Հերոսն ու հակահերոսը

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դատական գործի քննությունը մոտենում է ավարտին՝ երեկ մեղադրողը դատարանում ճառ է ասել եւ 11 տարի ազատազրկում պահանջել Սեֆիլյանի համար։

Բնականաբար, դատարանը մի քանի տարի կիջնի այդ սահմանագծից եւ 9-10 տարվա ազատազրկման կդատապարտի նրան։ Շատերն այդ առիթով կհիշեն, որ Հայաստանում անգամ մարդասպաններին այդքան պատիժ չեն տալիս, իսկ իշխանության հովանու տակ գտնվող հանցագործները, ընդհանրապես, ազատվում են պատժի կրումից, նույնիսկ եթե մարդ են սպանել։

Չկրկնենք՝ չպատժված դեպքերի ու չպատժվող դեմքերի շարքը բոլորին է հայտնի։ Նորից զուգահեռներ կանցկացնեն Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ՝ հիշելով, որ մեր հակառակորդ երկրում կացնով մարդ սպանած անձին հերոսացրին, իսկ մեր Արցախյան պատերազմի հերոսները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Սամվել Բաբայանը, բանտում են։ Եվ, իհարկե, վերլուծություններ կանեն, որ Սեֆիլյանի նկատմամբ սահմանված պատիժը քաղաքական հաշվեհարդար է՝ գործող իշխանության դեմ պայքարելու, իշխանափոխության ձգտելու, ռեժիմի գոյության հետ չհաշտվելու համար։ Եվ այդ բոլոր դիտարկումներում ու վերլուծություններում ճշմարտության բավականին մեծ չափաբաժին կլինի, քանզի, եթե փորձենք փոքրիկ հարցում անցկացնել մեր հանրության շրջանում, դժվար թե մարդիկ կարողանան հստակ ձեւակերպել, թե ինչի համար է մոտ երկու տարի առաջ կալանավորվել Սեֆիլյանը, եւ կոնկրետ ինչ գործողությունների համար են նրան ուզում 10 տարվա ազատազրկման դատապարտել։

Տեռորիստական ակտեր, զինված հեղաշրջումներ կազմակերպելու, զանգվածային անկարգություններ հրահրելու մասին հեքիաթներին մեզանում գրեթե ոչ ոք չի հավատում։ Մանավանդ՝ այդ ամենի մասին ապացույցներ կա՛մ չկան, կա՛մ ցուցմունքների մակարդակով են եւ շատ անհամոզիչ։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X