Ընթերցողը

Աշոտ Ստեփանյան- փականագործ, 60 տարեկան

Բանակից որ եկա, տեսա սիրածս աղջիկը 2 տարվա մեջ մոտ 20 սմ բոյ է քաշել, ինչ֊որ անհասկանալի վիճակ եղավ մոտս, թողեցի գնացի, կամավոր մեկուսացա ու ամիսներով տնից դուրս չեկա, էդ ժամանակ էլ սկսեցի կարդալ Մարկեսի «100 տարվա մենությունը»։ Սկզբում դժվար էր առաջ գնում, մի քանի անգամ թողեցի, նորից սկսեցի, ու մի 30 էջից հետո արդեն ինձ տարավ, բանալի՞ն գտնվեց, թե՞ իմ մենակ վիճակից էր՝ չգիտեմ։ Մենակ հիշում եմ, որ առաջին անգամ, երբ գիրքը վերջացրեցի, այնքան էի վատացել, որ 2 հատ շտապօգնություն եկավ հետեւիցս։ Հիմա չեմ կարող հիշել, թե կոնկրետ ի՞նչն էր ինձ ցնցել, բայց որ ցնցվել էի՝ հաստատ։ Դրանից հետո սկսեցի Մարկեսի մասին ամեն ինչ կարդալ ու մի տեղ էլ կարդացի, որ 8 տարեկանից հետո ինքն արտաքին աշխարհից որեւէ ազդեցություն չի ունեցել, որեւէ սահմանագիծ իր ծնունդից առաջ չի տեսնում եւ հեշտությամբ կարող է դեռ չծնված ժամանակի մեջ շրջագայել։

Երեւի մի 100 անգամ կարդացել եմ էս վեպը՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց իմ սեղանի գիրքն է 22 տարեկանից։ Մարդը ո՞նց կարա մի երաժշտությունն անվերջ լսի, ես էլ նույն գիրքը կարամ անվերջ կարդամ։ Էս ընթացքում արդեն մի 2-3 հազար հատ նվիրել ու բաժանել եմ։ Նվիրում եմ, որովհետեւ ուզում եմ բոլորն էլ կարդան, եղել է նույնիսկ, որ մակագրել, նոր եմ նվիրել, բայց մի շաբաթ հետո Վերնիսաժից գիրքը նորից առել եմ։ Հիշում եմ՝ կաշվե կազմով հրատարակված գրքից միանգամից 100 օրինակ առա ու մեկն էլ նվիրեցի մեր պահակներից Գեւորգին, բանասիրականն է ավարտել, բայց չի կարողանում կարդալ։ Մի ընկերոջ էլ տվեցի, կեսից վատացավ ու չկարդաց։

Կուզեի Մակոնդոյում ապրել, դա իմ համար մի տեսակ եթերային քաղաք է։ Էն շինարարության եռուն ժամանակ, որ բոլորը գալիս են Մակոնդո, կարդալուց շունչս կտրվում էր, ոնց որ անընդհատ ինչ֊որ մի բանի դեմ առնեի, ինձ թվում էր՝ այնտեղ քայլում եմ։ Ես էդ ձեւով եմ այդ գիրքը կարդացել՝ ծայրից ծայր ապրել եմ։ էս գրքում ոչ մի իրական բան չկա, բայց սրանից ավելի իրական գիրք ինձ դեռ չի հանդիպել՝ ոնց որ Վիսոցկու երաժշտությունը։

Մի վրիպակ կա գրքում, էն որ ասում է՝ Աուրելիանո Բուենդիան 17 արու զավակ ունեցավ, ու բոլորն էլ գնդակահարվեցին մի օրում։ Իրականում մի օրում չեն գնդակահարվել, մեկը կար, որ անընդհատ փախավ-փախավ, բայց վերջում խփեցին, որովհետեւ իր խաչը դա էր, եւ իր համար նախատեսված գնդակն արդեն արտադրվել էր։

Մարկեսը վարժ նկարչի նման մի քանի շտրիխով տալիս ա մարդու ամբողջ դիմանկարը, ընդհանուր գծերը, մնացած մանր-մունր բաները կարեւոր չեն։ Ամեն ինչ կատարյալ է էս գրքում՝ լեզուն, հատիկ֊հատիկ հղկված կերպարները, ամենափոքր դեր ունեցողն էլ նկարագրված է ճշգրիտ ու դիպուկ։ Իմ համար ամենաբարդ կերպարը Աուրելիանո Բուենդիան է։ Դուրս չի եկել էն մեջտեղի կերպարներից Խոսե Արկադիոն, որ գալիս է Հռոմից, ու վերջում էլ ընկերները խեղդում են ջրավազանում՝ մի քիչ ձանձրալի կերպար է։

Ինչի՞ համար էին տառապում էդ մարդիկ՝ անկարո՞ղ էին սիրել, թե՞ մենակ էին՝ չգիտեմ։ Եթե մի քիչ խորանանք, երեւի մեր մեջ էլ դա կա, ինչ֊որ տեղ ամեն մեկս մեր հոգու խորքում մենակ ենք։ Իսկ անքնությունը, որից տառապում էին, իրականում մահվան քունն էր։ Հիշո՞ւմ ես՝ գնդապետն ինչքան բնական է մահանում՝ ծառի տակ միզելիս, բայց մինչեւ դա, երազ է տեսնում, որ մտնում է մի տուն, որտեղ դեռ ոչ ոք չէր մտել, դա հենց իր համար նշան էր, հուշում, որը նա չէր զգում։

Սիրուց ատելություն մի քայլ ա, չէ՞, հիմա, օրինակ, Աուրելիանո Բուենդիան, որ էդքան սիրում էր, պարզվեց՝ իրականում չի սիրում, Ամարատան էլ, որ չէր սիրում ոչ մեկի, հակառակը դուրս եկավ, այսինքն՝ տեղերն ընթացքում փոխվում են, որովհետեւ մարդու մեջ ամեն ինչ կա, նայած որ պահին ինչը կարթնանա իր մեջ։

Առաջին անգամ, որ կարդում էի, էնքան չապրված զգացմունքներ կային, դրանք էլ պետք է ապրես, չէ՞, սուտ է, մինչեւ մաշկիդ վրա չես զգում, չես հասկանում։ Օրթոպեդիկը մեր կողքն էր, ու երբ տեսնում էի թութակի վանդակները ոտքներին հիվանդները ոնց են գնում, մեկ է, մինչեւ վերջ իրանց չէի հասկանում, մինչեւ իմ ոտքն էլ չկոտրվեց։ Հիմա այս գիրքն էլ օգնում է, որ մարդ ինքն իրեն հասկանա, մեր մեջ էլ այնքան բան կա, որ չենք խորանում՝ հասկանանք թե ինչից է դա, ինչ֊որ բան պատկերացնում ենք, բայց օգնել է պետք։

Սա մեր հիմիկվա կյանքի մասին է ու շատ արդիական մեզ համար, թեկուզ հենց նախարարների պորտֆելներ բաժանելու պահը, երբ Աուրելիանոն ջոգում է իրականությունն ու ասում է՝ տարեք դրանց բոզերի մոտ։ Ինչքան դերասանություն կա մարդկանց մեջ, նույնիսկ մենակ ժամանակ ինչ֊որ դեր են խաղում, ու երեւակայական հանդիսատեսը իրանց չի լքում։

Ոչինչ չէի փոխի գրքում, բայց մի բան կա, որ չեմ կարողացել հասկանալ՝ ինչո՞ւ հենց մրջյունները պետք է ուտեին Աուրելիանոյին։ Մրջյուններն էդքան աշխատասեր են, բայց իրենք ոչինչ չեն ստեղծում, համատարած ամեն ինչ փչացնում են։

Պատրաստեց Սոնա Ադամյանը

Հրապարակ մշակութային հավելված

Մեկնաբանություն
X