Մանբիջը կդառնա՞ ԱՄՆ-Թուրքիա բախման թատերաբեմ

Ինչպես հանրահայտ է, Թուրքիան արդեն շուրջ տասն օր Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, Աֆրին քաղաքի ուղղությամբ իրականացնում է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը Սիրիայի քրդերի YPG ջոկատների դեմ: Ինքնաբերաբար, YPG ջոկատներն էլ ռազմական, ավելի ճիշտ`զինված պարտիզանական գործողություններ են իրականացնում Թուրքիայի դեմ: Թուրքերին լսելիս իրենք «Չիթենու ճյուղի» մեկնարկից ի վեր մի քանի հարյուր քուրդ զինյալ են չեզոքացրել: Քրդերին լսելիս, իրենք էլ Թուրքիայի սահմանակից շրջաններին հարյուրներով հաշվվող զոհեր ու վիրավորներ են պատճառել: Ո՞վ է ստում, ո՞վ է ճշմարտությունն ասում` անքննելի է: Հավանաբար ստում եւ հակառակորդի կորուստները ուռճացնում են երկու կողմերն էլ: Հաստատ է միայն այն, որ թուրք-քրդական բախումները ընթանում են եւ տարածվելու ու խորանալու հեռանկար ունեն: Ինչն ավելի ուշագրավ է` այդ բախումները արդյունքի հասնելու եւ ավարտվելու հեռանկար չունեն: Ոչ թուրքերը կարող են քուրդ զինյալներին մի վայրում հավաքել ու չեզոքացնել, ոչ էլ քրդերը`թուրքական բանակ ջախջախել:

Սիրիայի քրդերը սփռված են հարյուրավոր կիլոմետրեր ձգվող թուրք-քրդական սահմանի ողջ սիրիական կողմում: Նրանց եղբայրակից քրդերն էլ սփռված են սահմանի թուրքական կողմում, նաեւ գրեթե ողջ Արեւմտյան Հայաստանում: Երկու կողմում էլ քրդերի պատերազմելու տակտիկան հիմնականում պարտիզանական հարձակումներն ու ահաբեկչություններն են, որոնց դեմ Թուրքիայի պայքարը չի կարող երբեւէ արդյունք կամ ավարտ ունենալ: Թուրքիայի գտած քիչ թե շատ արմատական լուծումը մինչ այժմ եղել եւ մնում է Արեւմտյան Հայաստանի տարածքը անտերունչ վիճակի մատնելը, տնտեսությունը, ենթակառուցվածքները չզարգացնելը: Այդ քաղաքականությունը անհաղթհարելի աղքատության ու թշվառության մեջ է պահում Արեւմտյան Հայաստանում տարածված քրդերին` արգելակելով նրանց արդյունավետ ինքնակազմակերպումը: Մյուս կողմից, սակայն, այդ քաղաքականության արդյունքում առավել վայրագ քրդերը զինվորագրվում են PKK-ին, մյուսներն էլ հոծ խմբերով գաղթում են Արեւմտյան Հայաստանի տարածքից դեպի Կիլիկիա, Կեսարիա, Պոլիս, Իզմիր, այսինքն` ավելի զարգացած թրքաբնակ քաղաքային շրջաններ:

Բայց եթե թուրքերը հնարավորություն չունեն քրդերին հաղթելու, փոխադարձաբար քրդերն էլ որեւէ կարողություն չունեն թուրքերին հաղթելու: Ի վերջո երբ էլ քրդերը ինքկազմակերպվեն այնքան, որ քիչ թե շատ կանոնավոր զինված ուժեր ասպարեզ իջեցնեն, հաջորդ պահին քրդական կանոնավոր բանակը թուրքերը դյուրությամբ կջախջախեն: Այնպես որ, տեսանելի ապագայում թուրքերի եւ քրդերի ճակատագիրը միմյանց ոչնչացնելն է` առանց հանգուցալուծման հեռանկարի, ինչը մեծ հաշվով պատմության արդար վերաբերմունք է երկուսի հանդեպ էլ: Բայց ինչպես վերջին օրերին է երեւում, այսքանը ապագա հնարավոր զարգացումների միայն նախերգանք է, օվերտյուրան:

Ինչ է սպասվում Մանբիջում

Ամենաիրական կինոնկար կսկսվի, եթե թուրքերը համարձակվեն (իսկ Էրդողանը երդվում է, թե կհամարձակվի) «Ձիթենու ճյուղ» գործողությունը տարածել Աֆրինից դեպի Մանբիջ: Այսօր Մանբիջի տեղը քարտեզի վրա երեւի հիմնականում ռազմական գործիչները գիտեն, դա սիրիական ոչ մեծ քաղաք է Հալեպի նահանգում, անտիկ ժամանակներում նշանակալից հռչակով եւ պատմությամբ, աշխարհագրորեն Եփրատից ընդամենը 30 կմ հեռավորությամբ: Այժմ հազարամյակներ հետո երբեմնի արամեական Մանբիջի անունը դարձյալ հնչում է ողջ աշխարհում, որովհետեւ հնարավոր է այստեղ տեղի ունենա անհնարը` բախվեն ամերիկյան եւ թուրքական զինված ուժերը:

Այսօր YPG-ից բացի Մանբիջում կանգնած են ամերիկյան զինվորականներ: Թուրքերը Աֆրինի գործողությունից առաջ իրենց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին, ռուսական ինքնաթիռի խոցումից հետո խզված ռուս-թուրքական հարաբերությունները վերականգնած Հուլուսի Ակարին եւ MIT-ի (Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության) ղեկավար Հաքան Ֆիդանին գործուղեցին Մոսկվա՝ Սիրիայում գտնվող ռուսական զինուժի հետ գործողությունները համակարգելու համար: Նպատակն այն էր, որ Աֆրինի դեմ ռազմական գործության ընթացքում ռուսները Աֆրինից հեռանան, եւ այդպիսով ռուս վիրավորներից կամ զոհերից հնարավոր լինի խուսափել:

Ռուսները, բնականաբար, հեռացան, քանի որ Մերձավոր Արեւելքում Թուրքիայի օրին մի կիսախաղացող էլ իրենք են: Հետո թուրքերը, ոգեւորված ռուսներին Աֆրինից հեռացնելու հաջողությունից, անցան ամերիկացիներին հորդորելուն, որ Մանբիջից հեռանան: Էրդողանի գիտակցությունը որքան էլ անսթափ լինի, նա կամ գոնե իր շրջապատը չեն կարող չգիտակցել, որ եթե Մանբիջում թուրքական փամփուշտից հանկարծ ամերիկացի զինվորական զոհվի, Թուրքիայի համար դրա հետեւանքները ծանր կլինեն: Գուցե Անկարայում անգամ չեն կարող մինչեւ վերջ պատկերացնել եւ հաշվարկել, թե որքան ծանր: Բնականաբար, ամերիկացիները, ի պատասխան Մանբիջից հեռանալու Թուրքիայի կոչերին, հոխորտանքներին ու հորդորներին, շատ անվրդով պատասխանեցին, որ Մանբիջից իրենք չեն հեռանում: Դա հայտարարեց ամերիկյան Կենտրոնական հրամատարության ղեկավարը` գեներալ Ջոզեֆ Վոթելը Ամմանում, ընթացիկ շաբաթվա սկզբին:

Վոթելը ոչ միայն հայտարարել էր, թե ամերիկացիները SDF-ին (քրդական YPG ջոկատների քաղաքական հովանին հանդիսացող կառույցն է) չեն թողնի միայնակ, այլեւ դրվատել էր SDF-ին եւ YPG-ին՝ ասելով, թե աշխարհը պարտք ունի նրանց առջեւ, քանի որ այդ ուժերը ամենից արդյունավետ մարտնչեցին ISIS-ի դեմ եւ աշխարհը մեծապես ազատեցին ISIS-ի սպառնալիքից: «Չի եղել ոչինչ, որ մենք SDF-ին խնդրենք, եւ նրանք չանեն»,- հայտարարել էր գենենալ Վոլթերը՝ ըստ էության թուրքերին բացատրելով, թե ինչու Մանբիջից ամերիկացիները չեն հեռանալու: Իսկ եթե ամերիկացիները Մանբիջից չեն հեռանալու, թուրքերն ինչպե՞ս են առաջանալու: Սա է հետաքրքիրը:

Երեկվա դրությամբ թուրքերը հայտարարություններ էին անում, թե վատ եղանակային պայմանները թույլ չեն տալիս Աֆրինի գործողությունն արագ ավարտին մոտեցնել: Իրականում, երեւի, Մանբիջից հեռու մնալու պարտադրանքն է, որ թույլ չի տալիս: Թվում է` թույլ էլ չի տալու: Եվ այդ դեպքում ինչ է անելու Էրդողանը: Այլեւս չասած, որ Ռուսաստանից C-400 հիթիռներ գնելու դեպքում Էրդողանն էլ, իր կառավարությունն էլ, Թուրքիան էլ հայտնվելու են ԱՄՆ-ի անողոք պատժամիջոցների տակ: Դրանք չգնելու դեպքում էլ Ռուսաստանի հետ հարաբերություններն են բարդանալու, քանի որ մի քանի միլիարդանոց գործարք կչեղարկվի: Էրդողանի վիճակին իրոք չես նախանձի:

Լուսինե Պետրոսյան

Մեկնաբանություն
X