Հայկական արմատներ ունենալ դեռ չի նշանակում հայ լինել․ Ազգային իդենտիֆիկացիայի 3 չափորոշիչների մասին

Հիշում եմ ժամանակին մի հեռուստալրագրողի հետ էի բանավիճում, նա հաղորդումներ էր պատրաստում Թուրքիայում ապրող, այսպես կոչված, ծպտյալ հայերի մասին, այդպիսի մեկին գտել էր, և հիացմունքով պատմում էր, որ այդ մարդը, չնայած այն բանին, որ հայերեն չգիտի և մահմեդական է, սակայն իրեն իսկական հայ է համարում, ու ինքն էլ է այդ մարդուն ու նրա նմաններին, իսկական հայ համարում, որովհետև ինչ որ անբացատրելի հարազատություն է զգում այդ մարդկանց հետ շփվելուց, ու էլի այսպիսի բաներ...Ես ցանկացա հեռուստալրագրողին բացատրել, որ պետք չի այդքան ոգևորվել, որովհետև եթե անգամ այդ մարդկանցից շատերի արմատները իսկապես հայկական են, դա դեռ չի նշանակում, որ իրենց կարելի է հայ համարել, որովհետև ազգային ինդենտիֆիկացիան երեք հիմնական չափորոշիչ ունի, առաջինը լեզուն է, հետո պատմական հիշողությունը և հետո նոր այդ երկու պայմանների առկայության դեպքում նաև ծագումնաբանական ընդհանրությունը (բացառությամբ թերևս կայսերական ազգերի, որոնց գենեզիսի մեջ միաժամանակյա մասնակցություն կարող են ունենալ տարբեր էթնոսներ):

Մարդու համար ազգային ինքնությունն այն է, թե ինչ լեզվով է խոսում ու մտածում, ինչ մշակույթի, ինչ արժեհամակարգի կրող է, պատմական անցյալն ի՞նչ պրիզմայի մեջով է ընկալում, ի՞նչ կենցաղով է ապրում և այլն: Այս ամենն իրենց դրսևորումներն ունեն կրոնական պատկանելիության առումով նույնպես, ինչքան էլ որ կրոնը այսօր որոշիչ դերակատարություն չունենա մարդկանց վարքագծի ձևավորման ու կենցաղի հարցերում: Օրինակ՝ Թուրքիայի մահմեդականի համար, անկախ իր էթնիկ արմատներից, ցանկացած մահմեդական առաջնորդ, որը մահմեդականների հզորացման համար ինչ որ բան է արել, արժեք է, իսկ մենք գիտենք, որ Թուրքիայի մահմեդականներն իրենց դիրքերը ամրապնդել են միշտ քրիստոնյաների, առաջին հերթին՝ հայերի իրավունքները ոտնահարելու հաշվին, կամ ուղղակի բնաջնջելու հաշվին: Իզուր չէր ժամանակին Շահան Նաթալին ասում, որ հայն ու թուրքը անտիգոնիաներ են, նրանց համար պատմության միևնույն մեկնաբանություն չի կարող լինել, որովհետև մեկի հերոսը մյուսի դահիճն է. թրքացած ու մահմեդական դարձած հայերի համար Անիի Մայր տաճարն, օրինակ, մահմեդական սրբավայր է, որը իրենք Ֆեթիհե մզկիթ են անվանում, որովհետև իրենց նախնիների լեգենդար առաջնորդ Արփ-Արսլանը, երբ գրավեց Անին, այն վերածեց մզկիթի ու իր հաղթանակած զորականների հետ առաջինն էր, որ նամազ արեց այնտեղ. ինչու՞ եմ ասում իրենց նախնիների առաջնորդ, որովհետև իրենց համար նախնիները ընկալվում են առաջին հերթին հոգևոր առումով, այսինքն կրոնական պատկանելիությամբ, այլ ոչ թե էթնիկ։

Այսպիսի հազար ու մի փաստարկ կարելի է նշել: Այս ամենը լսելուց հետո մեր հեռուստալրագրողը, խիստ զայրացավ իմ ասածներից, մտավ իմ էջը, տեսնելով, որ ես Մոսկվայում եմ բնակվում, (չնայած ես արդեն Երևանում էի բնակվում, բայց Ֆեյսբուքի էջում դեռ գրված էր, որ Մոսկվայում եմ), սկսեց ինձ փնովել, որ եթե ես լքել եմ հայրենիքը, ուրեմն առաջին հերթին հենց ես հայ կոչվելու իրավունք չունեմ, որ Հայաստանից դուրս եկած միլիոնից ավելի հայերն անհաջողակ ու վախկոտ մարդիկ են, և իրավունք չունեն խառնվել հայաստանյան անցուդարձին, հետո հարցրեց, թե ես անձամբ ազգի համար ի՞նչ եմ արել, որ մի բան էլ ինձ իրավունք եմ վերապահում խոսել ազգին վերաբերող հարցերից: Ի՞նչ է ստացվում, փաստորեն համարյա երկու միլիոն երեկվա հայաստանցիները, որոնց գերակշիռ մեծամասնությունն անելանելի պայմաններից դրդված դուրս է եկել Հայաստանից, բայց դեռ պահպանում է իր մեջ հայի ինքնությունը, դրանց վրա մեր «հայրենասերը» ու իր նմաններն արդեն խաչ են քաշել, իսկ վաղուց արդեն ինքնությունը կորցրած մի քանի մարդկանց (որոնք ուղղակի սովորական թուրքեր ու քրդեր են, բայց հիշում են, որ իրենց պապերի մեջ հայեր են եղել), փայփայում են, արհեստականորեն հայ են համարում, և ուրախանում են այդ անհեթեթությունից...

Իհարկե ենթադրում եմ, որ լրագրողը իր շահախնդիր մոտիվացիան նույնպես ուներ, չէ՞ որ նա պետության հաշվին տարին մի քանի անգամ Թուրքիա էր այցելում ու, ուծացված հայերին որպես ծպտյալ հայեր ներկայացնելով, փոքր ու թույլ ազգի բարդույթով տառապող հայաստանցիների մեջ ինչ որ իլյուզիաներ ներարկելով` իր նյութական խնդիրներն էր, ըստ երևույթին, լուծում: Ու պատահական չի, որ մեր երկրում հիմա պետության միջոցների հաշվին ինչ որ բաներ անողները, սիրում են դա ներկայացնել որպես իրենց կողմից ազգի համար իրականացրած մեծ գործ, ու, դրանից ելնելով, իրենց իրավունք են վերապահում նորմալ քաղաքացիներից պահանջել, որ վերջիններս ազգի համար ինչ որ հատուկ բաներ անեն` չհասկանալով, որ իրենք, մեղմ ասած, դրա իրավունքը չունեն:

Որպես վերջաբան ասեմ, որ այն բոլոր խոսակցությունները, թե Թուրքիայում իբրև թե մի քանի միլիոն հայություն կա, որ նրանք բարենպաստ պայմանների դեպքում նորից կվերադառնան իրենց ինքնությանը ու մեր օգնությամբ մեր պատմական հայրենիքի տարածքներում նորից կվերականգնեն հայկական պետականությունը, ուղղակի հերթական զառանցանքներն են, որոնք շատ անգամ որոշ շրջանակների կողմից դիտմամբ ներարկվում է մեր միամիտ ժողովրդի գիտակցության մեջ: Թուրքիայում կա ընդամենը մի փոքրիկ հայ համայնք 50-ից 60 հազարի սահմաններում, որը կենտրոնացած է բացառապես Ստամբուլում, իսկ դա ավելի քան 80 միլիոնանոց Թուրքիայի համար ուղղակի կաթիլ է օվկիանոսում: Պատմական Համշենի լեռներում էլ մի քանի գյուղ է մնացել, որտեղ որոշ մարդիկ, հիմնականում ծերերը, կարողանում են խոսել համշենահայ բարբառով: Ու այդ մարդիկ, չնայած դրան, վաղուց արդեն, մշակութապես մեզանից խիստ տարբեր են, այնպես որ, նրանց նույնպես մենք կորցրել են ընդմիշտ: Ի դեպ նշեմ, որ երբ ցիտեցի հայի ու թուրքի անտիգոնիստ լինելու Նաթալիի միտքը, հանկարծ չկարծեք, թե ես մտածում եմ, որ Թուրքական Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չեն խաղաղ ապրել ու համագործակցել միմյանց հետ, որպես նորմալ հարևան պետություններ, սա արդեն ուրիշ թեմա է, որին անպայման կանդրադառնամ շուտով։

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X