Դոն Խոսեն չպետք է սպանի Կարմենին, քանի որ դա կնոջ նկատմամբ բռնության քարոզ է

Օրերս Չեխիայում նախագահի պաշտոնում վերընտրվեց Միլոշ Զեմանը, որը հայտնի է իր եվրոսկեպտիկ դիրքորոշմամբ և Ռուսաստանում իշխող ռեժիմի հանդեպ ունեցած իր հատուկ համակրանքով: Իհարկե, Չեխիան նախագահական հանրապետություն չէ, ու Զեմանի կերպարն այնքան էլ որոշիչ չի Չեխիայի կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականության վրա, սակայն այնուամենայնիվ նրանից նույնպես շատ բան է կախված:

Ինչևէ, ինչո՞ւ չեխերը ընտրեցին եվրոսկեպտիկին ու մերժեցին եվրոինտեգրացիոն պրոցեսների ավելի խորացման կողմնակից թեկնածուին: Հիմնական պատճառը, իհարկե, փախստականների խնդիրն է. չեխերը, ինչպես բոլոր արևելաեվրոպական ժողովուրդները, նախանձախնդիր մոտեցում ունեն իրենց ազգային ինքնության հարցերին, ու փախստականների մեծ հոսքն իրենց երկրներից ներս նրանք համարում են մարտահրավեր ուղղված իրենց ինքնությանն ու անվտանգությանը: Սակայն խնդիրը միայն փախստականներով չի սահմանափակվում, այն շատ ավելի խորքային է. բանն այն է, որ արևմտյան աշխարհում ուլտրալիբերալ հոսանքի հզոր տրենդ է ստեղծվել, որը ուղղակի մարտահրավեր է նետել արևմտյան իսկական արժեհամակարգին, ու մարդու իրավունքների և տոլերանտության անվան տակ, ասպարեզ է հանել խիստ դեստրուկտիվ իդեաներ, որոնք մարդկանց մեծ շրջանակների մոտ ուղղակի, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում:

Եվ հենց դա է պատճառը, որ արևելաեվրոպական երկրներն ավելի ու ավելի են սկսում հենվել նացիոնալիստական իդեալների վրա, իսկ արևմտաեվրոպական երկրներում պահպանողականությունն ու նույնիսկ աջ ազգայնականությունը տարեց տարի ավելի ու ավելի պոպուլյար են դառնում: Դա այդպես էլ պիտի լիներ, որովհետև ուլտրալիբերալ հոսանքն արդեն այն աստիճան է մարազմի վերածվել, որ օրինակ շատ օպերային թատրոններում բեմադրվող Բիզեի «Կարմեն» ստեղծագործության ավարտը փոխել են, և արդեն Դոն Խոսեն Կարմենին չի սպանում, որովհետև դա կնոջ նկատմամբ աննախադեպ բռնության քարոզ է համարվում։ Նոր տարբերակի համաձայն, Կարմենն է սպանում Դոն Խոսեին, քանի որ, ըստ ուլտրալիբերալ ծպտյալ ֆաշիստների, տղամարդը երևի թե մարդ չի, այլ անասունի նման մի բան է, ու նրան սպանելը իհարկե կարելի է, հատկապես երբ որ կինն է դա անում: Կամ Բրիտանիայում մի խումբ «ակտիվիստ» կանայք դիմել են համապատասխան մարմիններին, որպեսզի արգելվի «Քնած Գեղեցկուհին» հեքիաթը, քանի որ ըստ նրանց այդ հեքիաթի մեջ բռնաբարության քարոզ է տարվում, որովհետև արքայազնը քնած գեղեցկուհուց առանց թույլատվություն հարցնելու համբուրում է նրան:

Ահա այս անմեղսունակության աստիճանի հասնող ուլտրալիբերալ նոր Եվրոպան է, որ ստիպում է շատ եվրոպացիների սթափվել ու մերժել այդ ամենը, ու հենց դա է պատճառը, որ Զեմանների նման գործիչները գնալով ավելի ու ավելի պոպուլյար են դառնալու եվրոպական քաղաքական արենայում: Միայն մի կարևոր խնդիր կա, Զեմանները պիտի շատ լավ հասկանան, որ պուտինյան Ռուսաստանը թերևս այսօր աշխարհում գոյություն ունեցող ամենավատ բռնատիրություններից մեկն է, ու այն չի կարող իսկական եվրոպական արժեքներ դավանող մարդկանց դաշնակիցը դառնալ մեկ այլ չարիքի դեմ պայքարելու գործում, պետք չի նրան ներքաշել ներեւրոպական ռազբորկաների մեջ, դա խիստ վտանգավոր է:

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X