Երեւի Էռնեկյանը շատ բան է արել, բայց նրա արհամարհանքը ճարտարապետների նկատմամբ շատ է

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն օրերս e-draft.am կայքում քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր պլանի նախագիծը: Ըստ այս նախագծի՝ օդանավակայանում մի շարք բարելավման փոփոխություններ են նախատեսվում: Առանձին կետով մատնանշվում է «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման մասին:

Օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը լրագրողների հետ զրույցում նկատում է՝ կոնցեսիոներն ամեն անգամ նախկինում կառուցված հին շենքը քանդելու հարց է բարձրացնում ու դա անում է այն դեպքում, երբ շենքն իրեն տրված է կոնցեսիոն պայմանագրով կառավարման, որի հիմնական իմաստն է՝ բարելավել օդանավակայանը։ Փոխարենն այսօր տեսնում ենք լքված մի շենք, որտեղ որեւէ ներդրում չի արվել երկար տարիներ, եւ նորից հարց է բարձրացվում քանդելու մասին, չնայած որ բազմաթիվ անգամ Ճարտարապետների միությունը, Հանրային խորհուրդը, քաղաքացիները, արվեստագետները կտրականապես դեմ են արտահայտվել այդ շենքի քանդման վերաբերյալ, որը համարվում է համաշխարհային լավագույն պոստմոդեռնիստական օբյեկտներից մեկը։

Թարխանյանը հիշում է, որ մի քանի ամիս առաջ Ժորժ Շեխլյանի, Մհեր Չերքեզյանի, «Հայպետնախագծի» հետ կոնսուլտացիաներ անելով՝ ներկայացրին մի քանի տարբերակներ։ «Երկու տարբերակներն էլ օդանավակայանը պահում էին եւ հնարավորություն էին տալիս, որ այն ծառայի որպես ժամանակակից օդանավակայան։ Քանդելով գոյություն ունեցող օդանավակայանը՝ ձեւավորում են մի նոր օդանավակայան, որը բացարձակապես չի զիջում գոյություն ունեցող օդանավակայանին, եւ այստեղ հարց է առաջանում․ եթե մենք արդեն իսկ ունենք այդ շենքն օգտագործելու հնարավորություն, ինչո՞ւ չանենք այդ բանը»,- ասում է Թարխանյանն ու ընդգծում, որ այս առաջարկներով դիմել են Էռնեկյանին, նրա ներկայացուցիչներին, բայց իր համար ամենազարմանալին ու վիրավորականն այն է, որ որեւէ անգամ նույնիսկ գրությամբ ոչ ոք չի դիմել իրենց։ «Մենք, հանրությունը շարունակաբար ասում ենք՝ ոչ, իրենք նորից բերում են քանդման նախագիծը, ինչքա՞ն կարելի է անտեսել հանրության կարծիքը»։

Անահիտ Թարխանյանը նկատում է՝ բիզնեսմենի խնդիրն է ամենաբարձր գնով վաճառել իր ապրանքը, թե Էռնեկյանն իր սեփական օդանավակայանն ինչքանով կարող է վաճառել, դա մեծ հարցական է, որովհետեւ ցանկացած մարդ, ով գնի այդ օդանավակայանը, տեսնելու է, որ կողքը եւս մի օդանավակայան կա, իսկ բիզնեսմենը, որպեսզի մաքսիմալ բարձր վաճառի իր օդանավակայանը, պետք է մյուսը քանդել։ Սա հենց իր եզրակացությունն է, քանի որ ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում այն հանգամանքը, որ եթե կարելի է հինը նորոգել, ինչո՞ւ են այն քանդում։ Այլ կերպ ասած՝ հինը դնելով շահագործման մեջ, այն մնալու է պետական կառույց եւ դառնա անձեռմխելի․ «Սա նման է այն բարբարոսությանը, որ թալիբներն արեցին՝ քանդելով Բուդդայի հուշարձանը, կամ որ Իգիլն արեց՝ քանդելով Սիրիայում Փալմիրան»։

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն իր խոսքում նկատում է՝ անընդհատ խնդրում են Էռենկյանին, որ նրա ճարտարապետական արվեստանոցն իրենց՝ միության մասնագետների հետ մի ընդհանուր կոնսենսուսի գան, բայց նրանք ամեն անգամ դնում են քանդելու նախապայմանը։ Մինասյանի կարծիքով՝ նոր բրենդներ հորինելու փոխարեն պետք է պահպանել արդեն ունեցածը, իսկ «Զվարթնոցը» պատրաստի բրենդ է՝ աշխարհի կողմից ճանաչված․ «Այս սառնասրտությունը, որ պետությունն այդպես է նայում, շատ զարմանալի է։ Արտագաղթը նաեւ այսպես է տեղի ունենում, երբ մարդը տեսնում է, որ կորցնում է իր սիրած շենքը, միջավայրը։ 2014-ին դիմել ենք մշակույթի նախարարություն, որ նման կառույցները պետք է պետության պահպանության տակ վերցվեն, բայց 14-ից այս կողմ մենք մի տող չենք ստացել, թե ինչու չեն մտցնում այդ ցանկերի մեջ»։

Մինասյանն ընդգծում է, որ բազում պատճառներ կարելի է առաջ քաշել շենքը քանդելու համար, բայց իրենց մասնագետների կողմից ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ՝ կառույցը պահպանելու համար, նույնիսկ այն, որ կարելի է շենքի ֆունկցիան փոխել։ «Օրինակ՝ մեր նախկին վարչապետն առաջարկում էր ունենալ փոքրիկ թանգարան՝ Հայաստանի հայտնի հուշարձանների փոքր մակետներով։ Գիտե՞ք ինչն է ցավալին, որ այդքան խոսելուց հետո ոչ մեկը չի ասում՝ եթե այսքան ճարտարապետներ խոսում են, միգուցե առողջ բան կա դրա մեջ։ Երեւի Էռնեկյանը շատ բան է արել այս երկրի համար, բայց նրա անտարբերությունը, արհամարհանքը մեր ճարտարապետների նկատմամբ ես շատ վատ եմ գնահատում, ավելի ճիշտ՝ ցավ եմ զգում, իսկ գնահատականը պետք է տա կառավարությունը, որը տվեց՝ նրան ազգային հերոս դարձնելով»,-ընդգծում է նա։

«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանն էլ իր խոսքում նշեց, որ եթե ինչ-որ բան չես շահագործում, այն կամաց-կամաց մահանում է։ «Եթե այսօր մտնեք շենք, կտեսնեք մի պատկեր, որ նման է Ստալինգրադյան ճակատամարտին, այսինքն՝ այնտեղ ամեն ինչ քանդված է, բայց, պայմանագրի համաձայն, ծախսեր պետք է կատարվեին շենքի վրա»,- ասում է նա ու նկատում, որ շենքը բարձր կրողունակություն ունի, եւ առաջին հարկի սյուներն ուժեղացնելով՝ բոլոր հարցերը կլուծվեն։

Ազիզյանը հետաքրքրվում է, թե ինչից են ենթադրել, որ 20-30 մլն կպահանջվի դրա վերականգնման համար․ «Եթե նախկին էստակադայի մասին ենք խոսում, որտեղ մոտավորապես 20 տոկոս փչացած էլեմենտներ կային, դա կարելի է վերականգնել եւ պահպանել, իսկ այս դեպքում ընդհանրապես այդ խնդիրը չկա, մի քանի ժանգոտած հանգույցներ կան, բայց դրանք մեծ տոկոս չեն կազմում, ի վերջո, նպատակը ո՞րն է՝ օդանավակայանը մեծացնե՞լ, թե՞ շենքը քանդել։ Եթե իրենք նոր բան են կառուցելու, դա 4 անգամ ավելին է լինելու իրենց ասած գումարից, 100 մլն-ից ավելի դոլար է լինելու, եթե իրենք ասում են 30»։

Բանխոսները, այնուհանդերձ, հույս ունեն, որ քաղաքապետարանն իր դրական կարծիքը կարտահայտի շենքը պահպանելու հարցում․ «Վերջապես այս խնդիրը պետք է լուծվի՞ առհավետ, թե՞ ոչ»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X