Ծնունդդ շնորհավոր, ՖԲ

Փետրվարի 4-ին Ֆեյսբուքի ծննդյան օրն է՝ այն ստեղծվել է 2004 թ., Մարկ Ցուկերբերգի կողմից, իր համախոհների հետ։ Սկզբում այն նախատեսված է եղել Հարվարդի համալսարանի ուսանողների համար: Հետագայում Բեն Մեզրիչը Ֆեյսբուքի մասին պիտի գրեր «Պատմություն սեքսի, փողի, հանճարի ու դավաճանության մասին» վեպը:

Դե, իսկ Հայաստանում, ինչպես պնդում են «ֆեյսբուքահայերը», այս սոցիալական ցանցն օրական 560 հազար այցելու ունի: Այստեղ ամեն ինչ կա. ծննդյան օր՝ շնորհավորանքներ, ամուսնանալ-ամուսնալուծվել, առաջին դասարան գնալ, փայլուն միավորներով արտերկրի բուհ ընդունվել, «գրին քարտ» շահել, ծովափից կիսամերկ լուսանկարներ, իշխանություններին ուղղված հայհոյանք, բանակի ու զինվորի մեծարում, հարազատի մահվան գույժ ու ցավակցություններ, խորհուրդներ, առաջարկներ, հրատապ ինֆորմացիայի փոխանակում՝ որակյալ ատամնաբույժից մինչեւ մամուլի խոսնակի հեռախոսահամար:

Ֆեյսբուքում տարբեր մասնագիտական էջեր ու թեմատիկ խմբեր էլ կան, ոմանք անտուն կենդանիներ են փրկում, կոշիկ, կահույք, կոսմետիկա առաջարկում, օրենքների նախագծեր տեղադրում, բողոքում, բացատրում, արդարանում, հերոսանում: Արդեն հայտնի ֆեյսբուքցիների խավ է ձեւավորվել, որոնք երբեմն նաեւ փող են աշխատում Ֆեյսբուքում ունեցած հեղինակության հաշվին՝ հասարակական կարծիք ձեւավորելով, փիառ անելով:

Եվ վերջապես՝ ֆեյքերի մի մեծ բազմություն, որոնք հիմնականում քաղաքականացված են՝ այս կամ այն խմբի շահերի սպասարկմամբ զբաղված։ Բայց այս վիրտուալ տարածքում երբեմն այնպիսի կրքեր են մոլեգնում, որ Ֆեյսբուքը դառնում է իրոք վախենալու տեղ: Ֆեյսբուքը հոգնեցնում է, շատերը բողոքում են, որ վիրտուալ ընկերության պատճառով տուժում է իրական ընկերությունը, բայց Ֆեյսբուքն այլեւս Ֆեյսբուք է։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X