Ալիեվն արտահերթ ընտրություններ է նշանակել. մնո՞ւմ է, թե՞ գնում

Իբր արդեն գիտեինք, թե ինչ է լինելու ապրիլի 9-ից հետո, հիմա էլ Իլհամ Ալիեւն է արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել, որոնք պետք է տեղի ունենան ոչ ավել, ոչ պակաս՝ ապրիլի 11-ին: Հազիվ թե Ալիեւի որոշումը որեւէ առնչություն ունենա հայաստանյան հնարավոր զարգացումների հետ, բայցեւ հետաքրքիր է մի քանի առումներով: Ալիեւն առաջ է բերել նախագահական ընտրությունները, նույնիսկ հասցրել է առաջադրվել, սակայն տակավին չի կարելի ասել` նա մնո՞ւմ է, թե՞ որոշել է հեռանալ հենց ընտրություններով, ինչը միշտ էլ նախընտրելի է այլ կարգի հեռացումներից:

Հայաստանից առաջին արձագանքներից մեկն այն է, որ Ալիեւը պատրաստվում է նոր պատերազմի ղարաբաղյան ճակատում: Այս տեսակետը հիմնավորում են հետեւյալ կերպ` եթե Ալիեւը պատերազմ սկսի եւ պարտվի, ապա հոկտեմբերին վերընտրվելու նրա շանսերը կհավասարվեն 0-ի: Հենց դրա համար էլ նա առաջ է բերել ընտրությունները, որպեսզի նոր պատերազմը հաջորդի ընտրություններին, եւ պարտության դեպքում խնդիրներ չառաջանան նրա վարկանիշի կապակցությամբ:

Կան նաեւ այլ մեկնաբանություններ: Ոմանց կարծիքով՝ Ալիեւը փորձում է անակնկալի բերել իր հավանական ուժեղ հակառակորդներին, որոնք հերթական նախագահական ընտրությունների էին պատրաստվում հոկտեմբերի 17-ի կտրվածքով: Սա բավականին տրամաբանական է թվում, եթե, իհարկե, հնարավոր է Ադրբեջանում գտնել մի այնպիսի թեկնածուի, որ կարողանար թեկուզ մի քանի տարի անց իսկական ճակատամարտ տալ Իլհամ Ալիեւին:

Այս երկու տեսակետն էլ հանգում են Ալիեւի մնալու գաղափարին եւ չեն ներառում նրա հեռանալու տարբերակը, որը կարող է նրան պարտադրված լինել Արեւմուտքից: Ընտրությունների այս անակնկալ տեղաշարժը մեզ հիշեցնում է ենթակային «իր դիմումի համաձայն» աշխատանքից ազատելու փորձված մեթոդը: Չի բացառվում, որ այս ընտրություններում հաղթի այն թեկնածուն, որ կոմպրոմիսային կլինի Արեւմուտքի եւ Ալիեւի համար: Ինչպես ասում են` թե՛ գայլերը կուշտ կմնան, թե՛ ոչխարները` տեղում:

Կարող է հարց առաջանալ, թե ինչու, հանկարծ, Արեւմուտքը գնաց այդ քայլին: Մեր կարծիքով` դա նույնիսկ ուշացած քայլ է, որը կատարելու համար, պարզապես, հարմար առիթ էր պետք: Եթե թվարկելու լինենք այն բազմաթիվ պատճառները, թե ինչու էր պետք Ալիեւին հեռացնել իշխանությունից, կարելի է հատորներ գրել: Մենք կթվարկենք այդ պատճառներից ընդամենը մի քանիսը, որոնք լիուլի բավական են ոչ միայն Ալիեւին, այլեւ նրա նման մի քանի ղեկավարի միանգամից հեռացնելու համար: Նախեւառաջ, Իլհամ Ալիեւը շատ անհաջող բանակցող է Ղարաբաղի հարցով, մի հարց, որ Արեւմուտքի հաշվարկներով եւ ստեպ-ստեպ հիշեցումներով արդեն շատ է ձգձգվել եւ 30 տարի շարունակ նպաստել է միայն Հարավային Կովկասում Ռուսաստանի ամրապնդմանը: Իր նախագահության տարիներին Ալիեւը սեփական շահերն է հետապնդել Ռուսաստանի հետ հարաբերություններում` պատճառ դառնալով Ադրբեջանում արեւմտյան ներդրումներից գոյացած հսկայական շահույթների` Ռուսաստան հոսելուն, որոնք լվացվել են հիմնականում ռուսական զենք ներկրելու ծրագրերով: Արեւմուտքի համբերությունը, կարելի է ասել, հատեց Ռուսաստանից զրահատեխնիկայի վերջին ներկրումների հետ կապված, որովհետեւ արդեն իսկ ԱՄՆ պետդեպը նախազգուշացրել էր Ադրբեջանին` խոսելով զենքի վաճառքի շուկայից Ռուսաստանին դուրս մղելու մասին: Մեծ աղմուկ հանած «Կրեմլի ցուցակում», բնականաբար, Ալիեւի անունը չկա, բայց, վստահաբար, այդ ցուցակի պատվավոր տեղերում կարելի է գտնել ռուս եւ ազգությամբ ադրբեջանցի գործարարներ, որոնք «մեծ դերակատարություն» են ունեցել Ադրբեջանին ռուսական, այսպես կոչված, ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու գործում: Վստահաբար, նրանք չեն գործել առանց Ալիեւի գիտության, հետեւաբար, կարելի է մտածել, որ հայտնի ցուցակը կազմողները բավականին տեղեկացված են եղել Ալիեւի կյանքի մութ կողմերին, որոնց մասին մինչ այդ էլ բրիտանական մամուլում բազմաթիվ հրապարակումներ է արել: Մասնավորապես, հայտնի են արտասահմանում Ալիեւների ընտանիքին պատկանող անշարժ գույքի աներեւակայելի ծավալները, որոնք ոչ մի խելամիտ հաշվարկի մեջ չեն տեղավորվում:

Ալիեւի հեռացումով թուլանում է Թուրքիան` Ռուսաստանի ՆԱՏՕ-ական դաշնակիցը, որն այսօր ինքնագլուխ կերպով ներխուժել է Սիրիա եւ պատճառ դարձել Սիրիայում Ռուսաստանի նոր ակտիվացման: ԱՄՆ-ի ոտքերը Սիրիայում կապելը եւ ՆԱՏՕ-ի վրացական առաջխաղացմանն այդկերպ խոչընդոտելը խոսում են նաեւ Թուրքիայում լրջագույն փոփոխություններ կատարելու, մասնավորապես ինքնագլուխ դարձող Էրդողանին հանգստի ուղարկելու անհրաժեշտության մասին: Դա չհաջողվեց 2016 թվականի հեղաշրջման փորձով, բայց կարելի է անել Էրդողան-Ալիեւ տանդեմը վերացնելուց հետո, ինչն էլ, կարծես, կատարվում է հիմա:

Ինչո՞ւ Ալիեւը Ռուսաստանից գնեց զրահատեխնիկայի վերջին խմբաքանակը: Մենք համոզված էինք, որ ղարաբաղյան ճակատ ուղարկելու համար էին դրանք, մինչդեռ այսօր տեսնում ենք, որ Ալիեւն այլ հոգսեր եւս ունի, մասնավորապես՝ երկրի ներսում ոչ ցանկալի իրադարձությունների զսպումը եւ անհրաժեշտության դեպքում դրանք իր հակառակորդների դեմ հանելու համար: Բայց շաբաթը, ինչպես ասում են, ուրբաթից շուտ եկավ, եւ աշխարհն սկսեց խոսել սեփական երկրների կողոպտած ղեկավար-գործարարների մասին, որոնց արտասահմանում կատարյալ սնանկացում է սպառնում: Սպառնո՞ւմ է, արդյոք, այս թակարդն Ալիեւին: Մենք չենք կարող բացառել, որովհետեւ, ինչպես ասում են, դուզ տեղում անակնկալ կերպով նախագահական ընտրություններ չեն նշանակում:

Իսկ ինչ վերաբերում է այն կարծիքին, որ Ալիեւը հայ-ադրբեջանական նոր պատերազմի է պատրաստվում, կարելի է ասել` Ալիեւի համար էական չէ, թե նա երբ կպարտվի` նախագահական ընտրությունների նախաշեմի՞ն, թե՞ ընտրություններից հետո: Բանն այն է, որ Ալիեւի վարկանիշն Ադրբեջանում պայմանավորված է ոչ թե «ղարաբաղյան հաջողություններով», այլ նրա գլխավորած կլանի նկատմամբ ձեւավորված համընդհանուր վախով: Այս անգամ, կարծես, քամին այլ կողմից է փչում, եւ չի բացառվում, որ Ալիեւը Յանուկովիչից խլի պաշտոնից «քաղաքակիրթ» ձեւով հրաժարվելու համաշխարհային ռեկորդը: Դրա դիմաց նա կարող է վաստակել Դուբայի իր որդու թաղամասում ծերությունն անցկացնելու մեծ բարեպատեհությունը:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X