Ընդդեմ մամուլի

Մամուլն արժեզրկելու, լրագրողներին վարկաբեկելու, ազատ խոսքի սահմանները նեղացնելու փորձերը մեզանում նոր չեն։ Այն պահին, երբ երկրի նախագահը դիտողություն է անում լրագրողներին, թե երկրում գաղջ մթնոլորտի մեղավորը դուք եք։ Երբ տարբեր գերատեսչություններ իրենց միջոցառումներին հրավիրում են միայն յուրային լրատվամիջոցներին կամ չեն էլ հրավիրում, միջոցառումից հետո մի միասնական տեսաերիզ կամ տեքստ են ուղարկում նրանց՝ պարտադրելով բոլորին «թութակի» նման նույն տեղեկատվությունը փոխանցել իրենց ընթերցողին-ունկնդրին։

Երբ արտգործնախարարության խոսնակն իրեն թույլ է տալիս լրագրողին ասել՝ կօգնեմ հարցազրույցդ անես, եթե նյութը «Հրապարակում» չես տպելու։ Երբ մեր ուղարկած հարցմանն ի պատասխան՝ մամուլից ինչ-որ հոդվածի քսերոքս են ուղարկում, թե՝ այս լրատվամիջոցին արդեն պատասխանել ենք՝ օգտվեք սրանից։ Եվ վերջապես՝ երբ կառավարությունը որոշում է իր նիստերն այլեւս փակ անցկացնել, չնայած շատ ավելի վաղ էին դրանք «փակվել»՝ նիստերից առաջ նախարարների գաղտնի նիստում կազմակերպելով իրական քննարկումները։

Պարզ է դառնում, որ մամուլի համար եկել են դժվարին ժամանակներ։ Երբ տեղեկատվության հայթայթումը-ճշտումը բարդագույն խնդիր է դարձել, իսկ մեր յուրաքանչյուր սխալն ու վրիպումը՝ դատարանում հայտնվելու ռեալություն։ Երբ ամեն մի չինովնիկ ու քաղաքական գործիչ իր պարտքն է համարում մամուլի ու լրագրողների աշխատանքը խոչընդոտել, իսկ օգնողներին կարելի է մատների վրա հաշվել։ Երբ այդ նույն՝ մամուլի թշնամիների թեթեւ ձեռքով դաշտում այնքան կեղծ լրատվամիջոցներ են հայտնվել, որ այդ բազմազանության մեջ իրականների աշխատանքն էլ է «ոտքի տակ գնում» ու արժեզրկվում։ Մի խոսքով՝ լրագրող աշխատելը նմանվել է կամավոր ինքնախոշտանգման պրոցեսի։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X