Վերհիշելով Լորիս-Մելիքովին

Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում երեկ տեղի ունեցավ Ռուսաստանի կայսերական շրջանի նշանավոր պետական գործիչ, հայազգի Միքայել Լորիս-Մելիքովի մասին գրքերի շնորհանդեսը։ Լորիս-Մելիքովը ծնունդով Թիֆլիսից էր։ Իսկ գրքերի լույսընծայման գործն իր վրա էր վերցրել նրա համերկրացին՝ Թբիլիսիում ծնված եւ Հայաստանում այժմ ապրող, մասնագիտությամբ պատմաբան Գագիկ Աղաջանյանը՝ «Ապավեն» ընկերության համանախագահը։

Գրքերից մեկը կենսագրական ակնարկ է Լորիս-Մելիքովի մասին, մյուսը նրա փառահեղ անցյալի նկարագրությունն է՝ «Անպարտելի զորավարը, իմաստուն պետական գործիչը, նվիրյալ հայորդին» վերնագրով, նաեւ ֆիլմ է նկարահանվել՝ Սերգո Երիցյանի սցենարով։ Շնորհանդեսին մասնակցում էին հայտնի դեմքեր՝ գործարար Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը, Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը եւ ուրիշներ։ Գագիկ Աղաջանյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Նման մասշտաբի քաղաքական եւ պետական գործիչ հայ իրականության մեջ ունեցել ենք մեկ-երկու հոգի։

Լորիս-Մելիքովն անարժանիորեն մոռացության էր տրվել՝ հասարակ պատճառներով։ Նա ցարական պետական ծառայող էր, բնական է, ուստի սովետական տարիներին ինչպե՞ս կարող էին ցարական գործչի մասին խոսել։ Բայց մի շատ կարեւոր հանգամանք կա․ պատկերացրեք՝ ինչքան մեծ պետք է լինի պետական գործիչը, որ երբ մի ամբողջ եկեղեցական համալիր վերացրել է այդ եկեղեցու շուրջը գտնվող դամբարանները, չեն համարձակվել Լորիս-Մելիքովի նման մարդու գերեզմանն էլ վերացնել, դեռ մի բան էլ վերցրել ու վերահուղարկավորել են Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում»։

Նկատեցինք, որ Վրաստանի դեսպանի ներկայացուցիչն իր ելույթում ակնարկեց, թե Լորիս-Մելիքովը վրացի է։ Աղաջանյանն արձագանքեց․ «Միայն Լորիս-Մելիքովի արտահայտած այն միտքը, որ «մենք՝ ռուսահայերս, եւ դուք՝ թուրքահայերդ, ունենք մեկ հայրենիք՝ Հայաստանը, եւ պետք է ամեն ինչ անենք հանուն հայրենիքի», դրանով արդեն ամեն ինչ ասել է իր ազգային պատկանելության մասին»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X