Մի եղեք Էդմոն Մարուքյանի պես

Սերժ Սարգսյանի դիմաց կանգնած հաճելի դեմքի արտահայտությամբ պարոնը Էդմոն Մարուքյանն է:

Նա երեկ «Թերթ.am» կայքին հարցազրույց է տվել, որի ժամանակ ընդդիմության թույլ կարգավիճակի և Սահմանադրական փոփոխությունների մասին տրված հարցերին պատասխանել է այսպես.

«...Խնդիրը խորհրդարանական կառավարման մոդելի մեջ է՝ իբրև թե ստեղծված, որովհետև խորհրդարանական այս մոդելը, որ իրենք են ստեղծել, իրենք ամբողջական սահմանադրական մեխանիզմները չեն իջեցնում ներքև. փոխզսպման և հակակշռման իմաստով եմ ասում, և խորհրդարանը չունի լծակներ զսպելու Կառավարության՝ փակվելու այս անհագուրդ ցանկությանը»:

«Ես միջազգային հարթակում ունեմ շատ գործընկերներ, իշխանությունների այս քայլերի արդյունքում մենք Ադրբեջանի հետ հավասարվելու ենք արտասահմանում, և միջազգային այլ հարթակներում և խոսելիս այլևս չենք կարողանալու օրինակ համեմատության մեջ ասել, որ մենք Ադրբեջանից առաջ ենք, սա շատ լուրջ հարված է լինելու... հակաժողովրդավարական ցանկացած փոփոխություն հարված է ՀՀ-ի միջազգային վարկին և ՀՀ-ի վարկանիշին որպես միջազգային կազմակերպություններում խաղացողի, և մենք կորցնում ենք լուրջ դիրքեր, դա հետո են հասկանալու և կարծում եմ՝ շատ ուշ կլինի»:

Հետաքրքիր է, պարոն Մարուքյանը 2018 թ. փոփոխություններն այս դիտարկում է որպես հակաժողովրդական, իսկ 2015 թ. հանրաքվեի ժամանակ որևէ կերպ չի ընդդիմացել այդ գործընթացի մեկնարկին, չի միացել ու չի աջակցել, նույնիսկ համերաշխություն էլ չի հայտնել դրա դեմ պայքարողներին:

Ընդհակառակը՝ պարոն Մարուքյանը հանդիպել է Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնող գործչի հետ, նկարվել է նրա հետ և հենց միջազգային հանրության առջև լեգիտիմացրել գործընթացը՝ իմիտացիա ստեղծելով, թե գործընթացի շուրջ կա քաղաքական համերաշխություն:

Բացի այդ Էդմոն Մարուքյանը քաղաքական դաշինք է կնքել այն կուսակցության հետ, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանը փոփոխություններն այդ 2015 թ. դիտարկել էր որպես կեղծ օրակարգ՝ նույնպես որևէ կերպ չաջակցելով պայքարողներին:

Կրկնենք, Էդմոն Մարուքյանը ներկայումս քննադատում է մի գործընթաց, որին մեկնարկային փուլում համերաշխություն էր հայտնել, իսկ գործընկերը դժգոհում է Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումից, այն դեպքում, երբ հավերժացման գործիքի դեմ պայքարը անվանում էր կեղծ օրակարգ:

Մի եղեք Էդմոն Մարուքյանի պես, քաղաքական գործունեության մեջ եղեք սկզբունքային:

Պատմության համար արձանագրենք. Սերժ Սարգսյանը հետխորհրդային տարածքի ամենաճկուն, խորամանկ ու խելացի քաղաքական գործիչներից մեկն է: Որքան էլ ամբողջ սրտով չընդունեմ նրան, բայց՝ տեսնելով Նիկոլի ու Էդմոնի պես գործիչների, պարզապես չեմ կարող չխոստովանել:

Մեկնաբանություն
X