Շատ զիլ նախագիծ

Երբ դժգոհ ես երկրում տարվող քաղաքականությունից, երբ հոգնել ես կենցաղային դժվարություններից, հույսը նվազել է, եւ հեռանկարը չի երեւում, միակ մխիթարությունը, որ մնում է մարդուն, մշակույթն է՝ արվեստը, գրականությունը, կինոն, թատրոնը։ Միայն մշակույթի գործերն են ապրեցնում, հույս ու հավատ ներշնչում, կտրում դաժան իրականությունից, համոզում, որ առօրյա խնդիրներն անցողիկ են, իսկ մնայուն արժեքներն անանցանելի են, որ իսկապես՝ գեղեցիկը կփրկի աշխարհը, եւ մշակույթի մեջ է պետք փնտրել փրկության, հավերժության գաղափարը։

«Հրապարակ» օրաթերթն ի սկզբանե որպես քաղաքական պարբերական է հանդես եկել։ Քաղաքականությունը մեր թերթի էջերում գերակշռել է, եւ մեր լսարանը հիմնականում կազմված է եղել քաղաքականապես ակտիվ զանգվածից։ Բայց թերթի հրատարակման առաջին իսկ օրվանից մենք կարեւորել են մշակույթը եւ մշտապես մշակութային էջ ենք ունեցել թերթում՝ անգամ եթե այդ էջը «դիտումների» համար ժամանակակից մրցավազքում չի եղել մրցունակ։ Եվ շարունակ երազել ենք մաքուր մշակութային թերթ կամ գոնե հավելված հրատարակելու մասին։ Այնպիսի թերթ, որտեղ քաղաքականությունը տեղ չի ունենա, սոցիալական խնդիրները, մեր կյանքը մաշող հոգսերը ներկայացված չեն լինի կամ կներկայացվեն սոսկ մշակութային տեսանկյունից։ Մեր այս երազը, սակայն, հայկական իրականության մեջ կարող էր երազ էլ մնալ, քանզի դրա իրականացմանն ավելի շատ խոչընդոտող հանգամանքներ կային, քան նպաստող։ Եվ եթե պատահաբար չտեղեկանայինք, որ մշակույթի նախարարությունը փոքրիկ դրամաշնորհներ է տրամադրում մշակութային նախաձեռնություններին։ Անշուշտ, այդ դրամաշնորհը բավարար չէ մեր գաղափարն իրականացնելու համար, բայց կարեւորը «ստարտն» էր, որը տրվել է, եւ որի շնորհիվ դուք այսօր կարդում եք այս տողերը։ Ամպագոռգոռ բառերից ու հրաշքներ գործելու խոստումներից խուսափելով, միայն նշեմ, որ մեր մշակութային հավելվածում աշխատելու ենք հավատարիմ լինել մշակույթ հասկացության բուն իմաստին՝ ձեզ ներկայացնել անտիպ գործեր, հետաքրքիր գրաքննություններ, մշակույթի աշխարհում կատարվող իրողությունները, մշակութային անձանց հայացքն ու պատկերացումները։ Փորձելու ենք օրիգինալ ձեւավորում ապահովել, յուրահատուկ թարմություն հաղորդել մեր մամուլի տխուր առօրյային։

Լրագրողական խումբը, որն աշխատելու է հավելվածի վրա՝ Սոնա Ադամյանի գլխավորությամբ, Կարպիս Փաշոյանի, Արամ Պաչյանի, Վով Մուշեղյանի, Հուսիկ Արայի եւ մյուսների մասնակցությամբ, շատ ոգեւորված է այս նոր «ծնունդով»։ Հուսանք՝ ոգեւորությունը կփոխանցվի նաեւ ընթերցողին եւ նրան կուղեկցի ողջ տարվա ընթացքում։ Ափսոս, որ հավելվածն ամսական մեկ անգամ է տպագրվելու։ Բայց նաեւ համոզված եմ, որ այն մտորելու, կենցաղից կտրվելու, հոգեւորին առնչվելու լավագույն առիթ կդառնա։

Բարի երթ «Հրապարակի» մշակութային հավելվածին։

Արմինե Օհանյան

Մեկնաբանություն
X