Քննադատելուց հեշտ բան չկա

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը յուրօրինակ ֆլեշմոբ էր նախաձեռնել՝ առաջարկելով իր ընկերներին, որոնք ահավոր դժգոհ են գործող իշխանությունից, թվարկել կառավարության կազմի իրենց թեկնածուներին, այսպես ասած՝ ստվերային կառավարություն ձեւավորել։ Թվարկել նրանց, ովքեր, իրենց կարծիքով, իդեալական պաշտոնյաներ կլինեն՝ ազնիվ, գործունյա, օգտակար։ Եվ բացատրել էր իր միտքը՝ փորձենք հասկանալ, թե մենք ինչ որակի իշխանություն ենք ուզում: Նաեւ հատուկ նշել էր, որ կոնկրետ մարդկանց անուններ տան։

Քննադատության մեջ շատ ակտիվ ֆեյսբուքահայությունը, սակայն, այսպես ասած, «քարկապ» էր ընկել։ Կարդալով պատասխանները՝ կարելի էր լիովին պատկերացնել, թե մենք ինչպիսի ազգ ենք, ինչ տեսլականով ու կառավարման մասին ինչ պատկերացումներով։ Հիմնականում խուսափել էին անուններ տալուց, հասկանալով, որ «իդեալական մարդիկ» չկան, եւ ձվի մեջ մազ փնտրող հանրությունն անմիջապես քննադատողից կվերածվի քննադատվողի, երբ կոնկրետ առաջարկներ անի, անուններ հնչեցնի։ Մյուս կողմից՝ երբ դու անորոշ ու տեսական զրույցներ ես անում, շատ խելոք ու առաջադեմ ես երեւում, իսկ երբ գալիս է կոնկրետ առաջարկներ անելու ժամանակը, ո՛չ գիտելիքներդ են հերիքում, ո՛չ տեղեկատվությունդ, ո՛չ փորձդ, որ ադեկվատ առաջարկներ անես։ Ուստի զարմանալի չէր, որ հնչած հատուկենտ անուններն առնվազն ծիծաղելի էին, եթե չասենք՝ հայտնի պոպուլիստներից ու իրենց կյանքում գրեթե ոչնչի չհասած անձանցից կազմված։

Ընդհանրապես, ամենահեշտ բանն անհասցե ու անանուն քննադատությունն է, ամենաբարդ բանը՝ օգտակար, կիրառելի, ռեալ առաջարկ հղանալը։ Այնպիսի առաջարկ, որը միտված լինի ապագային, օգնի համազգային խնդիրների լուծմանը, իր մեջ կոնստրուկտիվ տարր պարունակի եւ, ամենակարեւորը՝ ռեալիստական լինի։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X