«Ելք»-ը «քրքրում» է Արմեն Սարգսյանին

>

Այս պահին Ազգային ժողովում՝ «Ելք» խմբակցության աշխատասենյակում ընթանում է ընդդիմադիր քաղաքական ուժի եւ ՀՀԿ-ի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը։ Հանդիպումը հետաձգվել էր, քանի որ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Իտալիայում էր գտնվում, նա օրերս վերադարձել է։

Հանդիպմանը մասնակցում է «Ելք» խմբակցությունն ամբողջ կազմով։ Նախագահի թեկնածուն խոստացել է հանդիպումից հետո պատասխանել լրագրողների հարցերին։ Այժմ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները սպասում են հանդիպման ավարտին՝ հույս ունենալով, որ այն կարճ է տեւելու։ Իսկ հանդիպումը սկսվել է ընդամենը 5 րոպե առաջ։

Իսկ երեկ Արմեն Սարգսյանն այցելել է Հանրային խորհուրդ։ Անդրադառնալով Արմեն Սարգսյանի թեկնածությանն ու ընտրվելու դեպքում նրա դերակատարությանը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանին կհաջողվի երկրում դրական և վստահության մթնոլորտ ձևավորել. «Եթե չկա համապատասխան մթնոլորտ, մարդկանց ստեղծագործական ուժերը չեն արթնանում: Այդ առումով Ձեր անելիքը կարևոր է»,-նշել է Մանուկյանը: Խորհրդի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանը, ունենալով կապեր ու հեղինակություն արտաքին աշխարհում և Սփյուռքում, կարող է նպաստել համահայկական կառույցների ձևավորմանն ու հայության ներուժը համախմբելու գործին: «Այսօրվա աշխարհում ուժեղ լինելու կարևոր պայման է համաշխարհային ազգ լինելը, ինչը պայմանավորված է ոչ միան աշխարհում սփռված լինելու հանգագանքով, այլ նաև համաշխարհային քաղաքակրթության մեջ ունեցած ներդրումով և հավակնություններով»,-ասել է Մանուկյանը:

Արմեն Սարգսյանը կարևորել է Հայաստանում սահմանադրական փոփոխություններն ու խորհրդարանական համակարգի ներդրումը՝ հույս հայտնելով, որ դա կնպաստի մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին: Անդրադառնալով ՀՀ նախագահի դերին ու լիազորություններին՝ նա ընդգծել է, որ դրանք շատ մեծ են, և եթե ճիշտ օգտագործվեն, ապա կներդրվեն ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: «2018 թվականը նոր իրավիճակ է մեր պետության համար, որը նոր հնարավորություններ է բացում մեր առջև: 21-րդ դարը ողջ աշխարհում լինելու է նոր տեխնոլոգիաների դարաշրջան, և մենք ունենք այն բնական ռեսուրսը, որն անհրաժետ է»,-ասել է Սարգսյանը:

Մեկնաբանություն
X