Այստեղ պիտի գող ու ավազակ լինես, որ քեզ հարգեն ու հետդ հաշվի նստեն

Հայերի հասկացողությամբ՝ ճարպիկ մարդը հասարակական կարգը խանգարող, օրենքը շրջանցող մարդն է, իսկ պետականություն ունեցող ազգերի մոտ ճարպիկ մարդը նա է, ով կարողանում է օրենքների սահմաններում հաջողակ լինել ու նաեւ օրենքները խախտողներին լավագույնս պատժել: Անկարգությունը մեր ժողովրդի մեջ ամենուրեք է՝ սկսած մեքենա վարելուց, մարդկանց հետ շփվելուց, բիզնես անելուց եւ այլն (ես, օրինակ, նկատել եմ, որ մեզանում հաջողակ մարդիկ պարտադիր կերպով ոչ կարգապահ են լինում՝ ի տարբերություն նորմալ հասարակությունների, որտեղ ուղիղ հակառակ վիճակն է): Մեզանում յուրաքանչյուրը ձգտում է ներխուժել մյուսների տարածք (ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ մենթալ առումով): Նույնիսկ երեխաներին դաստիարակելու մեր առանձնահատկությունները դա են հավաստում․ մարդիկ երեխաներին «չի կարելի» չեն ասում` չհասկանալով, որ հենց այդ «չի կարելի»-ներն են, որ պիտի երեխաների մեջ ձեւավորեն այն օրիենտիրները, ըստ որոնց՝ նրանք պիտի կարողանան հասկանալ, թե որն է բարին, եւ որն է չարը, որն է ճիշտը, եւ որը՝ սխալը ու այդպես շարունակ:

Այսինքն՝ դրա շնորհիվ է, որ, մեծանալով՝ երեխաները կկարողանան կայանալ որպես սոցիումի լիիրավ անդամ, որտեղ յուրաքանչյուր ոք ունի իրավունքներ եւ պարտավորություններ, որոնցից ամենագլխավորն ուրիշների իրավունքները հարգելու պարտավորությունն է: Երբ մեծահասակները երեխաներին չեն սովորեցնում, թե ինչն է լավ եւ ինչն է վատ, որն է արդար ու որը՝ անարդար, այսինքն՝ երբ հազարամյակներով մարդկային քաղաքակրթության կողմից մշակված ու հղկված արժեհամակարգը չեն ներարկում նրանց գիտակցության մեջ, ապա նրանք, կորցնելով արժեհամակարգային այդ օրիենտիրները, սեւեռվում են միայն սեփական էգոյի վրա, որի արդյունքում, մեծանալով՝ դառնում են խիստ եսակենտրոն ու քմահաճ մարդիկ, քանի որ նրանց համար ճշմարիտի ու արդարի գաղափարները կսկսեն ասոցացվել բացառապես միայն սեփական անձի պահանջներն ամեն գնով բավարարելու հետ:

Հիմա, ցավոք սրտի, նույնիսկ արեւմտյան աշխարհում պսեւդոմանկավարժություն ու կեղծ մանկական հոգեբանություն են մոգոնել եւ ըստ այդմ՝ երեխաների դաստիարակության վերը նշված հակասոցիալական մոտեցումն են պրոպագանդում՝ այն ներկայացնելով իբրեւ որպես գիտական մոտեցում, սակայն իրականում դրա նպատակը հակասոցիալական մարդկանց բազմացումն է, քանի որ ինչքան շատ լինեն այդպիսիք, այնքան սոցիումն ավելի խոցելի կդառնա, իսկ դա նեոիմպերիալիստական նկրտումներ ունեցող համաշխարհային օլիգարխիկ կլանների համար ձեռնտու վիճակ է (եթե անցյալում բրիտանական գաղութարարներն այդպիսի մանկավարժությունը պրոպագանդում էին իրենց գաղութներում, ապա այսօր արդեն բուն Բրիտանիայում է դա քարոզվում ու ամբողջ զարգացած աշխարհում՝ նույնպես):

Ու մենք՝ հայերս, այդ իմաստով «առաջամարտիկներ» ենք, քանի որ տոկոսային հարաբերությամբ մենք ենք, թերեւս, ամենից շատ հակասոցիալական մարդիկ բազմացնում: Հակասոցիալական մարդն ուրիշների իրավունքները չի հարգում ու չի ընդունում (չէ՞ որ փոքր ժամանակ նրան ծնողները սովորեցրել են, որ իրեն ամեն ինչ կարելի է)․ դա հանցագործի ու պարազիտի հոգեբանություն է: Հայությունը փաստացի ամենայն դաժանությամբ գործում է ինքն իր դեմ: Ինքնաոչնչացման մեխանիզմը պոզով ու պոչով չի լինում, դա հենց այն է, ինչն այսօր հատուկ է մեր ժողովրդին: Մեր արժեհամակարգը գործում է մեր գոյության դեմ, մեր հերոսները մեր դահիճներն են (պատահական չէ, որ մեր քաղաքներում սովետական ու ռուսական կայսրությանը ծառայություն մատուցած հայազգի վիժվածքների արձաններն են կանգնած): Մեզանում կարեւորն իշխանություն ունենալն ու նյութական հարստություն դիզելն է, իսկ թե ինչ ճանապարհներով են դրան հասնում, քանի մարդու ճակատագրերի կործանման գնով է դա արվում, ինչքան անմեղ մարդու արյուն է թափվում դրա համար` մեր հասարակության համար էական չէ․ դա, իրենց կարծիքով, նորմալ է ու, հետեւաբար՝ թույլատրելի:

Մեզանում ամոթ է նորմալ մարդ լինելը, որովհետեւ նորմալ մարդ լինելով՝ չես կարողանա գոյատեւել այստեղ, պիտի գող ու ավազակ լինես կամ գոնե ստորաքարշ ու ծախու, որպեսզի կարողանաս տեղդ ապահովել այս գժանոցում, որպեսզի քեզ հարգեն ու հետդ հաշվի նստեն: Սա մասսայական պսիխոզի դրսեւորումներից է` հասարակության դեգրադացման ու հետագայում նաեւ ինքնաոչնչացման պարտադիր պայմանը: Որպես վերջաբան ասեմ, որ հանկարծ չմտածեք, թե ես երեխաների դաստիարակման Տեր-Թոդիկի մեթոդների կողմնակից եմ։ Բնականաբար՝ ոչ: Երեխաներին ծեծել, խաբել, սպառնալ ու վախեցնել չի կարելի, դա հանցագործություն է: Բայց երեխաներին բացատրել է հարկավոր, ամեն ինչ բացատրել ու հասկացնել՝ ամենափոքր տարիքից սկսած: Պետք է խոսել նրանց հետ որպես հավասարը հավասարի հետ, ինչպես խելացի ու բանիմաց արարածի հետ, այդ դեպքում նրանք մեծանալով՝ հենց այդպիսին էլ կդառնան` խելացի, ուժեղ, արդարամիտ ու կազմակերպված, որոնք միշտ պատրաստ կլինեն պատասխան տալ իրենց յուրաքանչյուր արարքի համար։

Թորոս ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X