Այսօր հիվանդի խնամքն ավելի շատ կախված է իր հարազատներից, քան առողջապահության համակարգից

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, առողջապահության նախկին նախարար (1990-1991) Միհրան Նազարեթյանի կարծիքով՝ այսօր մեր առողջապահությունը ճիշտ դիտարկելու խնդիր ունենք։

«Առողջապահությունը մակրոէկոնոմիկա է, ինչպես արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը։ Անհաջողությունները գալիս են նրանից, որ առողջապահությունը դիտարկում ենք իբրեւ հիվանդապահության էլեմենտ։ Այսօր հիվանդի խնամքն ավելի շատ կախված է իր հարազատներից, բարեկամներից, քան առողջապահության համակարգից»,- ասում է Նազարեթյանն ու ընդգծում, որ այն արդյունավետ ղեկավարելու համար պետք է մեր հայացքը 20-րդ դարից տեղափոխենք 21-րդ դար։ Իսկ 21-րդ դարի առողջապահության կառավարումը, ըստ նրա, կարելի է բնութագրել որպես դարձ դեպի ստրատեգիական ղեկավարում։ Դա պետք է լինի ոչ թե այսօրվա կամ վաղվա հարցեր լուծելու խնդիր, այլ մի տեսլական, ճանապարհ, որպեսզի հասկանանք, թե ուր ենք գնում։ «Օրինակ՝ մենք ի՞նչ առողջապահություն ունենք եւ ինչպիսի՞ն ենք ուզում ունենալ՝ ոչ ոք չգիտի։ Այն մարդիկ, ովքեր գալիս են ղեկավար պաշտոնների, որեւէ մեկը չի ասում, թե առողջապահության ոլորտում մոտակա 10-20 տարիների համար ինչ առողջապահություն ենք ունենալու»։

Այդ ստրատեգիական կառավարումը շատ կարեւոր է բաժանել 2 մասի՝ առողջապահության կառավարում, որը մի քիչ ավելի նեղ ոլորտ է եւ ուղղված է այսօրվա առողջապահության նախարարությանն ու այդ համակարգին, մյուսն ավելի լայն ճանապարհ է։ Այստեղ ներգրավվում է ոչ միայն առողջապահության համակարգը, այլեւ բոլոր տնտեսական սեկտորները․ այս տիպի կառավարումը կոչվում է առողջության ապահովում․ «Առողջապահությունն այս բնույթն ունի, եթե սրանցից մեկի վրա եք ուշադրություն դարձնում, օրինակ՝ առաջինի, դուք կդառնաք հիվանդապահության նախարարություն եւ կնեղացնեք ձեր գործառույթները ու չեք իմանա ինչ անեք։ Ենթադրենք՝ 5 տեղակալների փոխարեն ունեցանք 3 կամ կրճատեցինք նախարարությունում աշխատողների թիվը, հետո՝ դրանից բա՞ն է փոխվում։ Սկզբում մեր մտքում պետք է փոխվի, որից հետո նոր կիմանանք ինչ անել»։

Ինչպես Նազարեթյանն է ընդգծում, 21-րդ դարը գիտելիքի դար է, ու այս դարում նման կառավարում իրականացնելը պահանջում է լրիվ այլ մոտեցումներ․ «Մենք մինչեւ հիմա մարդկանց դիտարկում ենք որպես օբյեկտ, մարդը հիվանդացել է, ուրեմն ինքը մեր բուժման օբյեկտն է, բայց մենք նրան պետք է գնահատենք ոչ թե մեր բուժման օբյեկտ, այլ մեզ հավասար գործընկեր, որովհետեւ նա կարող է մտնել ինտերնետ ու մեզ հուշել ինչ-որ բաներ։ Ինձ հետ շատ են եղել նման դեպքեր, այսինքն՝ այս հանգամանքն այլեւս շրջանցել չի լինի, ու պետք է անպայման համագործակցություն լինի։ Դրա համար պետք է լինի ոչ միայն ստրատեգիկ, այլ նաեւ խելամիտ կառավարում, որովհետեւ ստրատեգիական կառավարում Ալեքսանդր Մակեդոնացին էլ է իրականացրել»։

Իսկ ի՞նչ է նշանակում խելամիտ կառավարում, Միհրան Նազարեթյանն առանձնացնում է 5 մոտեցում։ 1-ինն այն է, որ ղեկավարումն իրականացվի համագործակցության միջոցով, ոչ թե հրամայականի, ինչը շատ կարեւոր է․ «2-րդը մարդկանց ներգրավումն է, երբ մեկը գալիս է ինձ մոտ իր առողջական խնդիրներով, ես փորձում եմ նրան ներգրավել որոշումներ կայացնելու մեջ։ Մինչեւ չլինի այն գիտակցությունը, որ առողջապահությունը մասնակցություն է պահանջում, որեւէ բան չի լինի, հրամաններով, արգելանքներով գործն առաջ չի գնա։ 3-րդը ռեգլամենտացիաների եւ համոզմունքների համադրությունն է։ Շատ ժամանակ ասում են՝ այսինչ հրամանի համաձայն, ժողովուրդը սա պետք է անի, բայց ժողովուրդը ո՛չ տեղյակ է, ո՛չ համոզված է, որ դա պետք է արվի, եւ ո՛չ էլ համարում է դա ճիշտ։ Իսկ որպեսզի ժողովուրդը համարի այն ճիշտ, պետք է նրան բացատրվի, որովհետեւ բժշկական ստանդարտների հիմքում մահեր են ընկած, այդ ստանդարտները փորձությունների միջով անցած ճանապարհ են, ու դա պետք է բացատրես հիվանդին, որ նա հասկանա, որ դա ոչ թե ինչ-որ մեկի հրամանն է, այլ արված է բոլոր այն համոզմունքների վրա, որ եղել է մինչեւ դա։ 4-րդ կարեւոր բաղադրիչը ազատ, ոչ պետական կազմակերպություններն ու փորձագետներն են։ Ցանկացած բան պետք է տրվի անկախ փորձագետների էքսպերտիզային, որովհետեւ, դիցուք, նախարարությունում աշխատող մեկը կարող է այդ հարցի վերաբերյալ մի տեսակետ հայտնել, բայց անկախ փորձագետը՝ այլ։ 5-րդն ադապտատիվ մեխանիզմներն են, այսինքն՝ եթե դուք մի մոդել եք տեսել Մոնղոլիայում կամ Շվեյցարիայում, որն աշխատում է, պետք է այդ մոդելներն ադապտացնել մեր մոդելներին, քան թե նորը հնարենք, որի դեպքում շատ հաճախ կարող ենք սխալվել։ Այսինքն՝ օգտագործել ադապտատիվ ստրատեգիաներ եւ ունենալ հնարավորություն՝ կանխատեսումներ անելու։ Խելամիտ ղեկավարի առանձնահատկությունը նաեւ դա է՝ կարողանալ կանխատեսումներ անել, թե 10 տարի հետո ինչ է լինելու։ Այ, դա է ստրատեգիան»։

Թե որքանով է խելամիտ կառավարվում մեր առողջապահական համակարգը, ինչ բացեր ու միտումներ կան, նախկին նախարարն ասաց․ «Անկեղծ ասած՝ այս 5 տեսակից էլ մի քիչ կա, բայց պետք է ոչ թե մի քիչ լինի, այլ՝ սիստեմատիկ։ Այսօր նախարարությունը բաղկացած է նախարարից, իր տեղակալներից, բարձրաստիճան չինովնիկներից։ Այս գաղափարները պետք է բոլորը կիսեն, եւ այս իրավիճակում տարբեր մոտեցումներ կարող են լինել, մեկը կարող է ասել՝ եկեք միացնենք նախարարություններն իրար, մյուսը կարող է ասել, որ մեզ ընդհանրապես պետք չէ նախարարություն, հաջորդը կառաջարկի դրա փոխարեն մի ուրիշ կազմակերպություն ստեղծել։ Մեկ է՝ ինչ էլ արվի, դուրս է գալիս նույն առողջապահության նախարարությունը, ոչ մի բան չի փոխվում, քանի որ դերերը բաժանված չեն։ Ես կարծում եմ, եւ աշխարհում էլ այնպես է, որ մակրոէկոնոմիկ ոլորտների կառավարման հարցում դեռ նախարարություններից կամ կենտրոնացված ղեկավարման մոդելից դուրս չենք գա»։

Այսօր, ըստ Նազարեթյանի, շրջանառության մեջ է դրվել եւս 2 գաղափար՝ գիտելիքի եւ առողջության համատեղ արտադրության հասկացությունները․ «Միայն առողջապահության նախարարության գործունեությունը չի կարող տալ առողջության համարտադրում, որովհետեւ շատ դեպքերում դա իրենից կախված չէ, այլ կախված է մնացած ոլորտների համատեղ աշխատանքից։ Դուք տեսե՞լ եք՝ շինարարության մեջ մարդիկ որ քար են տաշում, որեւէ մեկը նրանց տվե՞լ է համապատասխան դիմակներ։ Այսինքն՝ որեւէ մեկը չի մտածում նրանց առողջության մասին, եւ նրանց աշխատեցնում են որպես ստրուկ, բայց ասում են՝ դու ստրուկ չես, բանվոր ես, մինչդեռ նա աշխատում է իր առողջությունը վնասելով, ու նրա ղեկավարը չի մտածում դրա մասին։ Այստեղ, բնականաբար, չկա առողջության համատեղ արտադրություն, որովհետեւ առողջապահության նախարարությունը չի ասում, որ սա վնաս է առողջությանը, ու պարտավոր եք ապահովել համապատասխան դիմակներ, իսկ նրանց աշխատեցնողներն էլ դա դիտարկում են որպես ավելորդ ծախս։ Բայց կան ոլորտներ, որտեղ կա այդ դրական միտումը, օրինակ՝ «Թումոյում» ամեն օր, թե օրը մեջ, գալիս է մեկը, ով մերսում է երիտասարդներին, ովքեր ժամեր շարունակ նստակյաց աշխատանք են անում։ Այ, այստեղ է, որ մենք տեսնում ենք առողջության համատեղ արտադրություն»։

Նազարեթյանը նշում է՝ այսօր ներմուծվել է նաեւ «թվային առողջապահություն» հասկացությունը, դա այն է, որ թվային տեխնոլոգիաների միջոցով կարող ես բոլոր տեսակի հաշվետվություններն ու ինֆորմացիաներն ստանալ, տեղափոխել․ «Չիկագոն ունի 8 մլն-ի չափ բնակչություն, բայց Չիկագոյի առողջապահության բաժնի աշխատողների քանակը 10 հոգուց ավելի չէ, որովհետեւ նրանք օգտագործում են այն, ինչ ասացի, գումարած դրան՝ նաեւ թվային տեխնոլոգիաները։ Նրանք այդ բոլորը տեղում նստած անում են, պետք չէ գնալ Չիկագո հասնել՝ այդ ամենը հասկանալու համար։ 90-91թթ․, երբ ես նախարար էի, մենք ունեինք մոտավորապես 100 աշխատող, բայց ես կարծում եմ, որ դա շատ-շատ էր, եւ այդ թիվը կարող է բավականին կրճատվել, բայց ոչ ներքեւից՝ պահակից կամ մեքենագրուհիներից․ ես ճիշտ հակառակը կանեի։ Կուզեմ միայն նշել, որ մարդիկ պաշտոն ստանալիս չկարծրանան, ամեն օր սովորեն, չվախենան մտքեր արտահայտել, որը ես չեմ տեսնում»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X