:

«Թողնես մեծ-մեծ փրթեն էս ջահել լրագրողները,- մտքում անչար ժպտաց «սուպերը»,- բարոյականության դասեր կտան, կոռուպցիայից-բանից կխոսեն, իսկ երբ տեղը գա, չեն խորշի պատառ փախցնելուց»:

Ծխախոտը մատն այրում էր, փորձեց մի քիչ էլ դիմանալ. «Տղա՛ ջան, քո՞ նման մտավորականներ են նյութեղենով գայթակղվել: Էս 10-15 տարում քանի՜ միլպետ, նախարար, պատգամավոր ու պալատական երկնեց մեր արվեստի աշխարհը: Անշուշտ, իրենց տաղանդը նրանք զոհաբերում են հանուն ազգի բարեկեցության եւ միակարծիք են մի սկզբունքային հարցում` անցման շրջանում ալան-թալանը, կոռուպցիան տվյալ երկրի համար պատմական անհրաժեշտություն է… Անցման շրջան… հանճարե՜ղ է ասված:

Ինչքա՜ն հարգված մարդիկ կորցրին իրենց դեմքը… Սիրտդ խառնում է»:

Նոր ծխախոտ վառեց: Անծանոթ մի զգացում էր արթնացել մեջը, եւ զգում էր` դրանից պրծում չկա: «Տղա՛ ջան,- վերադարձավ լրագրողին,- ախր դու էլ քո տրամաչափի թալանչի ես: Սրա-նրա մասին թերթում պատվերով բան ես թխում, մի տեղ շանտաժ ես անում, մի ուրիշ տեղ` շողոքորթում: Սկզբունքից-բանից ես հարցնում, մեկը հարցնող լինի` քո՛ «կրեդոն» որն է»:

Արհամարհանքով նայեց թափքի անկյունում կուչ եկած տղային:

  • Տեսնես ի՞նչ եղան տղաները,- պատասխան չակնկալելով` հարցրեց պատգամավորը:

  • Պետք է որ տեղ հասած լինեն,- ակամա արձագանքեց լրագրողը:

«Տղա՛ ջան, ինքդ էլ գնայիր հետները,- ասես դրան էր սպասում «սուպերը»,- թե՞ էդ մարդկանց ճակատին գրված է, որ պիտի ծառայեն էլիտային: Դու, ես, էս գյուղ ու շիննախարարնե՞րն են էլիտար: Վա՜յ էս ազգին…»:

Երեւի բարձրաձայն էր ծիծաղել, բոլորը շրջվեցին նրա կողմը:

  • Ամեն ինչ նորմալ է,-ասաց,- բան հիշեցի:

Տիրեց ծանր լռություն: Բոլորը լարված սպասում էին…

Հիշեց մանկությունը: Պետոյի ծակ գնդակով ֆուտբոլ էին «չլում» հանդերում:

Ոտքերը վերքերից երբեք չէին լավանում: «Չլիկ-դաստա», «Բանկա-փլավ», «Հավալլա», «Լախտի»… Ի՜նչ խաղեր էին…Աչքերը լցվեցին…

  • Կարծես թե ջուրը բաց են թողել,- հեռուներից ականջին հասավ անհանգիստ մի ձայն:

Սթափվեց, գյուղնախարարն էր: Վախից նրա աչքերն ասես առաջ էին եկել: Նա կարծես շնչում-արտաշնչում էր բարձրախոսի մեջ: Ուրեմն տղերքը չհասցրին դուրս գալ թունելից: Ա՜յ քեզ անհեթեթ մահ: Ինչքա՜ն պայմանավորվածություններ ունի. մեկին տարածք է խոստացել, մյուսին` պաշտոն, երրորդին… «Ինձ որ մի բան լինի, քանիսն են գլխներին տալու…,- տխուր ժպտաց,- վրաս լացողների պակաս չեմ ունենա…»:

  • Աբրամի՛չ, մի բան մտածիր, կորած ենք…

Էլի գյուղնախարարն էր. չպատասխանեց: Զարմանալի հանգստություն էր իջել վրան:

«Ա՛յ տղա,- մտածեց,- տարբեր ամբիոններից ո՜նց էիր գյուղացիներին հիմարացնում. է՛լ վարկեր էիր խոստանում, է՛լ պարարտանյութ, գյուղտեխնիկա…Ու ի՜նչ համոզիչ էր խոսքդ,- բարկացավ,- տիրոջդ մերը… գոնե մարդկանց բերքն իրացնելու հարցում օգնեիր: Հենց անցյալ տարի տոննաներով նեխած կաղամբ թափեցին գետը, իսկ դու էդ ընթացքում աճպարարություններով վարկեր էիր հորով-մորով անում»:

Մեղքը եկավ, մի տեսակ նույնիսկ գորովանքով նայեց նրա կողմը. «Ինձ նման սրան էլ համակարգը փչացրեց»:

Լապտերի լույսը խամրել էր, ու համարյա ոչինչ չէր երեւում: Տագնապը փոխանցվել էր բոլորին: Անորոշ, սարսռեցնող ձայնը երբեմն ուժգնանում, երբեմն թուլանում էր:

«Հնար լիներ՝ գնայի հեռու-հեռավոր մի գյուղ, հող մշակեի, հավ ու ճիվ պահեի, օղի թորեի, երեկոյան ճիժ ու պժով սեղան նստեի…»:

Ինչ-որ մեկը ծանր հոգոց հանեց: Օդի հոսանքն ավելացավ:

«Հնար չկա,- վերադարձավ նախկին մտքին, պտտվող թմբուկը, որի մեջ մտել ես, ելք չունի: Դու պարզապես խաղացող ես` այսինչ համարի տակ, այսինչ դերով»:

Ձայնը լսվեց մոտիկից: Այն, թունելի պատերին խփվելով-փշրվելով, առաջանում էր: Բոլորն ակամայից սեղմվեցին իրար:

«Էսքան փողի ու կարողության մեջ… գոնե մարդավարի մեռնեի… Է՜խ, Աբրամիչ, Աբրամիչ…,- ժպտաց,- ջրի բերած, ջրի տարած…»:

Հեռվից լույս երեւաց: Բոլորն ապշահար-հմայված նայում էին ու բան չէին հասկանում: Լույսը թրթռալով, ավելանալով՝ մոտենում էր:

  • Տղե՜րքը…,- սառած ձայնով ասաց մեկը:

Ոչ ոք չարձագանքեց:

  • Տղերքը եկա՜ն…

Թափքում խլրտոց ընկավ: Լրագրող տղան խենթացած ցատկեց ջրափոսի մեջ ու անհասկանալի ինչ-որ բան էր բղավում: Հետո նա իր ակնարկը թե պատմվածքը պիտի ավարտեր այսպես. «Եթե տղաները կես ժամ էլ ուշանային (իսկ նրանք, ինչպես հետո իմացանք, կիսամեռ վիճակում էին թունելից դուրս եկել), Արփան իր ալիքների մեջ կառներ մեզ ու կքշեր դեպի Սեւան…

Լո՜ւյս… ամենաթանկ բանն աշխարհում: Մենք ագահաբար շնչում էինք սարահարթի կանաչաբույր օդն ու սիրով, անհուն ջերմությամբ նայում միմյանց: Մենք դիմացել էինք փորձությանը…»:

«Սուպերը» նստել էր չեչոտ մի քարի վրա ու, հայացքն անորոշ հեռուներին, լուռ ծխում էր: Թիկնապահները պատշաճ հեռավորության վրա սպասում էին հրահանգի: Քիչ այն կողմ ծառից կախ տված ոչխար էին մաշկում թունելագործները: Պատգամավորը փող էր բաժանում փրկարարներին:

  • Ինչ ուզում ես, ասա, լավ ազգ ենք,- մտածեց Աբրամիչը:

Հետո ձեռքի հեռախոսի վրա ինչ-որ համար հավաքեց:

  • Ապեր, դոլարի կուրսին հո չե՞ք կպել… ապրես… մերսի, առանձնապես բան չկար, մի քիչ մրսեցինք թունելում… եղավ, ընտրություններից առաջ կասեմ ինչ անես…

Խորովածի հոտը բռնել էր շրջապատը: Թիկնապահներից մեկը մոտեցավ.

  • Ձեր կինն է զանգում…

  • Ժամանակ չկա, ասա` ես հետո կկապնվեմ:

Ուրիշ համար հավաքեց.

  • Ճիշտ ժամանակն է, բենզինի, սալյարկի գինը բարձրացրեք… ի՞նչ…լսողության հետ պրոբլե՞մ ունես… վե՛րջ:

Խորովածն ու խաշլաման պատրաստ էին: Բոլորը համերաշխ սեղան նստեցին:

Քշվող ամպերի միջից երբեմն-երբեմն ժպտում էր մի փոքրիկ արեւ, եւ լայնատարած մարգագետինների վրա խայտաբղետ գույներ ու ստվերներ էին խաղում…

Սիմոն ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանություն
X