Ես խնդրում եմ իմ անձով մի հետաքրքրվեք. Գագիկ Հարությունյան

Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմում ավելացել է համայնքի տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուի հաստիքը, որը հայեցողական պաշտոն է, եւ քաղաքապետն է որոշում, թե ով կզբաղեցնի այն: Հունվարի 1-ից այդ պաշտոնը զբաղեցրեց Գագիկ Հարությունյանը, ով եղել է «Հրազդանի բնակարանային կոմունալ շահագործում» ՍՊԸ-ի տնօրենը: 2008թ.-ին «Հրազդանի Բնակարանային կոմունալ շահագործում» ՍՊԸ –ն սնանկ է ճանաչվել, քանի որ Հրազդանի քաղաքապետարանը ընկերությանը չի վճարել ծառայության դիմաց գումարները:

2010թ. սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հրազդանի քաղաքապետարանի, հօգուտ «Հրազդանի բնակարանային կոմունալ շահագործում» ՍՊ ընկերության բռնագանձել 1.200.000 ՀՀ դրամի պահանջով: Դատավորը հայցապահանջը բավարարել է մասնակի, եւ Հրազդանի քաղաքապետարանից հօգուտ «Հրազդանի բնակարանային կոմունալ շահագործում» ՍՊ ընկերության բռնագանձվել է 450 հազար 724 ՀՀ դրամ` որպես ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով առաջացած պարտքի գումար:

Համայնքի տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուի հաստիքը բավականին լուրջ պաշտոն է, եւ պաշտոնատար անձը պետք է հստակ իմանա իր անելիքը: Մեզ հասած տեղեկություններով՝ վերջին տարիներին Գագիկ Հարությունյանի եւ Արամ Դանիելյանի հարաբերությունները միշտ լարված են եղել:

Փորձեցինք մի քանի հարց ուղղել Գագիկ Հարությունյանին, թե ո՞րն է լինելու իր առաջին քայլը եւ քաղաքի զարգացման համար ի՞նչ ծրագրեր ունի, նա ասաց, որ հարցերը գրավոր ուղղենք, որ կարողանա հանգիստ պայմաններում պատասխանի: Պնդեցինք, որ բանավոր մեզ ասի՝ իր եւ Արամ Դանիելյանի ջրերը մի առվով չէի՞ն հոսում, ինչպես պատահեց, որ իրեն նման պաշտոնի նշանակեց․ «Դա անձնական բնույթի հարց է, ես խնդրում եմ իմ անձով մի հետաքրքրվեք»: Դա գործնական հարց է, ոչ թե անձնական, Դուք դատի եք տվել Հրազդանի քաղաքապետարանին եւ այդ պատճառով լարվել են Ձեր եւ քաղաքապետի հարաբերությունները. «Ես ստիպված կլինեմ անջատել հեռախոսը, ինձ հարմար չի, ես ղեկին եմ»,- եղավ պատասխանը:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X