Զարուհի Փոստանջյանն իր հայտնի ցուցապաստառով կառավարության դիմաց էր

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կառավարության դիմաց էր։ Հիշեցնենք, որ այս օրերին ընդդիմադիր գործիչը շրջում է Հայաստանի մարզերով՝ քաղաքացիներին տեղեկացնելով իշխանության տապալման, համահայկական մեծ ընդվզման մասին։

Կառավարության դիմաց նա այսօր հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով արտաքին պարտքի ավելացման, թանկացումների մասին։ Նա վերջում կոչ արեց դուրս գալ փողոց, գնալ համահայկական մեծ ընդվզման։ Հայտարարությունն ուներ «Հրաժեշտ ձախողված քառորդդարյա Հայաստանի Հանրապետությանը» անվանումը։

«Պետության տնտեսական կայունությունը և տնտեսական ապահովությունը պայմանավորված են տնտեսության կայուն աճով, մանր և միջին գործարարության զարգացմամբ, էներգետիկ անկախությամբ և գործարարության համար առավել ազատական պայմանների ստեղծմամբ: Հայաստանում մասնավոր սեփականության հանդեպ հարգանքի, պաշտպանության և հավասար մրցակցային պայմանների բացակայությունը շահութաբեր ձեռնարկատիրական ծրագրեր իրականացնելու համար Հայաստանը դարձրել են ոչ բարենպաստ, ռիսկային երկիր: Մեր ազգի ձեռներեց և ստեղծագործական միտքը, չունենալով նպաստավոր պայմաններ արարելու և զարգանալու Հայաստանում, շարունակում է գաղթել երկրից, իսկ ազգի ձեռներեց և ստեղծագործ սփյուռքյան հատվածը զերծ է մնում իր կարողությունները Հայաստանում օգտագործելուց:

Օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը շարունակում է մնալ ռիսկային երկիր տնտեսական կայունության դիտանկյունից: Նորանկախ Հայաստանը ոսկու սեփական ազգային պահուստային պաշարները ավելացնելու փոխարեն ոչնչացրել է: Հայաստանն իր ազգային պահուստային ֆոնդից ոսկու պաշարները սկսել է վաճառել դեռևս անցյալ դարի իննսունական թվականներից և ամբողջապես սպառել է 2003 թվականին: Ցանկացած պետության համար ոսկու պահուստը այնպիսի կարողություն է, որն իրականացնում է հակաճգնաժամային պահուստի և ազգային արժույթի փոխարժեքի կայունացնող դեր: Բացի այդ, ոսկին ցանկացած պահի կարող է օգտագործվել որպես վճարման միջոց: Ոսկու պաշարների առկայությունը նշանակում է պետության ավելի մեծ տնտեսական անկախություն:

Աշխարհում բոլորը գիտեն, որ ճգնաժամի ընթացքում ոսկին հանդիսանում է երկրի տնտեսական անվտանգության վերջին պաշտպանը: Մինչդեռ ապաշնորh և ապազգային քաղաքականություն իրականացնողները հայոց գանձապետարանի ոսկու` միակ ակտիվի, որը չունի արժույթին բնորոշ ռիսկեր և միակն է, որն ընդունվում է աշխարհի ցանկացած վայրում անկախ բոլոր հանգամանքներից, պահուստը փոշիացրել են: Առ այսօր որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել ազգային ոսկու պաշարի վերացման համար: Այս տարի հերթը հասել է հայոց գանձապետարանի պահուստային պաշարների այլ թանկարժեք միջոցների վաճառքին:

Ապաշնորհ, ապազգային և հանցավոր քաղաքականություն իրականացնողները հայտարարում են, որ թանկարժեք իրերը ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը և արդիականությունը, մինչդեռ կրկին, ինչպես ոսկու պաշարների փոշիացման դեպքում, այնպես էլ այլ թանկարժեք միջոցների դեպքում` թանկարժեք միջոցները ժամանակի ընթացքում ավելի են թանկանում և հանդիսանում են կայուն պահուստային պաշար: Հայաստանը թույլ է տվել կոպիտ սխալ՝ վաճառելով ոսկու պաշարները, իսկ այժմ վաճառում է այլ թանկարժեք իրերի պաշարները՝ անտեսելով այն փաստը, որ ոսկին և թանկարժեք իրերը հանդիսանում են կայուն և եկամտաբեր պահուստային պաշարներ, որոնք ապահովում են պահուստների դիվերսիֆիկացիայի անհրաժեշտ մակարդակը»,-իր խոսքում նշեց Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանը ելույթ էր ունենում իրենց հայտնի ցուցապաստառի ներքո՝ «Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձեւը», «Դժոխքի երաժշտություն Հայաստանում» գրություններով։

Ելույթի ընթացքում քաղաքացիները կանգնում, լսում էին նրա խոսքը, հետաքրրքվում, թե ինչ է կատարվում։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X