Կրկին Սահակաշվիլու գրքի մասին եւ ոչ միայն

Պուտինահաչ տալու եւ պուտինահաճո լինելու միջեւ տարբերությունը մեծ չէ, թեեւ որոշ շատ «պարկեշտ» հրապարակագիրներ նախընտրում են «պուտինահաճո» ասել բոլոր նրանց, ում պարզապես հետաքրքիր չէ, դիցուք՝ Սահակաշվիլու գրքի շնորհանդեսը: Սրան զուգահեռ՝ ամեհի է այն վիհը, որ կա Սահակաշվիլու գրքի շնորհանդեսի հայ կողմնակիցների եւ շնորհանդեսն արգելող հայ հանրույթի միջեւ: Համարյա կռիվ է ընկել: Չարությամբ լցված հայերը՝ Սահակաշվիլու գրքի այս ու այն կողմից, պատրաստ են կռվել մինչեւ վերջին հայը: Ի՞նչ անել՝ այս ցավից ազատվելու համար: Բայց մինչ այդ պետք է հասկանալ, թե ինչու, հանկարծ, մարդկությանը հայտնի թերեւս ամենաարկածախնդիր գործիչը հայտնվեց հայերի համակ ուշադրության կենտրոնում:

Ուրեմն, ինչպես էր պատահել, որ մի խեղճ հայ մտավորական (իսկ հայ մտավորականները միշտ խեղճ են) վերցրել ու սեփական միջոցներով (չենք ասում՝ սեփական նախաձեռնությամբ) թարգմանել, ապա հրատարակել էր Միխայիլ Սահակաշվիլու, այսպես ասենք, գիրքը, որտեղ Սահակաշվիլին լիքը ստեր է պատմել այն մասին, թե ինչպես է ինքը նախագահ դարձել Վրաստանում: Կցանկանայի այստեղ միջանկյալ կարգով շնորհակալություն հայտնել հայկական կայքերին, որոնք արագ-արագ հատվածներ տպագրեցին այդ գլուխգործոցից, եւ մենք հասցրինք որոշ պատառիկներ քաղել:

Մեզ հատկապես հետաքրքրեց Սահակաշվիլու նաղլն այն մասին, թե ինչպես են ամերիկացիները նրան «խնդրել-աղաչել», որ հետ կանգնի խորհրդարանական ընտրություններում տարած «հաղթանակից», բայց ինքը չի ընդունել ընտրությունների արդյունքները եւ խորհրդարանի շենքի հարակից հրապարակից մի փունջ կարմիր վարդ առած՝ իր կողմնակիցների հետ մտել է խորհրդարանի շենք ու… մնացածը գիտենք: Հա, մի մանրամասն էլ ասեմ: Ուրեմն, երբ Սահակաշվիլին իր խմբով մտել է խորհրդարանի շենք, ուժայինները հերթով նրա դեմ են ելել, իսկ ինքը բարձր-բարձր գոռգոռացել է նրանց վրա, ու նրանք հերթով փախել են եւ թողել, որ վրաց ժողովրդի այդ մեծ զավակը հասնի նիստերի դահլիճ: Բա՞, տեսնո՞ւմ եք: Հեղափոխությունն այ, այսպես կանեն: Ողորմի Շեւարդնաձեին, նա էլ լավ մարդ էր: Ոչ դես, ոչ դեն՝ հանդիպման հրավիրեց Սահակաշվիլուն եւ խաղաղությամբ հեռացավ: Հասկանալի է, չէ՞, որ ես ոչինչ չեմ հորինում ու այս ամենը Սահակաշվիլու պատմելով եմ ասում: Այդ հիշարժան օրը, երեկոյան, նույնիսկ Մոսկվայից է մարդ թռել Վրաստան, բայց, ինչպեսեւ սպասելի էր, նա հարբած էր ու չէր կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իր շուրջը: Մի խոսքով՝ արկածային գրադարան:

Այս ողջ պատմության մեջ մեզ հետաքրքրեց այն, որ ամերիկյան պրոյեկտ համարվող Սահակաշվիլին փորձում է քողարկել «իշխանափոխություն վրացական ձեւով» օպերացիային ամերիկյան միջամտության փաստերը: Ասում է՝ ես չլսեցի ինձ Վաշինգտոն հրավիրած ամերիկացիների հորդորը: Իսկ, կներեք, ինչո՞ւ էիք գնացել Վաշինգտոն, բա որ հանկարծ համոզեի՞ն... Վրաստանի 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ արդեն Սահակաշվիլին ստացել է ձայների 95 տոկոսը: Վատ ցուցանիշ չէ մի գործչի համար, ում դեռ մի քանի ամիս առաջ ծեծում էին Վրաստանի բոլոր ռեգիոններում:

Լավ: Այսպես կարող եմ ամբողջ գիրքը պատմել ու թուլացնել շնորհանդեսի կողմնակիցների մարտունակությունը: Գանք մեր դարդին: Մի առիթով արդեն ասել եմ, որ Սահակաշվիլին մեր տարածաշրջանի ամենաընդգծված հակահայ գործիչներից է եւ այդ առումով զիջում է միայն Էրդողանին եւ Ալիեւին: Հիշեցրել ենք, թե ինչ հայտարարություններ է արել նախագահ Սահակաշվիլին ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Արցախի խնդրի հետ կապված: Հետեւաբար, մեզ համար փակված է Սահակաշվիլու էջը, իսկ եթե կուզեք՝ դրա հետ մեկտեղ նաեւ Սահակաշվիլուն մեր ժամանակների մեծագույն գործիչ համարողների: Թարգմանե՞լ եք, հասկացանք, ստամոքսի խնդիր եք լուծել, բավարարվեք դրանով եւ մի փորձեք հայ ժողովրդին խայտառակել աշխարհով մեկ, թե նա արդեն ունակ չէ ընկալելու Սահակաշվիլու ողջ տիկնիկային թատրոնը:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X