«Հանուն գիտության զարգացման»-ը վերափոխվել է «Ռեստարտ-ԵՊՀ»-ի․ ԵՊՀ աստիճաններից զուգարանի թղթեր են կախված

>

Նոր նախաձեռնություն՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգողների կողմից։ «Ռեստարտ ԵՊՀ» անունը կրող նոր նախաձեռնությունը, հեղինակների խոսքով, կրթական համակարգում բարեփոխումների ծրագիր է, և իրենք սկսում են ամենատարրական բաներից։ Իսկ տարրական բաներից մեկը ԵՊՀ-ի զուգարաններում թղթի բացակայությունն էր։

Նախաձեռնողների խոսքով՝ ԵՊՀ-ն տարեկան շուրջ 8․8 մլն դրամ է հատկացնում այդ նպատակի համար, սակայն զուգարաններում թուղթ չկա։ ԵՊՀ անվտանգության պետը, որը հնարավորինս փորձեց ուսանողներին համոզել, որ չդիմեն նման «մանր» քայլերի, խնդրի իր պատճառներն ուներ։ Վերջինս մեղքը գցում էր ուսանողների վրա․ «Ես որ «ֆիսկուլտում» էի աշխատում, մի հատ տղա օրը մեջ գալիս էր, որ լողանար։ Ասում էր՝ տանը հնարավորություն չունեմ։ Ես հիմա աշխատող ունեմ, որ վրայից վատ հոտ ա գալիս, բայց հո իրեն չե՞մ ասի։ Էտ թղթերը ուսանողներն են գողանում, գիտեք քանի անգամ եմ բռնացրել, դնում են պայուսակը ու տանում»։

Անվտանգության պետ Առուստամյանին հարց ուղղեցինք, թե ինչո՞ւ այլ համալսարաններում էլ ուսանողները չեն գողանում զուգարանի թղթերը, վերջինս չցանկացավ հարցին պատասխանել։ Այնուամենայնիվ ուսանողները արեցին իրենց «սև գործը»՝ ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի աստիճանները զարդարելով զուգարանի թղթերով, որը դուր չեկավ նախ անվտանգության պետ Առուստամյանին, որը կատաղած փնտրում էր «զանցանքի» հեղինակներին, իսկ հետո էլ ուսխորհրդի ներկայացուցինչներին, որոնք նախաձեռնության կազմկաերպիչ Դավիթ Պետրոսյանին հրավիրեցին առանձնազրույցի։

Հավելենք, որ կազմակերպիչները պնդում են, թե ծրագիրը միայն ԵՊՀ-ին չէ, որ վերաբերում է, այն հեշտությամբ կարող է կոչվել, ասենք, օրինակ, «Ռեստարտ Պոլիտեխնիկ»։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X