Ստեղծվել է հայկական կինոյի մասին առաջին ինտերակտիվ խաղը՝ «Կինոգետը»

Ստեղծվել եւ արդեն թողարկվել է Զավեն Հարոյանի հեղինակած ինտերակտիվ, ինտելեկտուալ սեղանի խաղը՝ «Կինոգետը», որի նպատակն է հետաքրքիր, մատչելի եւ նորարարական եղանակով, հատկապես դեռահասների եւ երիտասարդների շրջանում, հետաքրքրություն առաջացնել հայկական ֆիլմերի նկատմամբ, դրանով նպաստել նաեւ ֆիլմերի տարածմանը։ Կրթական բաղադրիչը մեկտեղված է ժամանցային բաղադրիչի հետ՝ ապահովելով ինտերակտիվությունը։ Նախագիծը հետաքրքիր է նաեւ նրանով, որ կարող է դառնալ հայկական կինոյի հանրահռչակմանն ուղղված կարեւոր գործիք:

Խաղը պարունակում է առավել հայտնի հայկական 70 կինոնկարից կազմված 328 խաղաքարտ, ֆիլմացանկերի գրքույկ (2 օրինակ), ինչպես նաեւ խաղի կանոնները։

Խաղաքարտերում ներկայացված են հետեւյալ պահանջները՝

  1. գուշակել ֆիլմը՝ ըստ նշված արտահայտության (150 հատ)

  2. շարունակել հանրաճանաչ դարձած թեւավոր խոսքը (60 հատ)

  3. ըստ ներկայացված նկարի՝ գուշակել կերպարն ու ֆիլմը (30 հատ)

  4. ըստ ներկայացված երաժշտության՝ գուշակել ֆիլմը (30 հատ)

  5. ըստ բանալի-բառերի (keyword)՝ ֆիլմը հուշել թիմակիցներին (30 հատ)

  6. թվարկել դերասանի մասնակցությամբ ֆիլմերը (28 հատ):

Խաղաքարտերն ունեն միավորներ, ինչպես նաեւ տարբեր միավորանոց հուշումներ, որոնք, սակայն, կնվազեցնեն խաղաքարտի միավորները: Որպես հուշում են ծառայում համապատասխան ֆիլմը, սյուժեն, կերպարը, դերասանը, լրացուցիչ բառը, արտահայտությունը կամ երաժշտությունը:

Խաղի ինտերակտիվությունն ապահովում են խաղաքարտերում ներառված QR կոդերը, որոնք հեռախոսի կամ պլանշետի վրա ներբեռնված QR կոդ կարդացող ցանկացած հավելվածի միջոցով սկանավորվելուց հետո ցույց կտան համապատասխան խաղաքարտի պահանջի ու պատասխանի մասին տեղեկություն: Ֆիլմացանկի բոլոր ֆիլմերը եւս պարունակում են QR կոդեր, որոնք կրում են հայկական կինոնկարների վերաբերյալ կարեւոր տեղեկություններ։

Մեկնաբանություն
X