Համերգ չէր՝ «խայտառակություն» էր (ֆոտո)

Փետրվարի 2-ին երաժշտասեր հանսարակությունը մասնակցում էր հայ նշանավոր կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան 90-ամյակին նվիրված համերգին։ Օպերային թատրոնում այդ օրը հնչեցին Հեքիմյանի սիրված երգերը՝ սիրված կատարողների կողմից․Արթուր Իսպիրյան, Համլետ Գեւորգյան,Արսեն Սաֆարյան, Արսեն Գրիգորյան եւ այլք։ Հատուկ այդ համերգին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել երկու լեգենդար արտիստներ Վրաստանից՝ Նանի Բրեգվաձեն եւ Վախթանգ Կիկաբիձեն։ Համերգը կազմակերպվել էր ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ։

Երեկոն նախատեսված էր շարունակել երեւանյան հայտնի ակումբներից մեկում՝ «Մեցցոյում»։ Նախապես տեւական ժամանակ գովազդվել էր եւ պաշտոնական համերգը, եւ ակումբային հատվածը։ Մարդիկ հրավիրատոմսեր ու տոմսեր էին ձեռք բերել, որ վայելեն սիրված երգիչների, հատկապես՝ սովետական երգարվեստի ու կինոյի վարպետների՝ Բրեգվաձեի ու Կիկաբիձեի արվեստը։ Բայց եթե օպերայում համերգը քիչ թե շատ նորմալ է անցել, ապա նույնը չի կարելի ասել «Մեցցոյի» համերգի մասին։ Բավականին թանկ գնով՝ 15-25 հազար դրամով միայն մուտքի տոմս ձեռք բերած այցելուներից մեկը մեզ ներկայացրեց այն տխուր տպավորությունը, որը ստացել էր համերգից։ Նախ՝ համերգի սկիզբ էր հայտարարվել ժամը 21։00-ն եւ իրենք, որպես քաղաքակիրթ հանդիսատես, ժամը 20։30-ին ներկայացել էին ակումբ։

Բնականաբար՝ ուտելիք եւ խմիչք պատվիրել, որոնք այստեղ էժան չեն եւ սպասել, որ վրաց երգիչները շուտով կժամանեն «Մեցցո»։ Այն մարդիկ, որոնք եկել էին ուտել-խմելու, գուցե չեն էլ նկատել, որ համերգը ուշանում է, այն էլ 2 ժամ, սակայն հիմնականում հավաքվել է երաժշտասեր, միջինից բարձր տարիքի հասարակություն, որը եկել էր հատուկ Բրեգվաձեին ու Կիկաբիձեին լսելու եւ այդ ուշացումը մարդիկ դիտարկել են որպես անհարգալից վերաբերմունք հայ հանդիսատեսի հանդեպ։ Ընթացքում ակումբի ղեկավարությունը շարունակ սեղաններ ու աթոռներ է ավելացրել, որ բոլոր ցանկացողներին տեղավորի։ Ժամը 22։30 ժամանել է տիկին Ռիտա Սարգսյանը, մոտ կես ժամ անց եկել է Նանի Բրեգվաձեն աղջկա հետ, ապա եւ Կիկաբիձեն։

Պարզվել է, որ առաջին տիկինը վրաց հյուրերին ճաշի էր հրավիրել եւ ուշանալու պատճառը դա է եղել։ Սկսվել է համերգային մասը, որը մեր զրուցակցի պատմելով այլ կերպ, քան «խայտառակություն» հնարավոր չէր անվանել։ Նանի Բրեգվաձեն դիտողություն է արել ներկաներին՝ աղմկելու համար։ Ասել է, որ ինքը սովոր չէ նման պայմաններում երգել։ Գուցե այդ էքստրեմալ վիճակը կամ առաջացած տարիքն է եղել պատճառը, որ անգամ երգի բառերն է տեղ-տեղ մոռացել։ Իսկ Կիկաբիձեն ընդհանրապես երգել է ֆոնոգրամայի տակ եւ անընդհատ ռիթմից դուրս ընկել։ Համերգը տեւել է մոտ 1,5 ժամ։ Եւ ներկաները հասկացել են, որ երգիչները կամ հոգնած են, կամ՝ տարիքն առած եւ հավանաբար՝ այլ երկրներում այլեւս չեն կարող համերգներով հանդես գալ, ուստի Հայաստան են ժամանել՝ համարելով, որ հայ հանդիսատեսն այդքան էլ պահանջկոտ չի լինի իրենց նկատմամվ։ Ի պատիվ մեր հանդիսատեսի, վրաց հյուրերին շատ ջերմ են ընդունել՝ ոչ մի դժգոհություն չեն արտահայտել։

Մեր զրուցակիցն ասաց՝ «Մենք ներեցինք նրանց երգի թերությունները, քանի որ մեր հիշողություններում իրենք լեգենդ են եւ սա հնարավորություն էր շփվելու մեր անցյալի հաճելի հուշերի հետ»։ Ի դեպ, Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938, իսկ Նանի Բրեգվաձեն՝ 1936 թվականին, բնական է, որ 80 եւ 82 տարեկան մարդկանց համար հեշտ չէ հյուրախաղերով հանդես գալը։

Անի Առաքելյան

Մեկնաբանություն
X