Արամ Մանուկյանի հուշարձանի հեղինակը պատրաստ է երկխոսության, բայց ոչ ինտերնետային հարթակում

Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի շրջանակներում այս տարի՝ մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում (Արամի եւ Նալբանդյան փողոցների հատույթում) կտեղադրվի Առաջին հանրապետության հիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։ Նման որոշում ամիսներ առաջ կայացրեց Երեւանի քաղաքապետարանը եւ հայտարարեց մրցույթ, որն անցկացվեց 2 փուլով, քանի որ 1-ին փուլում արժանի գործ չէր եղել։ Ի վերջո, 2-րդ փուլից հետո հանձնաժողովը նախապատվություն էր տվել Դավիթ Մինասյանի աշխատանքին, որի հեղինակած արձանի լուսանկարը նախօրեին Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում։ Արամ Մանուկյանի արձանը (նա պատկերված է եռագույնի մեջ փաթաթված՝ ճեղքված քարե սալահատակի մեջտեղում կանգնած) սոցիալական ցանցերում քննադատությունների ենթարկվեց։

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը հանձնախմբի 13 անդամներից մեկն է եղել, ասում է՝ Ֆեյսբուքում հրապարակված քանդակի տարբերակը չի եղել մրցույթում։ «Նման առաջարկ չի եղել, եւ ես չգիտեմ էլ, թե համացանցում տեղադրված աշխատանքի հեղինակն ով է»,- ասում է նա ու ընդգծում, որ մրցույթի ժամանակ որեւէ մեկը 1-ին մրցանակ չի ստացել, իսկ Դավիթ Մինասյանն ստացել է 2-րդ մրցանակը, ում աշխատանքը եղածներից համեմատաբար լավն է եղել։ «Եղած նյութի մեջ կառուցման, իրականացման համար արժանի օրինակ չկար՝ սա է եղել ընդհանուր կարծիքը։ Այս տարբերակը, որ ես էլ համացանցում տեսա, ներկայացված չի եղել, եւ ես զարմացա, որ առանց հանձնաժողովի նորից ինչ-որ տարբերակ տարել հաստատել են, ներկայացրել ավագանու նիստին, որին ես կոնկրետ տեղյակ չեմ»,- ասում է Շահումյանն ու նկատում, որ նման բաներ մեր իրականությունում շատ են արվում, օրինակ՝ «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանի վերաբերյալ գիտխորհրդի քննարկման ժամանակ որեւիցե մեկը դրական կարծիք չի հայտնել, բայց արդյունքում տեղադրվել է։

Գեղանկարիչը շեշտում է՝ հանձնաժողովի անդամների կողմից հաստատված Դավիթ Մինասյանի աշխատանքն այդպիսին չի եղել, բացակայել է գունային մոտեցումը, եղել է ալեգորիկ ֆիգուրա․ «Իսկ այս տարբերակում շատ կոնկրետ դեմք է արված ու գունավոր ինչ-որ բան… նման բան չի եղել մեր նայած տարբերակում»։

Հաղթանակ Շահումյանը հանձնաժողովի քննարկման ժամանակ դիմել է նաեւ ՀՅԴ ներկայացուցիչներին (քաղաքական գործիչներ Աղվան Վարդանյանին, Սպարտակ Սեյրանյանին, Արտաշես Շահբազյանին, Մուշեղ Լալայանին) ու առաջարկել, որ ավելի նպաստավոր չէ՞ այդ կարեւոր տեղում կանգնեցնել Հայաստանի Հանրապետության 100-ամյակի հուշարձանը․ «Այսինքն՝ չանձնավորենք, որովհետեւ մեր հանրապետության 100-ամյակը շատ ավելի կարեւոր է, քան առանձին անհատներին մեծարելը»։

Ի՞նչ է մտածում համացանցում հրապարակված եւ որպես վերջնական տարբերակ ներկայացվող Արամ Մանուկյանի հուշարձանի մասին։ Շահումյանն ասաց․ «Երբ տեսա, նույնիսկ մտքովս չանցավ, որ դա կարող է Դավիթի աշխատանքը լինել։ Հետո՝ ֆոտոյով դժվար է քանդակի մասին կարծիք կազմել։ Դրանից բացի, ինքը՝ կոնցեպցիան, ինձ հարազատ չէ, հատկապես որ մենք անհաջող քանդակներ դնելու փորձ ունենք նման շատ կարեւոր հանգույցում, դրա համար պետք է ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ»։

Երեւանի գլխավոր ճարտարապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Բարսեղյանը, ի պատասխան մեր հարցին, նշեց, որ սա ոչ թե նոր նախագիծ է, այլ դրական առումով վերամշակված նույն նախագիծը, որն էլ ստացել է հանձնաժողովականների ձայների մեծամասնությունը․ «Ենթադրենք՝ Հաղթանակ Շահումյանն այլ կարծիք ուներ, այլ կարծիքի էլ ձայն է տվել, բայց արդյունքում 7 կողմ ձայնով ինքն է ստացել այդ առաջին մրցանակը։ Ի դեպ, ընտրված աշխատանքն անթերի չէր, եւ մենք ժամանակ տվեցինք՝ ժյուրիի դիտողությունների հիման վրա, որպեսզի հղկումներ արվեն, որովհետեւ կա լավ գաղափար եւ լավ գաղափարի ոչ այնքան լավ իրագործում։ Դա միգուցե ժամանակի շտապողականության արդյունք էր, որը շատ հաճախ լինում է, կամ էլ փորձ էր, որն իր մեջ պարունակում էր առավել վարպետություն, բայց այդ ժամանակը տրվեց, եւ հանձնաժողովը պարբերաբար պատկան մարմինների հետ միասին մի քանի հանդիպումների արդյունքում եկավ այն եզրակացության, որ սա այն է, ինչ կարող է լինել»։

Հուշարձանի վերջնական տարբերակը հավանո՞ւմ է։ «Գիտեք, ես հիմա խույս եմ տալիս անձնական կարծիք հայտնելուց, բայց, այո՝ հավանել եմ, հիմնական գաղափարն այնտեղ իրագործված է: Արամ Մանուկյանն ընթացքի մեջ չէ, այլ ուղղակի պարուրված է դրոշի մեջ, իսկ դրոշը վեր է սլանում այդ պատռված հողից, որը Հայաստանի պատմական քարտեզն է ուրվագծում, եւ այդտեղ ժայթքում է այդ մղումը, ցասումը՝ պետականության ձեւավորման խորհրդանիշի ձեւով, որի միջից դուրս է գալիս Արամ Մանուկյանի կիսաքանդակը»,- ասում է Բարսեղյանն ու հավելում, որ ցանկացած գործ կատարելագործվում եւ հղկվում է նաեւ շինարարության իրագործման պրոցեսում․ «Պետք է հսկողություն տանենք, օգնենք՝ առավելագույն արդյունք ունենալու համար»։

Այն, որ շատերի դիտարկմամբ Արամ Մանուկյանի արձանն առաջին հայացքից կնոջ տպավորություն է թողնում, դրոշն էլ՝ բաղնիքի սրբիչի, ապա Բարսեղյանը ծանոթ է ֆեյսբուքյան այդ կարծիքներին։ «Բոլորը կարդացել եմ, հիմա թող հեղինակն էլ կարդա՝ իր մեջ վերլուծի, դա իրեն ասողներ եւս եղել են, ավելացնեմ նաեւ, որ վերջին տարիներին մեր քանդակագործության պատմության մեջ չկա մի գործ, որ զերծ մնա նման գնահատականներից, նկատի ունեմ՝ բացասական կամ կոմիքսային, եւ դա նորմալ է, ու մարդիկ առաջին հերթին դրան են արձագանքում, քան բուն գաղափարին»,- ասում է Բարսեղյանն ու նկատում, որ մեր բոլոր արձանները՝ Վարդան Մամիկոնյանից մինչեւ Առնո Բաբաջանյան, ունեցան իրենց «ածական» անունները։

Հանձնաժողովի նախագահն ընդգծում է՝ վերջնական տարբերակը ներկայացվել է հանձնաժողովի բոլոր անդամներին, իսկ եռագույն դրոշը եղել է թե՛ սկզբնական, թե՛ վերջնական տարբերակում։

Ինչ վերաբերում է գունավոր քարերին, ապա դրանց ներկրման հարցը գրեթե լուծված է, 2 գույնի քարերն արդեն Երեւանում են, մյուսն էլ շուտով կբերվի։ Թե մոտավորապես ինչքան է արժենալու Արամ Մանուկյանի արձանը՝ տեղյակ չէ, միայն կարող է ասել, որ պետբյուջեի գումարներով չի արվում, այլ մասնավոր ներդրողների (նկատենք միայն, որ, ինչպես ժամանակին գրվեց, մրցանակային ֆոնդը մոտ 100 հազար դոլարին համարժեք դրամ է)։

Հուշարձանի հեղինակ, քանդակագործ Դավիթ Մինասյանը շատ նորմալ է ընկալում արձանի շուրջ ընթացող թե՛ բացասական, թե՛ դրական քննարկումները, որոնք կան եւ կլինեն, ավելին՝ պատրաստ է երկխոսության, բայց ոչ ինտերնետային հարթակում։ «Պատրաստ եմ պատասխանել յուրաքանչյուր հարցի, բայց իրար աչքի նայելով։ Շատ նորմալ, ադեկվատ ընկալում եմ, որովհետեւ չկա մի աշխատանք աշխարհի պատմության մեջ, որը միանշանակ բոլորը հավանեն կամ քննադատեն, դրա համար նորմալ եմ վերաբերվում, սա ընթացիկ փուլ է։ Երբ ժամանակը գա, կարող եմ նաեւ արվեստանոց հրավիրել, բայց առայժմ՝ ոչ, որովհետեւ զբաղված եմ»,- ասաց քանդակագործն ու հրաժարվեց ավելին խոսել։

Սոնա Ադամյան

Մեկնաբանություն
X