«Նման մասշտաբի պետական գործիչ մեկ-երկու հոգի ենք ունեցել»․ Լորիս-Մելիքովի գրքի շնորհանդեսը

>

Այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում տեղի ունեցավ Ռուսաստանի կայսրության նշանավոր պետական գործիչ Միքայել Լորիս-Մելիքովի մասին պատմող երկու գրքերի շնորհանդես։ Լորիս-Մելիքովը, հիշեցնենք, ծնունդով Թբիլիսիից է։ Ու նրա մասին պատմող գրքի լույս ընծայման գործն իր վրա էր վերցրել նրա համերկրացին՝ Թբիլիսիում ծնված և Հայաստանում այժմ գործարար ոլորտի ներկայացուցիչ, մասնագիտությամբ պատմաբան Գագիկ Աղաջանյանը։

Գրքերից մեկը կենսագրական ակնարկ է Մելիքովի մասին, մյուսը նրա փառահեղ անցյալի, գործունեւթյան նկարագրությունն է՝ «Անպարտելի զորավարը, իմաստուն պետական գործիչը, նվիրյալ հայորդին» վերտառությամբ։ Շնորհանդեսին մասնակցում էին տարբեր ոլորտների հայտնի դեմքեր՝ գործարար Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, լեզվի տեսչության նախագահ Սերգո Երիցյանը, Հանրային խորհրդի անդամ, ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը և այլք։

Շնորհանդեսի կազմակերպիչ և գրքի տպագրման նախաձեռնող Գագիկ Աղաջանյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց․ «Նման մասշտաբի քաղաքական և պետական գործիչ հայ իրականության մեջ ունեցել ենք մեկ-երկու հոգի։ Նրանցից մեկը, բնական է, Լորիս-Մելիքովն էր, որն անարժանիորեն մոռացության տրվեց և մոռացության տրվեց պարզ, հասարակ պատճառներով։ Նա ցարական պետական ծառայող էր, բնական է, ուստի սովետական տարիներին ինչպե՞ս կարող էին ցարական գործչի մասին խոսել։ Բայց մի շատ կարևոր հանգամանք կա․ պատկերացրեք՝ ինչքան մեծ պետք է լինի պետական գործիչը կամ ինչպիսի հեղինակություն պետք է ունենա, որ երբ մի ամբողջ եկեղեցական համալիր վերացրել է այդ եկեղեցու շուրջը գտնվող դամբարանները, իմիջիայլոց, այդտեղ է եղել նաև Մանթաշովի ընտանեկան դամբարանը, և չեն կարողացել համարձակվել Լորիս-Մելիքովի նման մարդու գերեզմանն էլ վերացնել, դեռ մի բան էլ՝ վերցրել ու վերահուղարկավորում են Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Այդպիսի մեծություն էր նա»։

Նկատեցինք, որ Հայաստանում Վրաստանի դեսպանի ներկայացուցիչն իր ելույթում ակնարկեց, թե Լորիս-Մելիքովը վրացի է եղել կամ վրացական ծագում ունի։ Գագիկ Աղաջանյանը դրան այսպես արձագանքեց․ «Գիտե՞ք ինչ, միայն Լորիս-Մելիքովի արտահայտած այն միտքը, որ «մենք՝ ռուսահայերս, և դուք՝ թուրքահայերդ, ունենք մեկ հայրենիք՝ Հայաստանը, և պետք է ամեն ինչ անենք հանուն հայրենիքի», ինքը դրանով արդեն ամեն ինչ ասել է իր ազգային պատկանելության մասին, ինչի՞ մասին է խոսքը»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X