Անհասանելիության տեսանկյունից Սերժ Սարգսյանը գերազանցում է իր նախորդներին

ՀՀ կառավարությունն հավանության է արժանացրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության նիստերը դռնփակ անցկացնել: Օրենքի նախագիծը պետք է ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։

Առաջին հայացքից օրենքի այս նախագիծը տարակուսանք է առաջացնում և դրանից ելնելով հարց է առաջանում, թե ո՞րն է ի վերջո դրա ընդունման շարժառիթը կամ էլ՝ դրդապատճառը։ Չէ՞ որ գործադիրի գործունեության թափանցիկության ապահովման կանգարգելումը, կարծես թե նահանջ է հենց ժողովրդավարության տեսանկյունից։

Պետք է փաստել, որ համանման նախագծի շրջանառության մեջ մտնելու պատճառը ոչ միայն զուտ քաղաքական է, այլ նաև էականորեն պայմանավորված է 26 տարիների ընթացքում ձևավորված մի ավանդույթի հետ։

Ո՞րն է այդ ավանդույթը։ Դեռևս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանից ընդունված պրակտիկա է, որ նախագահը պետք է վեր կանգնած լինի, ամեն ինչից, ընթացիկ գործընթացներից, տարատեսակ բանավեճերից՝ «Օլիմպոսի» գագաթից հետևելով քաղաքական անցուդարձին։ Ավանդույթի համաձայն նախագահը պետք է «հասարակ մահկանացուների» միջավայրում հաճախ չերևա, լրագրողների և հանրության համար անհասանելի լինի։ Նախագահները որպես կանոն միջամտում են այն ժամանակ, երբ վերջնական վճիռ արձակելու անհրաժեշտություն կա կամ էլ, երբ բոլորը, հայացքները հառած դեպի Բաղրամյան 26, սպասում են նրա խոսքին և առաջնորդությանը։

Ահա այսպիսի կարգավիճակ են Հայաստանում ունեցել բոլոր երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Առաջին և երկրորդ նախագահներն իրենց անհասանելի կարգավիճակները պահպանեցին նաև նախագահության ժամկետի ավարտից հետո։ Տեր-Պետրոսյանը Ծիծեռնակաբերդի իր խորհրդավոր բարձունքում, իսկ Քոչարյանի գտնվելու վայրի մասին տեղելությունները չափազանց քիչ են։ Երևի թե սա է պատճառը, որ նախկին նախագահների կողմից ժամանակ առ ժամանակ տարաբնույթ իրադարձությունների վերաբերյալ հնչող տեսակետները մշտապես մեծ իրարանցում են առաջացնում։

Անհասանելիության տեսանկյունից Սերժ Սարգսյանն իր կառավարման 10 տարիների ընթացքում վստահաբար գերազանցել է իր նախորդներին։ Նա անհամեմատ ավելի փակ է, այս ամբողջ ընթացքում խոսել է հաշված անգամներ և հիմնականում նախապես պատրաստված տեքստերով։ Սարգսյանի այս վարքագիծը թերևս պայմանավորված է նրա ՊԱԿ-ի և ԱԱԾ-ի աշխատակից լինելու հանգամանքներով։ Իսկապես նախագահի պաշտոնում նրա գործունեությունն ոչ պակաս ստվերային է եղել, քան՝ հատուկ ծառայությունների ղեկավարներինը։ Վերջիններիս մեկուսացվածությունն իհարկե օրինաչափ է, բայց նախագահի պարագայում համանման դիրքավորումը առնվազն կոռեկտ չէ։

Սերժ Սարգսյանը ժողովրդի հետ երբեք չի խոսել, մամուլիս ասուլիս տվել է ընդամենը մի քանի անգամ, այն էլ՝ իր ընտրած լրագրողների մասնակցությամբ, քաղաքական գործընթացներին միջամտել է ստվերային ճանապարհով, հիմնականում երրորդ ուժի ձեռքերով, իսկ ասպարեզում հայտնվել է միայն այն ժամանակ, երբ քաղաքական համակարգն ու դրա տարատեսակ կլանները կարիք են ունեցել վերջնական վճռի, հրապարակային ուղղորդման և այլն։

Հակիրճ փորձեցինք ներկայացնել նախագահի ինստիտուտի առանձնահատկությունները վերջին 26 տարիների ընթացքում։ Նշենք, որ վարչապետի պաշտոնի պարագայում մշտապես գործել է հակադիր իրավիճակը։ Կառավարության գործունեությունն եղել է շատ ավելի հասանելի, լրագրողների և քաղ․ հասարակության վերահսկողության ներքո։ Պատահական չէ, որ գրեթե բոլոր շրջափուլերում կառավարությունները նախագահների համար քավության նոխազի կարգավիճակ են ունեցել։ Բոլոր կոնֆլիկտային իրավիճակները եզրափակվել են վարչապետների հրաժարականներով (Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան)։

Ներկայումս գրեթե բոլորը միակարծիք են, որ արդեն խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետի պաշտոնը ստանձնելու է Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ երկրի ղեկավարը շարունակելու է նա լինել, բայց արդեն վարչապետի պաշտոնում։Եվ հենց այս համապետական փոփոխության մեջ պետք է փնտրել կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագծի ի հայտ գալու պատճառը։ Նախագահի պաշտոնում ամեն ինչից մեկուսացած և իր նստավայրից աշխարհին լուռ հետևող Սերժ Սարգսյանը ինչպե՞ս պետք է վարչապետի պաշտոնում աշխատեր լրագրողների և հանրության մշտական վերահսկողության ներքո։

Առաջին հերթին Սարգսյանը չի կարող այդպիսի պայմաններում աշխատել, քանի որ նրա կողմից արտաբերված տեքստերը որպես կանոն նախապես գրված են լինում, հակառակ դեպքում զավեշտալի աֆորիզմներ են ծնվում և վերջապես՝ Սերժ Սարգսյանը պարզապես չի կարող գործել այդպիսի թափանցիկության պայմաններում, չէ՞ որ նա ՊԱԿ-ի և ԱԱԾ-ի պրոֆեսիոնալ աշխատակից է՝ սովոր ստվերային գործունեության։

Այսպիսով՝ նախագահի ինստիտուտի անհասանելիության կարգավիճակը այլևս փոխանցվում է վարչապետին՝ պայմանավորված կառավարման համակարգի փոփոխությամբ և Սերժ Սարգսյանի քմահաճույքով։

Ինչևիցե նախագիծն այս հակաժողովրդավարական է և էլ ավելի է նպաստելու ավտորիտարիզմի արմատավորմանն ու ամրապնդմանը հանրապետությունում։

Մեկնաբանություն
X