Թումանյանին նվիրված «Զրույց» քանդակն առաջինն է «Թուր կեծակի» հուշահամալիրից

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին ընդառաջ, քանդակագործ, «Լոռեցի» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Արտիկ Քոչարյանը ծրագրել է ստեղծել «Թուր կեծակի» քանդակային հուշահամալիր, որի առաջնային մոնումենտալ քանդակը համարվելու է «Զրույց» կոմպոզիցիոն քանդակը։ Հավելենք, որ այն իր մեջ ներառում է Հովհաննես Թումանյանի եւ Անդրանիկ Զորավարի կերպարները։

Հեղինակն ասում է, որ այդպիսի մտահղացում դեռ 87-ից ուներ, այդ ժամանակ նույնիսկ հաշվարկ արեցին, հավանության արժանացավ նախագիծը, բայց ժամանակները խառնվեցին, ու գաղափարը մնաց չիրականացված, որը կյանքի կոչելու համար 4 տարի առաջ նորից սկսեց մտածել դրա շուրջ։ «Այս կողմի՝ Դսեղի, Դեբեդի, Չկալովի գյուղի բնակիչները շատ են կտրվել ազգային արժեքներից, ու իրենց կենդանի մի երկխոսություն է պետք մեծերի հետ։ Մենք շատ մեծեր ունենք, բայց ժողովրդի մեջ նստած է ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի եւ ամենայն հայոց զորավար Անդրանիկի կերպարը։ Հետո, այս ամենից բացի, իրենք իրար հետ շփվել են, ու նաեւ դրանով է պայմանավորված նրանց երկուսի ընտրությունը։ Ինձ համար դժվար է իմ քանդակի մասին խոսել, ինձ մոտ դա ամբողջությամբ զգացողություն է, նրանք նստած են պատկերված, իսկ Թումանյանի ձեռքին ծաղկող գրիչի խորհուրդը կա, նաեւ՝ երկուսի մտորումը»,- ասում է քանդակագործ ազատամարտիկն ու նկատում, որ քանդակն ու ազատամարտն իր համար միասնական զգացողություն են, ու չի կարող քանդակ անել, եթե երկիրը խաղաղ չէ։

«Թուր կեծակի» քանդակային հուշահամալիրի մեջ մտնում են «Հայկ նահապետ», «Մշո ճառընտիր», «Մհերի դուռ», «Արձագանք», «Թուր կեծակի» հուշաքանդակները։ Դրանց մեջ առաջնայինը Թումանյանին նվիրված «Զրույց» քանդակի տեղադրումն է, որը նախատեսված է իրականացնել Դսեղի ճանապարհի բլուրներից մեկի վրա։ «Այդ տարածքն ամենահարմարն է ե՛ւ արարողություններ, ե՛ւ տարբեր միջոցառումներ իրականացնելու համար»,- ասում է քանդակագործն ու ընդգծում, որ Հայկ Նահապետի քանդակն էլ ուզում են տեղադրել 3 համայնքների (Դեբեդ, Դսեղ, Չկալով) մուտքի մոտ։

Ինչպես քանդակագործն է ընդգծում՝ այս նախագծի հետ կապված ոչ միայն ինքն է ոգեւորված, այլեւ տեղի բնակչությունը, 3 համայնքների ղեկավարները, ովքեր պատրաստակամություն են հայտնել հողատարածք տրամադրելու հարցում։ Գրեթե բոլոր քանդակների աշխատանքային մոդելները կան, իսկ «Զրույց» քանդակի իրական չափի 2/3-ն արդեն արված է։ Տարածքին համապատասխան լինելու համար քանդակի չափերն էլ բավականին մեծ են՝ մոտ 5 մետր։

Քանդակագործը դիմել է մշակույթի նախարարություն, եւ չնայած պատասխանել են, որ բյուջեն սպառված է, բայց խոստացել են աջակցել։ Ասում է՝ ինչքան հնարավոր է, թող այդքան օգնեն, ժողովուրդն էլ, ինքն էլ իրենց ներդրումը կունենան։ «Ես ուրիշ տեղ քար եմ տաշել, բերել գումարները դրել եմ այդ գործին, քար տաշելով գումար աշխատելը շատ դժվար է, բայց խնդիրն արդեն այնքան է հասունացել, որ միայնակ արդեն չեմ կարող այդ ամբողջ գործն անել։ Մոտավոր իմ հաշվարկներով 100 տոննա բազալտ է պետք, բայց եթե անգամ այդ բազալտով ինձ ապահովեն, ես չեմ կարող մենակ նստել ու աշխատել, ինձ պետք է լինելու 2 քանդակագործ, ովքեր ինձ կօգնեն՝ այդ աշխատանքն ավարտին հասցնել»,- ասում է Արտիկ Քոչարյանն ու հավելում, որ դիմել է նաեւ «Ելք» խմբակցությանը, նամակի տակ ստորագրել են նաեւ Դսեղ, Դեբեդ, Չկալով համայնքների ղեկավարները։

Թե մոտավորապես ինչքան գումար է անհրաժեշտ հուշաքանդակի տեղադրման համար, ապա նվազագույն ծախսերով պահանջվում է 8-9 մլն դրամ։ «Ես արդեն մոտ 2 մլն ծախսել եմ, բայց հոնորար չեմ ուզում, իսկ որ այն ռեալ կյանքի կոչվի, գոնե այդքան գումար պետք է տրամադրվի»,- ասում է ու նկատում, որ սա իր համար կյանքի նպատակ է, եւ ամեն կերպ փորձելու է այն ի կատար ածել։ Քանդակագործը ցանկանում է, որ գոնե «Զրույց» հուշաքանդակը Թումանյանի 150-ամյակի առթիվ տեղադրվի հաջորդ տարի՝ մինչեւ սեպտեմբեր։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X