Այս ամենի ետեւում ադրբեջանական խավիար փնտրել պետք չէ

Նժդեհի արձանի ապամոնտաժման Մարկովի ու նրա նմանների նախաձեռնությունը մեր իշխանությունների խոսափողը հանդիսացող ընկերները փորձում են բացատրել այն հանգամանքով, որ դրանց իրականում ադրբեջանցիներն են կաշառում և մղում այդպիսի քայլերի, ու ընդհանրապես երբ որ Ռուսաստանից որևէ մեկը հակահայկական ինչ որ հայտարարություն է անում, վերը նշված ընկերները միանգամից սկսում են այն երգը երգել, որ այդ մարդկանց ասածներին կարևորություն տալ հարկավոր չի, որ դա Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումը չի, որ դրանք մասնավոր կարծիքներ են և այդպես շարունակ: Շատ անգամ նույնիսկ ինչ որ ադրբեջանցիների անուններ են տալիս, որոնք իբրև թե կապված են հակահայկական դիրքորոշում ունեցող ռուսաստանյան գործիչների հետ: Բայց, ցավոք սրտի, ճշմարտությունը բոլորովին այլ է:

Նախ Ռուսաստանի նման երկրում իշխանություններին մոտ կանգնած հանրային դեմքերը, լինեն դրանք քաղաքական գործիչ, փորձագետ թե էլի ինչ որ մեկը, երբեք չեն ասի կամ անի այնպիսի մի բան, որը հակասության մեջ կմտնի իշխանության կողմից հռչակված գաղափարախոսության հետ, ու եթե անգամ նրանցից ոմանք համագործակցում էլ են ադրբեջանցիների հետ, միևնույնն է այդ համագործակցության արդյունքում երբեք չեն հատի այն կարմիր գիծը, որը գծված է Կրեմլի կողմից: Իսկ Կրեմլի կողմից մշակված ռազմավարությունը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում (բացի բալթյան 3 հանրապետություններից) միացյալ պետության վերականգնումն է, ու ըստ այդմ այն հետխորհրդային հանրապետությունները, որոնք փորձ են կատարում կայանալ որպես անկախ պետություն, ընկալվում են որպես թշնամիներ: Պատահական չի, որ երբ Ուկրաինան փորձեց Արևմուտքի հետ իրական մերձեցման միջոցով կայանալ որպես պետություն, Ռուսաստանը անմիջապես սկսեց խիստ ագրեսիվ գործողություններ ընդդեմ այդ երկրի ու զավթեց նրա որոշ տարածքները, և ամեն ինչ անում է որպեսզի ուկրաինացիները ստիպված լինեն հետ կանգնել անկախ պետականություն կառուցելու իրենց մտադրությունից: Ռուսաստանում այն ուկրաինացի պատմական դեմքերը, որոնք ուկրաինական անկախ պետականության գաղափարն են պաշտպանել, ուղղակի պիտակավորվել են որպես մեծագույն հանցագործներ ու օրենքից դուրս են հայտարարվել: Չպետք է մազաչափ անգամ կասկած ունենալ, որ նույն մոտեցումը կլինի նաև Բելոռուսի, Հայաստանի և մյուսների պարագայում:

91 թվին անկախություն ստացած ժողովուրդները սկսեցին կառուցել իրենց պետականությունները` որոշները լավ, որոշները վատ, բայց այնուամենայնիվ 90-ականներին, կարծես թե, նորանկախ հանրապետությունները հենց այդ ուղղությամբ էին գնում, ու ազգային իդեոլոգիաները պիտի այդ գործընթացների գաղափարական հիմքը հանդիսանային: Սակայն 90-ականների վերջում ռուսաստանյան վերնախավը որոշեց հրաժարվել լիբերալ դոկտրինից, ու սկսեց ռուսական մեծապետական ծրագրի իրականացում, համաձայն որի նախկին ԽՍՀՄ-ի տարածքների վրա աստիճանաբար նորից պիտի տարածվի Մոսկվայի իշխանությունը (ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը օրինակ ուղղված են հենց այդ ծրագրի իրականացմանը, որպես միջանկյալ պրոյեկտ), մինչև վերջնականապես մեկ պետության մեջ միավորվելը: Միավորումը տարբեր հանրապետությունների համար տարբեր աստիճանական արագություններով է լինելու, օրինակ, ըստ այդ ծրագրի, Հայաստանի պետականությունը (որը փաստացի արդեն կարելի է ասել, որ գոյություն չունի, բայց դե յուրե դեռ կա) շատ ավելի շուտ է լուծարվելու և ընդգրկվելու Ռուսաստանի կազմի մեջ, քան ասենք մեր հարևան Վրաստանն ու Ադրբեջանը: Եվ հենց դա է պատճառը, որ նրանց ուշադրությունը այսօր անհամեմատ ավելի շատ մեր վրա է սևեռված, ու դրա համար է, որ նրանք մեծ խանդով են վերաբերվում մեզանում ազգային գաղափարական ցանկացած դրսևորմանը, և առավել ևս այդ գաղափարախոսությունները գեներացնող անհատների նկատմամբ, ինչպիսին է օրինակ Նժդեհը: Այնպես որ այս ամենի ետևում ադրբեջանական խավիար փնտրել պետք չի, խնդիրը բոլորովին այլ հարթության մեջ է։

Մեկնաբանություն
X