Երբ վրացիները մի բան ունեն, որ մենք չունենք

Վրաստանի արևմտյան ուղղվածությունը, կարծես, ոչ մի կասկած չի հարուցում: Մանավանդ հիմա, երբ երկիրը մտել է ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների նոր փուլ, որտեղ քննարկվում է հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության խորացումն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի: Նշված միավորների հարցը թողնվում է հետագային, երբ կվերականգնվի Վրաստանի տարածքային ամբողջականությունը: ՆԱՏՕ-ն դա մեկնաբանում է Ռուսաստան-Վրաստան նոր կոնֆլիկտ չհրահրելու անհրաժեշտությամբ: Իմիջիայլոց, սա շատ ուսուցողական պահ է Ուկրաինայի, ինչու ոչ, նաև Ադրբեջանի համար, որոնք ամեն անգամ հայտարարում են իրենց տարածքային ամբողջականության խախտման մասին:

Վրաստանի իշխանություններին հեշտ օրեր չեն սպասվում և դեռ պետք է հանրությանը բացատրել, թե ինչու Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի հետ չեն ինտեգրվում ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին և այլն: Այստեղ պետք է լուրջ դիվանագիտություն, ինչին, կարծես, վրացիները լավ են տիրապետում: Նրանք ինքնամոռաց չեն նետվում Արևմուտքի գիրկը, այլ փորձում են իրենց արևմտյան ինտեգրումը որոշակի գնով ծախել հենց Արևմուտքին: Այսինքն` դիվանագիտություն են բանեցնում: Դրա վկայությունն են, անշուշտ ռուս-վրացական բանակցությունները Պրահայում, որտեղ քննարկվում է Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքով անցնող հյուսիս-հարավ երկաթուղու վերագործարկումը: ՀՀ նախագահի Վրաստան կատարած այցի ժամանակ վրացական կողմից հստակ խոստում է եղել, որ Հայաստանի համար դժվար պահերին երկաթուղին կգործի: Հարցը, սակայն փակուղի է մտել Ռուսաստանի մեղքով, որը Հարավային Օսիայի և Աբխազիայի իշխանությունների բերանով պնդում է երկաթուղու վրա Վրաստանի հետ մաքսային անցակետեր տեղադրելու անհրաժեշտությունը: Սա ինչ-որ տեղ ձեռնտու է ՆԱՏՕ-ին և Ռուսաստանին, որովհետև թե մեկը և թե մյուսը Վրաստանի իշխանություններին դնում են կամ-կամի վիճակում` կամ ձեռք ես քաշում Աբղազիայից և Հարավային Օսիայից և մտնում ՆԱՏՕ առանց այդ միավորների, կամ շարունակում ես բանակցությունները Ռուսաստանի հետ` մինչև նրա ազդեցության տակ անցած սուբյեկտները «հանուն Ռուսաստանի և նրա դաշնակից Հայաստանի» մոռանան Վրաստանի «ներսում» սահմանային անցակետեր դնելու և Վրաստանի իշխանությունների հետ պաշտոնական հարաբերություններ ստեղծելու «ցանկություն-պահանջի» մասին: ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի բախման այս կաթսայում Վրաստանի իշխանություններն, անշուշտ, կփորձեն, և փորձում են, առավելագույնը կորզել գերտերություններից` օգտագործելով թե երկրի աշխարհագրական դիրքը, թե աշխարհաքաղաքական գործընթացների ուղղվածությունը և թե պատմական առնչությունները հարևանների հետ: Նկատենք, որ Ռուսաստանի հետ նրա բանակցությունները, եթե մի կողմից նպաստում են հյուսիսային հարևանի հետ հետագա լարվածություն թույլ չտալուն, մյուս կողմից էլ զգաստության կոչ են ՆԱՏՕ-ին և կարող են առավել լավ պայմաններ ալահովել Վրաստանի համար հյուսիսատլանտյան դաշինքում:

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե մենք, որ այսպես հաջող լող ենք տալիս ՆԱՏՕ-ի ծրագրերում, ի՞նչ ունենք հակադրելու այդ կառույցին, եթե մի գեղեցիկ օր նա իր գիրկը բացի մեր առաջ` ինչպես Վրաստանի: Առաջին հայացքից մեր գործը ավելի հեշտ է թվում: Արդեն այսօր Հայաստանում քիչ չեն այն խելացիները, որոնք կոչ են անում` ասել «հոպ» և հայտնվել ՆԱՏՕ-ում կամ ԵՄ-ում` ինչպես կստացվի: Ներողություն, իսկ մտածե՞լը: Բա որ ՆԱՏՕ-ն կամ ԵՄ-ն թութ թափ տալու սավանը մեր տակից քաշե՞ն: Կարծում եմ` մեզ չէր խանգարի ծանր տեղը չթեթևացնելը, որովհետև ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն մանկատներ չեն, որ խղճահարվեն մեր տխուր աչքերը տեսնելուց: Բնականաբար, նրանք պայման են դնելու նախևառաջ մոռանալ Ղարաբաղը, իսկ որպեսզի Ադրբեջանը պատերազմ չսկսի` նրան վերադարձնել «գրավյալ» տարածքները: Մեզնից պահանջելու են ընդհանրապես չհիշել Նախիջևանի և Ջավախքի, ինչպես նաև ԱՄՆ նախագահների մեծ կնիքով հաստատված հայ-թուրքական սահմանի, Արևմտյան Հայաստանի, Հայոց ցեղասպանության մասին, որովհետև այդ ամենը հակասության մեջ է ՆԱՏՕ-ին անդամակցության ծրագրերի հետ:

Մեր վիճակը շատ ավելի նախընտրելի չէ ՀԱՊԿ-ում կամ ԵԱՏՄ-ում: Այստեղ էլ մեզ ոչ ոք Ղարաբաղ կամ ելք դեպի ծով չի խոստանում, եթե չասենք, որ ռուսական 102-րդ դիվիզիան սովետա-թուրքական սահմանին իր ներկայությամբ «երկաթյա» վարագույրի վերջին մնացուկն է աշխարհում, որը, ի թիվս այլ «առաքելությունների», «եղբայրական Թուրքիայի տարածքները» և լենին-ստալինյան կամայական սհամանագծումները պաշտպանում է մեզանից:

Բա ի՞նչ անենք: Լավ հարց է, մանավանդ երբ քաջածանոթ ենք հայկական դիվանագիտության հնարավորություններին: Ի՞նչ ունենք ծախելու ՆԱՏՕ-ին և Ռուսաստանին մեր վերջնական կողմնորոշման դիմաց: Ոչինչ: Մյուս կողմից էլ մենք առայժմ դիտորդի դերում ենք և տեսնում ենք, որ ոչ ՆԱՏՕ-ն է անհանգստացած մեր ՀԱՊԿ անդամ լինելու, ոչ էլ Ռուսաստանը` Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություն անցկացնելու պատճառով: Սա կարելի էր, թերևս, մեր հավասարակշռված քաղաքականությանը վերագրել, եթե չիմանայինք, որ ՆԱՏՕ-ն ու ՀԱՊԿ-ը անհաշտ ախոյաններ են: Նույնը կարելի է ասել նաև մեր կողմից ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրման կապակցությամբ` հաշվի առնելով ԵՄ-ԵԱՏՄ «սիրալիր հարաբերությունները», թեև այստեղ խնդիրն ավելի շատ տնտեսական է քան ռազմական: Ստացվում է, որ Հայաստանին խնայում են, ներում չարաճճիությունները: Բայց եթե նույնիսկ ամեն ինչ հենց այդպես է այժմ, ապա իրավիճակը կարող է փոխվել տեսանելի ապագայում, երբ խաթարվի ՆԱՏՕ-ի դրայվը Վրաստանում կամ հակառակը, երբ Ռուսաստանը առերեսվի իր ռազմավարական դաշնակցի հետ ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրայով հարաբերվելու իրողության հետ: Թե մեկ և թե մյուս տարբերակը, նկատենք, մեզ ոչ մի լավ բան չի խոստանում: Ուստի, երբ կողմերի հետ առևտուր անելու համար ոչինչ չունենք, մեզ մնում է մեկ բան` Հարավային Կովկասում այս կամ այն բևեռի գերիշխանություն թույլ չտալը: Թե ինչպես պետք է դա անենք, չեմ կարող ասել: Ավելին` պատկերացում անգամ չունեմ, թե ինչպես կարելի է 102-րդ դիվիզիային և Վրաստան ժամանող ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներին ստիպել համատեղ զորավարժություններ անցկացնել «հավանական» հակառակորդի` ենթադրենք, այլմոլորակային զավթիչների դեմ:

Գուցե մի օր ՀՀ ԱԳՆ-ն բարեհաճի՞ մեզ լուսավորել, թե ուր են հասել մեր գործերն այդ ուղղությամբ: Մենք հարգում ենք Էդվարդ Նալբանդյանի` ՄԽ եռանախագահներից ամուր կառչելու և նրանց միջև հավասարությունը պահպանելու ձգտումները, բայց որքա՞ն կարող է դա տեևել, և ի՞նչ կարող ենք անել, երբ Թրամփը միակողմանիորեն որոշի ՄԽ-ից հետ կանչել իր ներկայացուցչին: Եվ կամ` Սերժ Սարգսյանը վերջերս քննադատության ենթարկեց ԵԽԽՎ-ին`վերջինիս մեղադրելով ընդհուպ կոռումպացվածության մեջ: Իսկ ո՞ւր է այդ քննադատությունը հավասարակշռող ԵԱՏՄ դատափետումը: Բա չասե՞ս, այ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, դուք ինչո՞վ եք մտածում միջազգային կառույցներում, երբ առիթ է լինում «քցելու» Հայաստանին և հաճոյանալու Ադրբեջանին: Այս իներտ ընթացքով հազիվ թե մեզ հաջողվի այնպես ինտեգրվել ՆԱՏՕ-ին, ասես թե չենք ինտեգրվում և այնպես հարաբերվել Ռուսաստանի հետ, ասես հավասարը` հավասարի, ինչպես դա անում է Վրաստանը:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X