Էրդողանը հայտնվել է միջազգային «խուլիգանի» դերում

Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրապարակավ սպառնաց ԱՄՆ-ին՝ նշելով, որ շարունակելու է ռազմական գործողությունները Սիրիայի քրդական խմբավորումների դեմ և Աֆրինից հետո թիրախավորելու է նաև հարևան Մանբիջն ու Իդլիբի նահանգը՝ հասնելով ընդհուպ Իրաքի հետ սահմանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան արդեն երեք շաբաթ է, ինչ ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում, իբրև թե քրդական ահաբեկչական խմբավորումների դեմ: Այդ նույն ժամանակ ԱՄՆ-ն վերջիններիս ոչ միայն ահաբեկիչ չի համարում, այլ նաև զինում է նրանց «Իսլամական պետության» դեմ պայքարում:

«Միացյալ Նահանգների նախորդ նախագահ Բարաք Օբաման խաբեց Թուրքիային, նույն քաղաքականությունն է վարում նաև Թրամփը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ շեշտադրելով, որ ԱՄՆ-ն փաստորեն գործում է Անկարայի շահերի դեմ և հատուկ հաշվարկներ ունի ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Իրանի և Ռուսաստանի դեմ։

Եվ այսպես չխորանալով Էրդողանի ագրեսիվ հռետորաբանության մանրամասների մեջ, միայն արձանագրենք, որ Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում ԱՄՆ-ի և Թուրքիայի առանց այն էլ լարված փոխհարաբերությունները հայտնվում են ճգնաժամային շատ ավելի բարդ, պատային իրավիճակում։ Նշենք, որ համանման ագրեսիվ հռետորոբանությունը ավելի քան բնորոշ է Թուրքիայի նախագահին։ Ընդամենը մեկ տարի առաջ նա տարածքային պահանջներ էր ներկայացնում Բուլղարիային, Հունաստանին, Կիպրոսին, Վրաստանին, Սիրիային և Իրաքին, իսկ հետո էլ փորձում էր քարոզչական հանրահավաքներ կազմակերպել ոչ ավելի, ոչ պակաս հենց Եվրոպայի սրտում՝ Նիդերլանդներում։

Ինչի՞ է ի վերջո ուզում հասնել Էրդողանը։ Մի՞թե միայն քրդական սպառնալիքն է Թուրքիային ուղղորդում դեպի արտաքին էքսպանսիայի։ Թերևս ո՛չ։ Քրդական հարցը արմատախիլ անելու փորձերի հետ զուգընթաց կան նաև շատ ավելի հեռուն գնացող ծրագրեր։ Հայացքն ուղղելով դեպի Մեքքա, պանիսլամիզմի դրոշակը ձեռքին, խալիֆի կեցվածքով և Օսմանյան սուլթանի վարքագծով Էրդողանը փորձում է խառնել բոլոր խաղաքարտերը՝ Մոսուլից մինչև Երուսաղեմ: Իհարկե, դժվար է հասկանալ խաղի այն կանոնները, որոնցով առաջնորդվում է ներկայիս Թուրքիան, բայց մի բան հստակ է՝ Էրդողանը փորձում է շարժվել Օսմանյան կայսրության ուղեծրի տրամաբանությամբ: Ավելին՝ Թուրքիայի բնակչության մի զգալի հատվածը դեռևս ապրում է կայսերական այդ գիտակցությամբ: Խոսքը Ստամբուլի եվրոպական մտածողությամբ քաղաքացիական հասարակության մասին չէ, այլ միջին գործարարների և գյուղացիների, որոնք հանդիսանում են Թուրքիայի ներկայիս իշխանության հիմնասյուները: Ո՞րն է «Օսմանյան կայսրության» ուղեծրի էությունը: Անկարայի առջև փակվել են Բրյուսելի (ԵՄ) դռները: Այսինքն՝ Թուրքիան, ջախջախվելով «Վիեննայի պարիսպների տակ», որոշ ժամանակ անց դուրս է մղվել նաև Եվրոպական թատրոնից՝ «Վիեննայի կոնգրեսից»: Դրանից ելնելով Էրդողանը պանիսլամիզմի գաղափարական դրոշի ներքո ամուր դիրքավորվել է Արևելքում և փորձում է խաղալ սուննի աշխարհի առաջնորդի դերը: Այս տեսանկյունից ամենևին էլ պատահական չէ Անկարայի սկզբունքային դիրքորոշումը Երուսաղեմն Իսրայելի մայրքաղաք ճանաչելու Թրամփի որոշման դեմ։

Պանիսլամիզմի հետ զուգընթաց միս ու արյուն են ստանում նաև նեոօսմանիզմն ու պանթյուրքիզմը: Այսինքն՝ Թուրքիան ձգտում է առաջատար դերակատարում ստանձնել նաև թյուրքական աշխարհում՝ Տաշքենդից մինչև Իրաքի թուրքոմաններ: Իսկ փախստականների և Եվրոպայի թուրք բնակչության միջոցով Էրդողանը փորձում է ճնշում գործադրել եվրոպական երկրների վրա: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ «Վիեննայի ձախողված պաշարման» նոր փորձ: Սրանք այն պատկերացումներն են, որոնք ձևավորվել և արմատավորվել են Թուրքիայում այս բոլոր տարիների ընթացքում: Իհարկե, դրանց մի մասը հեռու է ռեալպոլիտիկի առավել ճկուն շրջանակներից և ավելի շատ ունեն գաղափարական-քարոզչական նշանակություն: Բայց չի կարելի անտեսել նաև այն հանգամանքը, որ գաղափարական այս տիրույթում Թուրքիայի ներսում կուտակվել է հսկայական էներգիա, ինչը հանգեցնում և հանգեցնելու է արտաքին անխուսափելի էքսպանսիայի՝ փորձելով պանիսլամիզմի և պանթյուրքիզմի գաղափարական հենքի վրա հասնել առավելագույնին՝ քրդերին ջախձախելուց մինչև Մերձավոր Արևելքում Անկարայի հեգեմոնիայի հաստատում։

Վերադառնանք Թուրքիա-ԱՄՆ առաջին հայացքից անլուծելի թվացող ճգնաժամին: Իսկապես առաջին հայացքից, քանզի Թուրքիան այն խաղացողներից չէ, որն այս կամ այն պետության հետ կարող է մտնել երկարաժամկետ հակամարտության կամ էլ դաշինքի մեջ: Գործ ունենք չընդհատվող պետականության հետ, որն ունի արտաքին քաղաքականության լավագույն ավանդույթները: Սառը պատերազմի ավարտից և թվացյալ «սև ու սպիտակ» աշխարհակարգի անէացումից հետո, Թուրքիան ներկայումս ավելի քան երբևէ հայտնվել է միջազգային քաղաքական շահեկան պայմաններում: Բանն այն է, որ արդի աշխարհակարգում Անկարան ունի մանևրելու, աշխարհաքաղաքական տարաբնույթ բևեռների միջև գոյություն ունեցող հակասությունները խաղարկելու շատ ավելի լայն սպեկտր, քան նախկինում: Որքան էլ սրված լինեն Թուրքիա-ԱՄՆ փոխհարաբերությունները, այնուամենայնիվ Անկարան չի կորցրել Չերչիլի բնորոշած զարկերակի կարգավիճակը, որը գաղութները կապում էր մետրոպոլիայի հետ: Ճիշտ է, ժամանակակից աշխարհում ոչ գաղութները կան և ոչ էլ մետրոպոլիան, բայց Թուրքիան դեռևս չի կորցրել զարկերակի իր նշանակությունը: Այսինքն՝ երկարաժամկետ հակամարտության մասին խոսք անգամ լինել չի կարող: Կա շահերի բախում, որն այսօր վերածվել է քարոզչական առճակատման, իսկ վաղը կարող է վերածվել բարեկամության: Պանիսլամիզմի կեսքարոզչական, կեսիրական գործոնը կամ Թուրքիայի առջև փակված բրյուսելյան դարպասները որևէ կերպ չեն խոչընդոտում այս գործընթացների բնականոն շարունակականությանը:

Գրեթե նույն հարթության մեջ պետք է դիտարկել նաև Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերությունները: Երկրներն այդ կապված են տնտեսական, էներգետիկ ամուր կապերով, և դրանց խաթարումը կամ կանխարգելումը լուրջ հետևանքներ կունենա երկու կողմերի համար էլ՝ ինչպես պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ լուրջ խնդիրներ ունեցող Թուրքիայի։ Անկախ փոխհարաբերությունների կարգավիճակից՝ տնտեսական համագործակցությունը երբեք չի ընդհատվի: Հիշեցնենք՝ Ռուս-թուրքական գրեթե բոլոր պատերազմների ժամանակ Ռուսաստան-Թուրքիա տնտեսական գործունեությունը հիմնականում չի կանխարգելվել և բնականոն շարունակվել է, իհարկե այնքան, որքան որ հնարավոր է եղել պատերազմական իրավիճակներում։ Եթե խնդրո առարկան փորձենք դիտարկել պատմության տեսանկյունից, ապա Ռուսաստանը գրեթե միշտ Թուրքիայի համար ունեցել է մահակի կարգավիճակ, իսկ վերջինս էլ եղել է այն պատնեշը, որը կանխարգելել է Ռուսաստանի ներթափանցումը Մերձավոր և Միջին Արևելք, ինչպես նաև բացարձակ հեգեմոնիան Սև ծովում։ Այս տրամաբանությունից ելնելով Ռուսաստանը Սիրիայում խաղաց մահակի իր պատմական դերը և կանխարգելեց Դամասկոսում ամբողջական վերահսկողություն սահմանելու՝ Անկարայի ձգտումները, իսկ Թուրքիան ևս մեկ անգամ այն պատնեշն էր, որը թույլ չի տալիս Մոսկվային հիմնավոր ամրապնդվել Մերձավոր և Միջին Արևելքում։ Բայց կողմերի փոխհարաբերություններում բնորոշ է եղել նաև Ռուսաստանի՝ Թուրքիայի համար ժամանակավոր այլընտրանքի կարգավիճակը, մասնավորապես՝ 1831-33թթ. Թուրք-եգիպտական պատերազմի ժամանակ Նիկոլայ 1-ը և ռուսական նավատորմը բառացիորեն Օսմանյան կայսրությունը փրկեցին կործանումից ու մասնատումից և, ի վերջո, Առաջին աշխարհամարտում ջախջախված, մասնատված Թուրքիան կարողացավ վերակենդանանալ և նոր շունչ առնել Խորհրդային Ռուսաստանի ֆինանսական և ռազմական օգնության միջոցով։

Վերոհիշյալ օրինակները վառ ապացույցն են այն բանի, որ Ռուսաստանն իսկապես Թուրքիայի համար պատմական տարբեր ժամանակամիջոցներում եղել է ժամանակավոր այլընտրանք։ Իսկ ժամանակավոր, քանզի կողմերի միջև երկարաժամկետ մերձեցումն անհնար է այնքանով, որ դրանք առաջին հերթին աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հակառակորդներ են։ Երկու տերությունների շահերը բախվում են Ղրիմից մինչև Լեռնային Ղարաբաղ և Լաթաքիայից մինչև Տաշքենդ աշխարհաքաղաքական գրեթե բոլոր տիրույթներում: Այսինքն՝ երկարաժամկետ մերձեցումն ու դաշինքային փոխհարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև գրեթե բացառվում են: Ներկայումս Մոսկվան վերստին Անկարայի համար այլընտրանքի դերակատարում է ստանձնել և այդ հանգամանքը օգտագործում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ փոխհարաբերությունները վերադասավորելու և Ռուսաստանի միջոցով կողմերի միջև խուսանավելու համար, ինչպես մեր նշած և այլ պատմական տարաբնույթ ժամանակաշրջաններում։

Ասվածի տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև Թուրքիա-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցությունը։ Անշուշտ, Թուրքիային ոչ այնքան այդ զինատեսակներն են պետք, որքան դրանց քաղաքական ազդեցությունը։ Ներկայումս Ռեջեփ Էրդողանը հայտնվել է միջազգային «խուլիգանի» դերում, ինչ ուզում է, այն էլ անում է՝ Սիրիայում, Իրաքում և այլուր։ Կարծես թե միջազգային հանրությունը դեռևս հանդուրժում է։

Մեկնաբանություն
X