Մի քանի հորդոր ընթերցողին

  1. Մի գայթակղվեք կայքերի «սենսացիոն», «ցնցող», «բոց» վերնագրերով։ Դրանց տակ սովորաբար ոչ մի «սենսացիոն», «ցնցող», «բոց» տեղեկություն չի լինում։ Դրանք սովորական մանիպուլյացիաներ են՝ ընթերցող գրավելու համար նախատեսված։
  2. Առանց հոդվածն ամբողջությամբ կարդալու, միայն վերնագրի հիման վրա քոմենթներ մի գրեք՝ երբեմն վերնագիրն անհաջող է լինում, կամ հապճեպ ձեւակերպված եւ այնքան էլ չի համապատասխանում նյութի բովանդակությանը, ուստի կարդացեք հոդվածն ամբողջությամբ, նոր արտահայտեք ձեր զայրույթը, ոգեւորությունը, հիասթափությունը կամ հիացմունքը։
  3. Մի մեղադրեք լրագրողին մեր իրականության բացերը ներկայացնելու, տհաճ բաների մասին գրելու, տգեղ մարդկանց ներկայացնելու, զրուցակիցների անգրագետ խոսքն անփոփոխ վերարտադրելու համար։ Լրագրողն այն իրականության հայելին է, որտեղ ապրում ենք մենք եւ ոչ մի մեղք չունի, որ մեր քաղաքական գործիչները տգետ են, պաշտոնյաները՝ ագահ, քաղաքագետները՝ ծախված, շարքային մարդիկ՝ վախկոտ, բարձրաստիճանները՝ խորամանկ, որ մեր շրջապատում տգեղ ու տհաճ մարդիկ եւ երեւույթներ կան։
  4. Եթե Ձեր սիրելի գործչին լրագրողը բացասական լույսի ներքո է ներկայացրել եւ հակառակը՝ Ձեր չսիրած անձանց ու երեւույթներին դրական գնահատականներ տվել, մի շտապեք հրաժարվել այդ լրատվամիջոցն ընթերցելուց եւ մի սպասեք, որ միշտ եւ ամեն ինչում Ձեր եւ լրագրողի կարծիքները պետք է համընկնեն, բոլոր նյութերը պետք է գրված լինեն Ձեր ճաշակով ու Ձեր պատկերացումներին համապատասխան։ Լրագրողը նույնպիսի մահկանացու է՝ իր հայացքներով ու պատկերացումներով, իր ընկալումներով ու աշխարհայացքով, թերի կամ լիարժեք գիտելիքներով։ Լրագրողը նույնպես կարող է լավ չկողմնորոշվել, ինչ որ թեմաներից գլուխ չհանել, սուբյեկտիվ լինել, թերագնահատել կամ գերագնահատել ինչ որ մարդկանց։ Ոչինչ մարդկային խորթ չէ նրանց։
  5. Ենթադրությունների վրա երբեք եզրահանգումներ մի արեք։ Ասենք՝ եթե որեւէ դրական հոդված եք կարդում որեւէ իշխանավորի մասին, մի շտապեք մտածել, առավել եւս՝ հայտարարել․ «պատվերով հոդված է»։ Միշտ կարող եք սխալվել այդ հարցում եւ վաղը կարող է այդ նույն իշխանավորի մասին ճիշտ հակառակը գրվել նույն լրատվամիջոցում։ Ի վերջո, լրագրության ամենակարեւոր կանոնը «լավին՝ լավ, վատին՝ վատ» ասելն է եւ նախապես որոշված թիրախներ ու անքննելի կուռքեր չունենալը։
  6. Եթե հիասթափվում եք որեւէ լրատվամիջոցից երբեք «խաչ մի քաշեք» նրա վրա՝ ինչ որ ժամանակ անց կրկին ընթերցեք, գուցե պարզվի, որ սխալվել եք, կամ՝ շտապել եք Ձեր եզրակացությունների մեջ։ Կամ՝ էպիզոդիկ է եղել Ձեր տպավորությունը։ Կամ՝ ինքներդ փոխեք Ձեր կարծիքը ինչ որ երեւույթների հետ կապված եւ հետագայում գիտակցեք, որ Ձեզ հիասթափություն պատճառած լրատվամիջոցն ու լրագրողը ժամանակին «ճիշտ էին գրում»։
  7. Երբեք մի համեմատեք տարբեր լրատվամիջոցներին ու լրագրողներին միմյանց հետ՝ ամեն մեկն իր լսարանն ու առաքելությունն ունի։ Ամեն մեկը պատասխանատու է իր ընթերցողի ու խղճի առաջ։ Առանց այն էլ ԶԼՄ-ների միջեւ դաժան մրցակցություն է՝ մի նպաստեք անառողջ մթնոլորտի ձեւավորմանը լրատվադաշտում։ Անգամ եթե ունեք սիրելի եւ «ոչ սիրելի» լրագրողներ ու լրատվամիջոցներ, պարտադիր չէ այդ մասին բարձրաձայնելը, լրագրողին փնովելը՝ այլ լրագրողի կամ ընթերցողների ներկայությամբ։ Մանավանդ եթե հանրային անձ եք՝ պաշտոնյա կամ գործիչ։
Մեկնաբանություն
X