Մարդիկ իրենց վերագրում են ընդդիմադիրի կարգավիճակ

Նախօրեին ԱԺ-ում քննարկվել է «Հանրային խորհրդի մասին» նոր օրինագիծը, ըստ որի սահմանվում է, որ ՀԽ-ն ունենալու է ոչ թե 36, այլ 45 անդամ, եւ ֆինանսավորվելու է բյուջեից՝ առանձին տողով: Նոր օրենքով Հանրային խորհրդում 12 ոլորտային հանձնաժողովների փոխարեն կլինեն 15-ը: ՀԽ-ի առաջին 15 անդամներին կնշանակի կառավարությունը։

Սակայն Հանրային խորհրդի դերը եւ, ընդհանրապես՝ կառույցն ամբողջովին քննադատել են ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը, ով նշել է, որ ՀԽ-ի առաջարկների վրա՝ եթերի որակից մինչեւ սուպերմարկետների թվի սահմանափակման հարցը, ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ «Թքած են ունեցել այդ կառույցի խորհուրդների վրա։ Եթե այսքան տարի այդ խորհուրդները որեւէ մեկին պետք չեն եղել, ինչո՞ւ եք որոշել, որ աշխատակազմն ավելացնելուց հետո այդ կառույցը հանկարծ դառնալու է այնպիսին, որ նրա խորհուրդներն սկսելու են կառավարությանը հետաքրքրել»,- ասել է նա։

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի եւ Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը խորհուրդ է տալիս պատգամավորներին ցանկացած օրենքի մասին խոսելուց առաջ հասկանալ, թե ինչի մասին են խոսում. «Մասնավորապես, Հանրային խորհրդի մասին խոսելով՝ նրանք ընդհանուր բաներ են ասել եւ չեն ծանոթացել խորհրդի գործառույթներին, որպեսզի հավուր պատշաճի նրանց մոտ ընկալվեր հանրության խոսքը։ Նրանց արած արտահայտությունները ոչնչով հիմնավորված չեն»։ Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի կողմից արված առաջարկություններին, ապա, Սաֆարյանի կարծիքով, դրանք իր ուշադրության կենտրոնում է պահել ե՛ւ կառավարությունը, ե՛ւ նախագահը։ «Շատ հարցերում, օրինակ՝ գյուղացիական կոոպերացիաների ստեղծման հարցում, Հանրային խորհրդի գործառույթն ուղղակի շրջադարձային էր։ Սա ես ընդամենը մեկ օրինակ եմ բերում»,- ասում է նա ու բերում 2-րդ օրինակը, որ եթե Հանրային խորհուրդը հետեւողականություն չդրսեւորեր, ապա «Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքը վաղուց քանդած կլինեին։ Սաֆարյանն ընդգծում է, որ Հանրային խորհուրդն արձագանքել է նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հարցում, որն էլի իրենց բարձրացրած աղմուկի շնորհիվ չքանդվեց։

Այդ դեպքում ինչո՞վ է բացատրում ԱԺ-ում Հանրային խորհրդի նկատմամբ ագրեսիվ դրսեւորումները։ «Ընդամենը նրանով, որ մարդիկ իրենց վերագրում են ընդդիմադիրի կարգավիճակ եւ խոսում են ընդամենը իրենց ընդդիմադիր դիրքից՝ չխորանալով հարցի էության մեջ»,- ասում է նա ու ընդգծում, որ Հանրային խորհրդի միջազգային գործունեությունը նույնպես բավականին մեծ է։ Բազմաթիվ անգամներ մասնակցել են միջազգային մասշտաբի տարբեր հանդիպումների՝ վերջինը Չինաստանում էր։ Անդրադառնալով օրինագծով նախատեսված փոփոխություններին՝ Սաֆարյանը նկատեց, որ ներկայիս 12 հանձնաժողովի փոխարեն նախատեսվում է ունենալ 15 հանձնաժողով, ավելանալու է մշակութային հարցերով հանձնաժողովը․ «Մենք խնդիր դրեցինք, որ գիտությունը, կրթությունը պետք է առանձին լինեն, ու մշակույթն առանձնանա, որպեսզի լինի ոչ թե ենթահանձնաժողովի մակարդակով, այլ՝ հանձնաժողովի։ Կարծում ենք, որ սա շատ ճիշտ որոշում է, եւ ավելի շատ մշակութային գործիչներ կներառվեն այդ հանձնաժողովի մեջ»։ Բացի այդ՝ գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովից առանձնացվում է բնապահպանությունը, քանի որ բնապահպանությունը կարծես ստվերում էր մնում։ «Մյուսը Սփյուռքի հարցերի հանձնաժողովն է, որ էլի ցանկանում ենք, որ առանձին հանձնաժողով լինի, քանի որ Հայաստան-Սփյուռք կապերը շատ կարեւոր են։ Այնպես որ՝ Հանրային խորհուրդն անելիք շատ ունի հանրային կարծիքի ձեւավորման եւ այդ կարծիքն իր խողովակներով իշխանություններին ներկայացնելու հարցում»։ Սաֆարյանն ընդգծում է, որ իր ղեկավարած հանձնաժողովն այսօր հարց է բարձրացրել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման վերաբերյալ։ Այդ մասով իրենք դիմել են ոչ միայն համապատասխան մի քանի գերատեսչությունների, այլ նաեւ կառավարությանը հորդորում են միջոցներ գտնել՝ այս աշխատանքը կատարելու համար. «Այնպես որ, մեր պատգամավորները, ցավոք, կյանքից, հանրային իրողություններից կտրված են եւ խոսում են վիրտուալ աշխարհում»։

Հանրային խորհրդի անդամ, բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի/UNEP ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանին առաջին հերթին ուրախացրել է այն հանգամանքը, որ բնապահպանությունն առանձին հանձնաժողովով հանդես կգա։ Նա ընդգծում է՝ ցանկացած դեպքում Հանրային խորհուրդ պետք է լինի. «Համենայնդեպս, բավականին հարցեր նախագահի մոտ բարձրացվել են, մի մասը լուծում է ստացել։ Օրինակ՝ արտագաղթի խնդիրը մենք բարձրացրել ենք շատ վաղուց, ինչպես նաեւ աշխատավարձերի, հանքարդյունաբերության խնդիրները, բայց այլ բան է, թե որքանով են այդ խնդիրները լուծվում»։

Դանիելյանը կարծում է, որ Հանրային խորհրդում չպետք է լինեն մարդիկ, ովքեր պաշտոններ ունեն, ինստիտուտներ են ղեկավարում, քանի որ, այսպես թե այնպես, կախված են դրանից, փոխարենը անկախ փորձագետների մասնակցությունը պետք է ավելի շատ լինի։ Մամուլի հետ աշխատանքն էլ պետք է լինի ավելի շատ ու առավել բաց. «Ես գտնում եմ, որ մենք ավելի շատ պետք է բարձրաձայնենք խնդիրները, որ ժողովուրդն էլ տեսնի, որ Հանրային խորհուրդը տեսնում է բոլոր այդ հարցերը, բարձրաձայնում է դրանք, եւ այս դեպքում նաեւ ազդեցությունն էլ ավելի մեծ կլինի։ Դրա համար էլ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հանրային խորհուրդը տաքուկ տեղ է գտել իր համար եւ ոչ մի բան էլ չի ասում։ Մենք լուսաբանման խնդիր ունենք, եթե դա ավելանա, մարդկանց վերաբերմունքն էլ կփոխվի»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X