Ասում էի, չէ՞, կզանգի

Բավականին երկար ժամանակ էր անցել Սերժ Սարգսյանի հետ մեր վերջին հանդիպումից: Այն ժամանակ մենք իրար հետ քննարկեցինք ՀՀԿ համամասնական ցուցակը: Թեեւ իմ արած առաջարկները ՀՀԿ ղեկավարն այդպես էլ չընդունեց, բայց ես լիուլի բավարարված էի նման հարցով ինձ նախագահական հրավիրելու փաստով: Հրավերն էլ, հիշում եք երեւի, թե ինչպես եղավ: Ուրեմն միամիտ անցնում էի Բաղրամյան 26-ի մոտով, մեկ էլ պահակակետի դռները բացվեցին, ու ինձ համարյա բերման ենթարկեցին: Ամեն դեպքում` դժգոհ չեմ:

Արդեն ահագին ժամանակ է անցել այդ արկածից, իսկ Սերժ Սարգսյանը, կարծես, միտք էլ չունի նախագահի պաշտոնում ինձ հետ մի վերջին անգամ հանդիպելու, անելիքների շուրջ զրուցելու: Եսիմ, կա՛մ շատ զբաղված է, կա՛մ շատ մտահոգ: Գուցե զանգի՞, որովհետեւ հեռախոսիս համարը գրեց ու դրեց սեղանին շարած բազմաթիվ գրքերից մեկի մեջ:

Մեկ-մեկ մտածում եմ` ինքս գնամ, հալը հարցնեմ, հասկանամ վերջապես` ինչ է ուզում անել: Գիտեմ` խորհուրդ տվողներ, օգնականներ ու եսիմինչեր ինքը շատ ունի, բայց եւ չէի ուզենա, որ նա քայլ աներ` չիմանալով, թե ես ինչ եմ մտածում այդ քայլի մասին: Այ, օրինակ, թերթերը գրել էին, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը համարյա «ծակվել է»` բացահայտելով, որ Սերժ Սարգսյանն է դառնալու վարչապետ: Եթե նախագահը Դավիթ Հարությունյանին համապատասխան հրահանգներ տալուց առաջ իմ կարծիքը հարցներ, ես կասեի, որ շտապել դեռ պետք չէ:

Մեր մամուլը եւ լրագրողական համքարությունը ես լավ գիտեմ` կվերցնեն ու վարչապետ չդարձած` Սերժ Սարգսյանին այնքան կքննադատեն, որ ապրիլի 9-ից հետո խեղճ մարդն իր նախորդների նման իրերը կհավաքի ու, մեզնից խռոված, մի կողմի վրա կգնա: Դրա համար էլ ասում եմ` պետք չէ շտապել: Եվ, առհասարակ, մի՞թե վատ է, երբ քեզ անակնկալ են մատուցում, թեկուզ Արմեն Սարգսյանի տեսքով, բայց անակնկալ: Չգիտեմ, եղբայր, ես ՀՀԿ-ականներին երջանիկ մարդ եմ համարում, որովհետեւ արդեն 10 տարի է՝ անակնկալի պակաս չունեն: Հիմա էլ սովորականի նման եկան աշխատանքի եւ իմացան, որ ՀՀ ապագա նախագահն Արմեն Սարգսյանն է լինելու: Իհարկե, այդ անակնկալները նաեւ մեզ են հասնում, բայց, միեւնույն է, միշտ ամենաշատը անակնկալի են գալիս ՀՀԿ-ականները, որովհետեւ նրանք են ստիպված անակնկալ մեկնաբանություններ տալ տեղի ունեցածին:

Վերջին անակնկալը, որ Սերժ Սարգսյանը կարող է մատուցել, դա վարչապետ դառնալն է կամ չդառնալը: Այո, նրա թե՛ մեկ եւ թե՛ մյուս որոշումն իսկական անակնկալ կարող է լինել, եթե «ուղեղ լվացող» ՀՀԿ-ական գործիչները Դավիթ Հարությունյանի հանգույն ժամանակից շուտ ինֆորմացիայի արտահոսք չկազմակերպեն: Այնպես էլ չէ, որ Դավիթ Հարությունյանն ու մյուսները հաստատ գիտեն, թե ինչ որոշում է կայացնելու Սերժ Սարգսյանը, բայց երբ նրանք խոսում են այդ մասին, տպավորություն է ստեղծվում, որ փորձում են ցանկալին իրականության տեղ ներկայացնել: Ու նաեւ դա է պատճառը, որ լրագրողների մեջ այն թյուր կարծիքն է ձեւավորվել, թե այս սահմանադրությունն ու օրենքները, որոնք արագ-արագ փոխվում են, Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնելու եւ նրա իշխանությունը հավերժացնելու համար են:

Հավատարիմ ընթերցողներս հիմա կասեն` բա դու խոստացել էիր այս թեմայով այլեւս չգրել եւ համբերատար սպասել ապրիլի 9-ին: Այո, խոստացել էի, որովհետեւ համոզված էի, որ Սերժ Սարգսյանի «մտքինը» քննարկելը միանգամայն անիմաստ զբաղմունք է: Ֆուտբոլում ինչպե՞ս է` մի մասը խաղադրույք է կատարում այս, իսկ մյուս մասը՝ այն թիմի հաղթանակի վրա, բայց խաղն ավարտվում է ոչ-ոքի, ու հաղթում է «Վիվարոն»: Այստեղ էլ նույնը կարող է տեղի ունենալ, եւ Սերժ Սարգսյանը որոշի ոչ թե ինչ-որ բան դառնալ, այլ պարզապես մնալ իր տեղում` ՀՀԿ ղեկավարի դիրքում, դրանից բխող բոլոր հետեւանքներով` ընդհուպ մինչեւ բարձր պաշտոններ եվրոպական եւ համաշխարհային կառույցներում: Կրքառատ խաղերի սիրահար չլինելով` ես այնքան էլ շահագրգռված չեմ խաղադրույք կատարել եղած տարբերակներից որեւէ մեկի վրա: Պարզապես համոզված եմ, որ չարժե այնքան փորփրել այս հարցը, որ ամեն ինչ ժամանակից շուտ հայտնի դառնա: Երկրի ապագան ժամ առաջ գուշակելը շատ գայթակղիչ է, բայց պետք է դիմանալ եւ սպասել:

Եթե էս երկու օրն էլ չզանգահարի, հավանաբար, մի հատ գնամ Բաղրամյան 26, որովհետեւ մինչեւ վերջ անորոշության մեջ մնալն էլ մի բան չէ: 30 տարի է՝ անորոշության մեջ սպասում ենք, ու մեջը օգուտ չկա: Մեր կյանքը Հայաստանում մի տեսակ մաքառում է դարձել, ու մեդալ պետք է տալ միլիոնուկես այս մարդկանց, որ երկիրը պահելու, շենացնելու հավատով դեռ մնացել են հայրենի հողի վրա: Գնամ հարցնեմ` ուզում ես վարչապետ դառնաս, որ ի՞նչ անես: Իբր դա էլ գո՞րծ է: Մեկի մատը փուշ մտնի` փողոց է դուրս գալու եւ պահանջի վարչապետի հրաժարականը: Ու էլ նախագահ չես լինելու, որ վարչապետին գործից հանես: Թիֆլիս պոյեզ շուռ գա` վարչապետն է մեղավոր, Պուտինը թարս խոսի` էլի վարչապետն է մեղավոր, թոշակը ժամանակին չտվին` վարչապետը, ուժայինը մեկին խեթ նայի` վարչապետը, կառավարությունը տոկոս չխփի` վարչապետը, վարչապետը, վարչապետը… Այսքան բան առել վրադ` ուզում ես վարչապե՞տ դառնալ: Կասեմ, չէ, Սերժ Ազատիչ, ինձ ճիշտ հասկացեք, այնպես չէ, որ չուզողություն եմ անում: Պարզապես Ձեր մասին եմ մտածում: Հեչ սիրուն բան չի լինի, որ Ամերիկայից մեկը գա ու հարցնի` կարող ա՞ որոշել եք ցմահ թագավորել: Դե արի ու դրան բացատրիր, թե ինչու է Ամերիկայում խիարը թարս աճում: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե մամուլն ինչ կգրի, եթե կառավարության նիստից հետո, շատ ներողություն, «ծլկեք» հետնամուտքից: Կգրեն` Սերժ Սարգսյանը խուսափեց մեր հարցերին պատասխանելուց:

Շատ էլ հույս չունեմ, որ մինչեւ ապրիլի 9-ը նա իր գաղտնիքը որեւէ մեկին, այդ թվում եւ ինձ, վստահի: Բանն այն է, որ ինքն էլ գիտի, որ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելուց մինչեւ Արմեն Սարգսյանին Անգլիայից բերելը ամեն ինչ շատ գեղեցիկ է արել ու դրական էմոցիաներով գրգռել մարդկանց երեւակայությունը: Հիմա մնում է, որ ֆինալը լինի համարժեք, նույնքան գեղեցիկ ու հզոր: Այլ խոսքով` վարչապետի աթոռը չփախավ, երբ էլ ասես, կարող ես նստել, եթե դու ես մեծամասնության ղեկավարը:

Դե լավ, ինձ կներեք, հեռախոսս զանգում է… Նախագահականից է: Ի՞նչ էի ասում, ասում էի, չէ՞, կզանգի…

ՀԳ. Մանրամասները` մի քանի օրից: Այսքան համբերել եք, մի քիչ էլ համբերեք:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X