Օրենքներն ամրագրում են իշխանության գերկենտրոնացումը․ տնտեսագետ

Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելուն, նշեց․ «Հայաստանում անձերն այսօր որոշիչ չեն, որովհետեւ կա համակարգային խնդիր։ Քանի որ չի լուծվում համակարգային խնդիրը, որը վերաբերում է քաղաքական եւ տնտեսական մենաշնորհներին, եւ որը նույնիսկ քննարկման առարկա չի դառնում, քաղաքական օրակարգում չկա այդ հարցադրումը։ Ընդհակառակը՝ քաղաքական օրակարգում, օգտագործելով 2015թ․ ընդունված Սահմանադրության դրույթները, տեղի է ունենում իշխանության գերմոնոպոլացում վարչապետի շուրջ։ Այդ օրենսդրական նախաձեռնությունները, որոնք հրապարակվել են, բայց դեռ չեն ընդունվել, վկայում են այն մասին, որ ՀՀ-ն կունենան գերկենտրոնացված լիազորություններ ունեցող վարչապետ։ Խոսքը վերաբերում է եւ՛ անվտանգության խորհրդին, եւ՛ կառավարությանը, եւ՛ առանձին մարմինների՝ վարչապետի ենթակայությանը։

Առաջիկայում կլինեն եւս մի քանի օրենսդրական նախաձեռնություններ։ Իսկ այդ ամենը վկայում է իշխանության գերկենտրոնացվածությունը, տնտեսության մեջ եւս շարունակվում է գերկենտրոնացվածությունը։ Մենք ականատես ենք նոր հզոր մոնոպոլ կառույցի ձեւավորմանը՝ հանձին «Տաշիր» խմբի։ Այսինքն՝ Հայաստանի ռազմավարության մեջ չկա որեւէ փոփոխություն, ՀՀ-ում կա գերիշխող մի ուժ՝ ի դեմս Հանրապետական կուսակցության։ Իսկ այս դեպքում, կրկնում եմ, անձերը դեր չեն կարող խաղալ»,- արձագանքեց Վահագն Խաչատրյանը։

Մեկնաբանություն
X